HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր են պատասխանատու Արթուր Սարգսյանի մահվան համար. փաստեր, անուններ, դեպքեր

Արթուր Սարգսյանի  իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:  Հաղորդման պահանջն է` Արթուր Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննություն իրականացնել առաջին հերթին Էդիկ Հակոբյանի, դատարաններում Արթուր Սարգսյանի կալանավորման միջնորդությունները ներկայացրած և պաշտպանած քննչական խմբի անդամ քննիչների, դատախազական հսկողություն իրականացնող դատախազ՝ Պ. Պետրոսյանի, կալանքի միջնորդությունները և դրանք բավարարելու մասին որոշումների դեմ ներկայացված բողոքները քննած նախագահող դատավորների, «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդնոց» ՔԿՀ-ների վարչակազմի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորությունները անցնելու, պաշտոնեական անփութության, Արթուր Սարգսյանին խոշտանգելու, վերջինիս ապօրինի ձերբակալելու և ապօրինի կալանավորման փաստերի առթիվ:

 Փաստաբաններ Եգորյանն ու Գյուրջյանը հանցագործության մասին հաղորդման մեջ նշել են նաև Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդություններն ու բողոքները քննած (վճռաբեկ դատարանի դեպքում՝ վարույթ ընդունելը մերժած) դատավորների անունները. ըստ այդմ`այդ դատավորներն են`առաջին ատյանում՝ Դավիթ Գրիգորյանը և Արթուր Մկրտչյանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ Ռուբիկ Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը և Մանուշակ Պետրոսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանում՝ Ս.Ավետիսյանը, Ս.Օհանյանը, Հ.Ասատրյանը, Ե.Դանիելյանը, Լ.Թադևոսյանը, Ա.Պողոսյանը:

 Հիշեցնենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, հանցագործության մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

 Հանցագործության մասին հաղորդման մեջ տուժողի իրավահաջորդ Արսեն Սարգսյանի ներկայացուցիչները ժամանակագրական կարգով ներկայացրել են Արթուր Սարգսյանի կալանավորման ու դրան հաջորդող բոլոր փաստերը` հիմնավորելով, որ պետական պաշտոնյաները չարաշահել են իրենց լիազորությունները, ինչը, ըստ նրա պաշտպանների հանգեցրել է Արթուր Սարգսյանը ապօրինի ձերբակալման, ապօրինի կալանավորման, ապօրինի գաղտնալսման , անտեսվել է նրա առողջական վիճակը:

 Քանի որ Արթուր Սարգսյանի գործն ունի հանրային մեծ հնչեղություն, ուստի ստորև ներկայացնում ենք հացագործության մասին հաղորդումն ամբողջությամբ.

Փաստերի շարադրանք.

1.1.   02.08.2016թ. թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով այն բանի համար, որ նա կազմակերպված խմբի կազմում ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն և ռազմամթերք և 27.07.2016թ.-31.07.2016թ. կազմակերպված խմբի կազմում պատանդ է վերցրել և պահել «Շտապօգնություն» ՓԲԸ-ի երեք աշխատակիցների:

1.2.   02.08.2016թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության (այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին) կողմից Դատարան է ներկայացվել միջնորդություն Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին:

1.3. 03.08.2016թ. (առաջին ատյանի դատարանում) և 26.08.2016թ. (վերաքննիչ դատարանում) դատական նիստերի ընթացքում, Նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչների ներկայությամբ պաշտպանական կողմը ներկայացրել է ապացույցներ, որոնցով հաստատում էր Ա. Սարգսյանի մոտ եղած առողջական խնդիրների առկայությունը, հատկապես՝ Բեխտերևի հիվանդությունը: 

1.4. 04.08.2016թ. Նախաքննության մարմինը փոխել է Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքը, այն վերաորակելով որպես կազմակերպված խմբի կողմից զենք պահելուն և կրելուն, ինչպես նաև պատանդներ պահելուն օժանդակություն (ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և 38-235-րդ հոդվածի 3-րդ մաս): Մեղադրանքի փոփոխման արդյունքում սակայն կիրառված խափանման միջոցը չի վերացվել:

