
Արթուր Սարգսյանի դիահերձումն սկսվել է՝ առանց միջազգային փորձագետների ներկայության
Թեպետ այսօր Արթուր Սարգսյանի դիահերձումը հետաձգելու մասին միջնորդություն էր ներկայացվել փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի կողմից, այդուհանդերձ այս պահին դիահերձումը սկսված է:
Միջնորդության մերժման մասին որևէ գրավոր որոշում փաստաբանները չեն ստացել: Այս մասին մեզ տեղեկացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Նա նաև տեղեկացրեց, որ թույլ չեն տվել դիահերձման պրոցեսի տեսա և լուսանկարահանումը:
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության (ՀԿԳՔ) գլխավոր վարչության պետի տեղակալ Տոնոյանը բանավոր նշել է, որ լուսանկարահանում կկատարի քննչական կոմիտեի ներկայացուցիչը, սակայն, ինչպես Տիգրան Եգորյանը տեղեկացրեց, կոմիտեի տեխնիկան սիրողական է և չի կարող ապահովել համապատասխան բարձր որակ:
Մենք խոսեցինք նաև տուժողի իրավահաջորդ ճանաչված Արսեն Սարգսյանի՝ Արթուրի եղբոր հետ, ով նշեց, որ գրավոր իր բողոքն է հայտնել դիահերձմանը միջազգային փորձագետներ չհրավիրելու, նրանց մասնակցությունը ապահովելու կապակցությամբ դիահերձումը չհետաձգելու վերաբերյալ: Արսենը չի մասնակցել դիահերձմանը, որին այս պահին ներկա է նրա ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն բավարարել էր Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությանը միջազգային անկախ փորձագետներ հրավիրելու` Արսեն Սարգսյանի և նրա ներկայացուցիչների միջնորդությունը:
Ավելին, Քննչական կոմիտեի՝ երեկ տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշված է. «Ներկայումս քննարկվում է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների վկայակոչած միջազգային փորձագետներին՝ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելու հարցը»։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել