
Էրբիլ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կստեղծվի
Իրաքի Էրբիլ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կստեղծվի։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի որոշման նախագիծը։
Հյուպատոսական շրջանում ընդգրկվելու է Քուրդիստանի տարածաշրջանը՝ Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ քաղաքները։
Քուրդիստանի ընտրությունը պատահական չէ, ԱԳՆ-ն այն ընտրել է՝ հաշվի առնելով անվտանգությունն ու «նպաստավոր այլ գործոնները»։
Կառավարություն ներկայացված փաստաթղթերում ընդգծվում է, որ վերջին 5-6 տարիներին Հայաստանի և Իրաքի միջև հարաբերություններում էական առաջընթաց է արձանագրվել, մասնավորապես՝ Երևանում վերաբացվել է Իրաքի Հանրապետության դեսպանությունը, գումարվել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստեր, գործարար համաժողովներ, բացի այդ, տարեցտարի ավելանում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, զբոսաշրջային ժամանակահատվածում գործում են ուղիղ ավիաչվերթներ Բաղդադ-Էրբիլ-Երևան ուղղություններով:
«Հաշվի առնելով արդյունավետ երկկողմ համագործակցություն զարգացնելու անհրաժեշտությունը, Քուրդիստանում առավել ստվարանալու միտում ունեցող Իրաքի հայ համայնքի, ինչպես նաև առևտրատնտեսական գործունեություն ծավալող Հայաստանի գործարար շրջանակների առկայությունը, ապրանքաշրջանառության կայուն աճը, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև հայտագրերի փոխանակման միջոցով ձեռք բերված համաձայնությունը՝ նպատակահարմար է Էրբիլում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսության»,- ասվում է հյուպատոսարան ստեղծելու հիմնավորման մեջ։
լուսանկարում՝ Ամադիա քաղաքը / thekurdishproject.org
Մեկնաբանել