1.5. 11-12.12.2016թ. գիշերը Ա. Սարգսյանի առողջական վիճակի կտրուկ վատացումը բերել էր նրան, որ վերջինս տեղափոխվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս դեպքից հետո միայն 14 օր անց՝ 26.12.2016թ., Նախաքննության մարմինն ի դեմս Էդիկ Հակոբյանի կայացնում է որոշում Արթուր Սարգսյանին դատաբաժշկական փորձաքննության ենթարկելու մասին՝ նրա առողջական վիճակը, հատկապես՝ ունեցած հիվանդություններն ու դրանց բնույթը պարզելու կապակցությամբ հարցադրումներ ուղղելով փորձագետներին:

1.6.  03.08.2016թ. կալանավորման պահից Ա.Սարգսյանը ուներ անընդհատյա ցավեր և գրեթե ամեն օր ստանում էր ցավազրկող միջոցներ միջմկանային ներարկումների միջոցով:

1.7. 2016թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում Ա.Սարգսյանի մոտ ցավերը մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում որովայնի, գոտկատեղի և պարանոցի, սաստկացել են և նա մի քանի անգամ բժիշկ է հրավիրել, սակայն նրան օգնություն չի ցուցաբերվել: Բժիշկ է կանչվել Նուբարաշեն ՔԿՀ տարբեր հերթափոխերի պետերի, ինչպես նաև հարկի հերթապահի միջոցով (հիմք՝ Ա. Սարգսյանի հայտարարություն): Արթուր Սարգսյանը դիմել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Նազարյանին, ով հրավիրել է ինչ-որ բժշկի (ոչ Նուբարաշեն ՔԿՀ աշխատակցի), որը հայտնել է, որ անհրաժեշտ է դիմում որպեսզի իրականացվի համապատասխան բժշկական օգնություն:

1.8. 2016թ.-ի դեկտեմբերի 10-ին Դիմողի մոտ ուժեղացել են գլխապտույտներ, սրտխառնոցներ և սկսվել են փսխումներ:

1.9. Դեկտեմբերի 11-ին Դիմողի մոտ արդեն սկսվել են արյունային փսխումներ և նորից բժիշկ հրավիրվելու պահանջ է ներկայացվել խցակիցների կողմից Նուբարաշեն ՔԿՀ վարչակազմին: Այցելել է Նուբարաշեն ՔԿՀ-ի բժիշկը և ցավազրկող է առաջարկել, չափել է արյան ճնշումը, որը 110/160 էր (ըստ Դիմողի իր համար դա բարձր ճնշում է), սակայն Դիմողին չի տրամադրվել արյան ճնշումն իջեցնելու միջոց, իսկ Դիմողի շտապ օգնություն հրավիրելու պահանջը մերժվել է:

1.10. Դրանից 15-20 րոպե հետո Դիմողի մոտ ավելի մեծ արյան քանակությամբ փսխումներ են սկսվել: Նորից հրավիրվել է բժիշկ, կրկին այցելել է Նուբարաշեն ՔԿՀ-ի  բժիշկը կրկին շտապ օգնություն հրավիրելու պահանջը մերժվել է: Դրանից մոտ երկու-երեք ժամ անց, Դիմողի վիճակի շարունակական վատթարացման արդյունքում  կանչվել է շտապ օգնություն և Դիմողը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

1.11.  «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվել են հետազոտություններ և ախտորոշվել է՝ սրված գաստրիտ, նախախոցային վիճակ, կերակրափողի էրոզիա և ճաք, որից տեղի էր ունենում արյան արտահոսքը: Նշանակվել էր դեղորայքային բուժում դեղահաբերի և ներերակային կաթիլային ներարկումների միջոցով (Հավելված 29, էջ 316): Այնուհետև արդեն դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը  Դիմողը կրկին հետ է վերադարձվել Նուբարաշեն ՔԿՀ:

1.12. 12.12.2016թ.-ից մինչ 21.12.2016թ.-ը Դիմողին որևէ բուժում չի տրամադրվել: 21.12.2016թ. Դիմողը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ ուր սկսած 23.12.2016թ. սկսել են տրամադրել «Էրեբունի» բժշկական կենտրոնում 12.12.2016թ. ախտորոշման կապակցությամբ նշանակված բուժումը:

1.13. 1.6-1.12 կետերում նշված փաստական հանգամանքների հիմքը Արթուր Սարգսյանի կյանքի օրոք նրա և/կամ նրա պաշտպանների կողմից գրառված հայտարարություններն են:

1.14. 17.12.2016թ. Ա.Սարգսյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (հետայցու՝ ՄԻԵԴ) 39-րդ կանոնի շրջանակներում,

1.15.  21.12.2016թ. ՄԻԵԴ-ը ծանուցել է ՀՀ Կառավարությանը և ներկայացրել հարցադրումներ, որոնց պատասխանելու համար սահմանվել է վերջնաժամկետ՝ 04.01.2017թ.

1.16. 26.12.2016թ. վարույթ իրականացնող մարմինը Ա.Սարգսյանի նկատմամբ նշանակել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն:

1.17. 27.12.2016թ. իրականացվել են Ա.Սարգսյանի տարաբնույթ հետազոտություննր:

1.18.  30.12.2016թ. հրավիրված բժշկական կոնսիլիումը տվել է եզրակացություն այն մասին, որ Արթուր Սարգսյանը տառապում է Բեխտերևի հիվանդության այնպիսի դրսևորմամբ, որը անհամատեղելի է դարձնում նրան պատժի կրման/ազատազրկման հետ:

1.19. 30.12.2016թ. ՀՀ գլխավոր դատախազությունը, հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությունը և այն հանգամանքը, որ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունները նվազեցնում են քննությանը խոչընդոտելու և քննությունից խուսափելու վտանգները, որոշում է կայացրել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին:

1.20. 23.01.2017թ. տրամադրված թիվ 273/հձ փորձագիտական եզրակացության համաձայն ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի և Արթուր Սարգսյանի՝ փորձաքննության ընթացքում կատարված հետազոտության արդյունքների վերջինս տառապում է անկիլացնող սպոնդիլոարտրիտով (Բեխտերևի հիվանդություն), խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով և հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով, որը հանդիսանում է ծանր հիվանդություն և այն համապատասխանում է ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 37-րդ  կետի 2-րդ ենթակետով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին:

1.21. 31.01.2017թ. ստանալով թիվ 273/հձ եզրակացությունը՝ նախաքննության մարմինը կամայականորեն կասկածի տակ է դրել այն և քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված լիազորություններից և իրավասությունից չբխող, ապօրինի որոշում է կայացրել կրկնակի հանձնաժողովային փորձաքնություն նշանակելու մասին՝ առանց հիմքերի կասկածի տակ դնելով թիվ 273/հձ փորձագիտական եզրակացությունը

1.22. 03.02.2017թ., նախաքննության  մարմինը ծանուցել է Արթուր Սարգսյանի եղբայր՝ Արսեն Սարգսյանին նույն օրը, ժամը 19:30-ին Արթուր Սարգսյանի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն հարցաքննության նպատակով ներկայանալու անհրաժեշտության մասին: Արսեն Սարգսյանը հեռախոսակապի միջոցով ստացված ծանուցագրի մասին հայտնել է Տիգրան Եգորյանին:

1.23. 03.02.2017թ., ժամը 12:47-ին Արթուր Սարգսյանի պաշտպան՝ Տիգրան Եգորյանը, հեռախոսազրույց է ունեցել քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանի հետ և հայտնել, որ այդ օրը մինչև ժամը 19:00-ն հնարավորություն չունի ապահովել իր ներկայությունը: Էդիկ Հակոբյանը տեղափոխել է քննչական գործողությունը նույն օրը, ժամը 19:30-ին, ինչին ի պատասխան Տիգրան Եգորյանը հայտնել է, որ կհամաձայնեցնի Արթուր Սարգսյանի հետ և եթե քննչական գործողությանը մասնակցերլը հնարավոր լինի լրացուցիչ  կտեղեկացնի: Առանց ներկայանալու հնարավորության ճշգրտման սպասելու՝ Էդիկ Հակոբյանը ժամը 19:30-ին հարցաքննությանը ներկայանալու ծանուցագիր է ուղարկել Արթուր Սարգսյանի բնակության վայր՝ Արարատի մարզ, գյուղ Բանավան, Մաշտոցի 24 տուն: 03.02.2017թ., Արթուր Սարգսյանի բնակության վայր՝ վերոնշյալ հասցե են այցելել ՀՀ ոստիկանության աշխատակիցները և Արթուր Սարգսյանի եղբայր՝ Արսեն Սարգսյանին, հանձնել ծանուցագիրը՝ Արթուր Սարգսյանին նույն օրը, ժամը 19:30-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն հարցաքննության նպատակով հրավիրելու մասին: Արսեն Սարգսյանը ստորագրությամբ հավաստել է ծանուցագրի ստացումը և պարտավորվել դրա մասին տեղեկացնել Արթուր Սարգսյանին:

1.24. 03.02.2017թ., ժամը 16:24-ին Էդիկ Հակոբյանը էլեկտրոնային փոստի միջոցով Արթուր Սարգսյանի հետ նույն օրը, ժամը 19:30-ին կատարվելիք անորոշ քննչական գործողույթյուններ կատարելու մասին ծանուցել է նաև Սարգսյանի պաշտպաններ Տիգրան Եգորյանին և Դավիթ Գյուրջյանին: Վերջիններից Դավիթ Գյուրջյանը, ստուգելով իր էլեկտրոնային փոստը և տեսնելով հաղորդագրությունը ժամը 18:30-ի սահմաններում, անմիջապես կապ է հաստատել իր պաշտպանյալի հետ և կազմել ու էլեկտրոնային նամակին ի պատասխան Էդիկ Հակոբյանին է ուղարկել միջնորդություն քննչական գործողություններին չմասնակցելու պատճառը հարգելի համարելու դրանց կատարումը  հետաձգելու խնդրանքի մասին, որը պայմանավորված էր նույն օրը մեկ ժամ առաջ քննչական գործողությանը մասնակցելու մասին  տեղեկանալու արդյունքում փաստաբանների ներկայությունն ապահովելու անհնարինությամբ ու պաշտպանյալի՝ առանց իր պաշպանների որևէ գործողությանը մասնակցելու ցանկության բացակայությամբ:

1.25. 03.02.2017թ. Արթուր Սարգսյանի մյուս եղբայր՝ Արտակ Սարգսյանին հանձնվել են երկու այլ ծանուցագրեր՝ 04.02.2017թ., ժամը 11:30 կայանալիք Արթուր Սարգսյանի հարցաննության մասին, ինչպես նաև նույն օրը և նույն ժամին նախատեսվող՝ դատավարական փաստաթղթերին ծանոթանալու գործողության և 06.02.2017թ. ժամը 11:00-ին նախատեսված կրկնակի դատաբժշկական փորձաքննությանը մասնակցելու մասին: Արտակ Սարգսյանը ստացված ծանուցագրի մասին Արթուր Սարգսյանին չի հայտնել ընդհուպ մինչև 04.02.2017թ., ուշ երեկոն:

1.26. 03.02.2017թ. ժամը 21:30-ի սահմաններում Տ.Եգորյանը զանգահարում է Էդիկ Հակոբյանին և հետաքրքրվում թե արդյոք կարող է ներկայանալ քննչական գործողության կատարմանը, սակայն Է.Հակոբյանը հայտնում է, որ արդեն հեռացել է աշխատավայրից և առաջարկում է Ա.Սարգսյանի հետ ներկայանալ 04.02.2017թ.: Ինչին ի պատասխան Տ.Եգորյանը հայտնում է, որ ինքն ու Դավիթ Գյուրջյանը ամսի 4-ին և 5-ին բացակայելու են Երևան քաղաքից: Արդյունքում Է.Հակոբյանի և Տ.Եգորյանի միջև համաձայնություն է ձեռք բերվում նախատեսվող քննչական գործողությունները կազմակերպել 06.02.2017թ. ժամը՝ 09:30: Այնուհետև, Տ.Եգորյանը, չկարողանալով կապ հաստատել Ա.Սարգսյանի հետ հեռախոսային հաղորդագրություն է ուղարկում վերջինիս, որ Է.Հակոբյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 06.02.2017թ. ժամը՝ 09:30-ի համար: Նաև 04.02.2017թ. չկարողանալով կապ հաստատել Ա.Սարգսյանի հետ, Տ.Եգորյանը վերջինիս կրկին հեռախոսային հաղորդագրություն է ուղարկում 06.02.2017թ. ժամը՝ 09:30-ին քննչական գործողության մասնակցելու վերաբերյալ:

1.27. Ըստ ձեռք բերված պայմանավորվածության, 06.02.2017թ., կրկնակի փորձաքննության ենթադրյալ օրը, ժամը 09:30-ին, Արթուր Սարգսյանը այցելել է պաշտպան Դավիթ Գյուրջյանի հետ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, սակայն հրաժարվել ենթարկվել դատաբժշկական փորձաքննության, հատկապես՝ դրա մաս կազմող ռենգենոգրաֆիայի, համակարգչային տոմոգրաֆիայի և մագնիս-ռեզոնանսային հետազոտությունների՝ հատկապես իր ունեցած առողջական խնդիրների և նույն հետազոտությունները ընդամենը մեկ ամիս առաջ կատարված լինելու պայմաններում: Վերոնշյալ պատճառները Դավիթ Գյուրջյանը արձանագրել է փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը ծանոթանալու մասին արձանագրության մեջ:

1.28. 06.02.2017թ. Է. Հակոբյանը նաև հարցաքննել է Արթուր Սարգսյանին: Արթուր Սարգսյանը հարցաքննության պատասխաններին ի հավելումն նշել է, որ այժմ բնակվում է Արարատի մարզի Բյուրավան գյուղում և հասարակական տրանսպորտային հաղորդակցման բացակայությամբ պայմանավորված չունի հնարավորություն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին ծանուցագիրը ստանալու նույն օրը, առավելևս՝ 3 ժամվա ընթացքում (ծանուցագիրը հանձնվել է Ա.Սարգսյանի հարազատներին նախանշված քննչական գործողություններից ընդամենը 3 ժամ առաջ): Նաև հայտնել է, որ չունի ֆինանսական հնարավորություն վարութն իրականացնող մարմնի յուրաքանչյուր կանչի դեպքում գյուղից Երևան քաղաք ժամանլու տաքսի ծառայության միջոցով ու խնդրել է այսուհետ ծանուցումների հանձնումն ապահովել նախատեսվող քննչական գործողությունից առնվազն 1 օր առաջ:

1.29. 07.02.2017թ. Էդիկ Հակոբյանը զանգահարել է Տիգրան Եգորյանին և փորձել պայմանավորվածություն ձեռք բերել Արթուր Սարգսյանին դատաբժշկական կրկնակի փորձաքննության ենթարկելու վերաբերյալ, այս անգամ՝ միայն արտաքին զննման ենթարկելու պայմանով: Տիգրան Եգորյանը կրկին երաշխիքներ չի տվել՝ պատճառաբանելով  պաշտպանյալի հետ համաձայնեցման և վերջինիս կամքի ճշտման անհրաժեշտությունը: Այս հարցով Է.Հակոբյանի և Տ.Եգորյանի միջև որևէ խոսակցություն կամ պայմանավորվածություն այդպես էլ չի կայացել և այդ կապակցությամբ ոչ Ա. Սարգսյանը, ոչ նրա պաշտպանները ոչ ազգականները որևէ ծանուցում չեն ստացել:

1.30. 08.02.2017թ. տրամադրվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննության թիվ 17-0202 փորձագիտական եզրակացությունը, որն ըստ էության հերքում է նախորդ թիվ 273/հձ փորձագիտական եղրակացությունն, ըստ որի Ա.Սարգսյանի մոտ առկա հիվանդությունների ներկայիս դրսևորումները չեն դասվում ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 26-ի Ն 825 որոշման 2-րդ հավելվածի 37-րդ  կետով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին:

1.31. 09.02.2017թ. Արթուր Սարգսյանը ձերբակալվել է՝ նախաքննության մարմնի կանչով չներկայանալու և դրա հետևանքով չհեռանալու մասին ստորագրությամբ սահմանված կանոնները խախտելու պատճառաբանությամբ: Նույն օրը Էդիկ Հակոբյանը միջնորդություն է հարուցել  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) Արթուր Սարգսյանի դրսևորած վարքագիծը, հատկապես՝ նախաքննության մարմնի կանչով չներկայանալը հաշվի առնելով՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին (այսուհետ նաև՝ Միջնորդություն):

1.32. Ըստ ձերբակալման արձանագրության և կալանքի կիրառման միջնորդության՝ 08.02.2017թ.  Արթուր Սարգսյանը կրկին անգամ ծանուցվել է նախաքննության մարմին ներկայանալու մասին, ավելին՝ միջոցներ է ձեռնարկել ծանուցագիրը չստանալու ուղղությամբ և չի ներկայացել, այնինչ դա չի համապատասխանում իրականությանը և որևէ կերպ չի հիմնավորվել նախաքննության մարմնի կողմից: Միջնորդության համաձայն հաստատված է համարվել, որ Արթուր Սարգսյանը պատշաճ ծանուցված է եղել փետրվարի 3-ին, 4-ին և 8-ին և առանց հարգելի պատճառների չի ներկայացել, ավելին՝ քննությունից խուսափելու նպատակով միջոցներ է ձեռնարկել իրեն հասցեագրված ծանուցագրերը ՀՀ ՔԴՕ 205-րդ հոդվածով սահմանված անձանց հանձնելուն խոչընդոտելու ուղղությամբ: Ըստ նախաքննության մարմնի՝ Արթուր Սարգսյանի դրսևորած վարքագիծը էապես բարձրացնում է 1) քննությանը խոչընդոտելու, 2) քննությունից խուսափելու և 3) նոր հանցագործություն կատարելու հավանականությունը:

1.33. Նախաքննության մարմնի կողմից 2016թ. օգոստոսից հետևողականորեն անտեսվել են նույն գործով մեղադրյալ Արթուր Ռոբերտի Սարգսյանի առողջական վիճակի մասին ներկայացված բոլոր փաստաթղթերը: Տեղյակ լինելով Ա. Սարգսյանի առողջական խնդիրների մասին, ոչ մի միջոց չի ձեռնարկվել, նրան թողնելով շարունակաբար երկարաձգվող նախնական կալանքի տակ՝ անմարդկային պայմանների մեջ (Ա.Սարգսյանի առողջական վիճակի պայմաններում կալանքը պետք է դիտարկվի որպես վերջինիս նկատմամբ անմարդկային վերաբերմունք): Ավելին՝ նույնիսկ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության արդյունքների առկայությամբ, համաձայն որոնց Ա. Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները դասվել են ազատազրկման ձևով պատժի հետ անհամատեղելի հիվանդությունների շարքին, առանց որևէ պատճառաբանության և քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված բավարար հիմքերի, զուտ կամայական հայեցողությամբ, փորձագետների հետևությունները համարվել են «կասկածելի» և անմիջապես որոշվել է կրկնակի փորձաքննություն նշանակել:

1.34. 10.02.2017թ. Ա.Սարգսյանը հայտարարել է հացադուլ իր նկատմամբ ապօրինի, շինծու հետապնդման և կալանավորման դեմ բողոքի իր ձայնը լսելի դարձնելու համար: Ա.Սարգսյանի առողջական վիճակը ընթացքում գնալով վատացել է, սակայն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ժամանակին փորձ չի կատարել ապահովելու Արթուր Սարգսյանի հացադուլի պայմաններում կյանքի և առողջության բավարար երաշխիքներ, անմիջապես տեղափոխելու վերջինիս մշտական և պատշաճ բժշկական հսկողությամբ քաղաքացիական հիվանդանոց, որն ի տարբերություն ՔԿՀ-ի հագեցած կլիներ համապատասխան սարքավորումներով երկարատև հացադուլի արդյունքում օրգանիզմի բնականոն աշխատանքի չկանխատեսված և կտրուկ խանգարումների դեպքում բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Այդ առաջարկը Արթուր Սարգսյանին տրվել է շուրջ երկու շաբաթվա հացադուլից հետո:

1.35.  Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը բոլոր հնարավոր միջոցներով փորձել է խոչընդոտել Ա.Սարգսյանի և իր փաստաբանների տեսակցություններին, վերջիններիս օրենքի խախտմամբ ստիպելով խուզարկության ենթարկվել Սարգսյանին այցելելու համար, հակառակ դեպքում չթույլատրելով տեսակցությունները:

1.36.  Ընդհուպ մինչև ամսի 17-ը Արթուր Սարգսյանին նաև չէին ընդգրկում այն կալանավորների ցուցակում, ում թույլատրվում է տեսակցել հիվանդասենյակում և վերջինիս առաջարկել են փաստաբանների հետ տեսակցելու համար ինքնուրույն գնալ տեսակցությունների սենյակ, որը իր հիվանդասենյակից գտնվում է մոտ 300 մետր հեռավորության վրա և այտեղ հասնելու համար անհրաժեշտ է դուրս գալ շինությունից:

1.37.  09.02.2017թ. Ա.Սարգսյանի կալանավորումից և հացադուլից մոտ մեկ շաբաթ անց նրա հայտարարության համաձայն նրա աղիները դադարել են գործել, ինչը նա նորմալ է համարել կապելով դա հացադուլի հետ:

1.38.  Նույն օրը պաշտպանները կրկին դիմում են ՄԻԵԴ՝ տեղեկացնելով, որ Ա.Սարգսյանը կրկին ձերբակալվել և կալանավորվել է՝ խնդրելով, որ նախկինում ներկայացված միջնորդության քննությունը շարունակվի,

1.39.  24.02.2017թ.-ից Ա.Սարգսյանը այլևս չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել:

1.40.  06.03.2017թ. ժամը 13:30-ի սահմաններում Արթուր Սարգսյանը ազատ է արձակվել, նրա խափանման միջոցը անձնական երաշխավորության փոփոխվելով պայմանավորված:

1.41.  06.03.2017թ. ժամը 21:00-ի սահմաններում ՄԻԵԴ-ից ստացվում է գրություն որ մեր 09.02.2017թ. միջնորդության քննության շրջանակներում Դատարանը ծանուցել է ՀՀ Կառավարությանը հարցեր, մասնավորապես՝

1.41.1. Անմիջապես տրամադրել Դիմողին անհրաժեշտ բժշկական օգնություն ՔԿՀ-ում, իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպել բուժումը մասնագիտացած քաղաքացիական հիվանդանոցում:

1.41.2. Ձեռնարկել այլընտրանքային միջոցներ Դիմողի մասնակցությունը քննությանը երաշխավորելու համար հաշվի առնելով որ նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ:

1.42.  06.03.2017թ. ազատ արձակվելուց հետո Ա.Սարգսյանը չի կարողացել ինքնուրույն լքել Քրեակատարողական հիմնարկը, պաշտպանի կողմից կանչվել է շտապ բուժ օգնության մեքենա, որը Ա.Սարգսյանին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ուր նա անմիջապես տեղափոխվել է ինտենսիվ թերափիայի բաժանմունք:

1.43.  06.03.2017թ.-13.03.2017թ. Արթուր Սարգսյանը հետհացադուլային րեաբիլիտացիոն/վերականգնման շրջան է անցել «Արմենիա» բժշկական կենտրոնում,  ապա դուրս գրվել՝ համապատասխան բուժումը և սննդակարգը տնային պայմաններում շարունակելու համար:

1.44. 15.03.2017թ. Արթուր Սարգսյանը ճողվածքի օղակում նախնական ախտորոշմամբ շտապօգնությամբ կրկին տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ անհապաղ վիրահատվել է:

1.45. 16.03.2017թ. Արթուր Սարգսյանը մահացել է:

  • Հաղորդման հիմքերն ու հիմնավորումները.

2.1.   Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի պաշտոնեական լիազորությունների չարաշահում է հանդիսանում. «պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»: Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում անձին ակնհայտ ապօրինի ձերբակալելու համար:

2.2.  Նախորդ մասում բերված փաստերի շարադրանքը վկայում է այն մասին, որ սույն գործով վարույթ իրականացնող մարմնի ղեկավար՝ ՀՀ ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեկան հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Էդիկ Հակոբյանը Արթուր Սարգսյանի նկատմամբ ունեցել է կանխակալ և կողմնակալ վերաբերմունք, իսկ վերջինիս գործողություններն ու անգործությունը առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 348-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները: Այսպես.

2.3.   Առողջական վիճակի անտեսում.

 2.3.1. 31.07.2016թ.՝ իմ պաշտպանյալի ձերբակալման պահից, նույնիսկ նրա արտաքին զննությունը վկայել է այն մասին, որ Ա. Սարգսյանը ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք առնվազն պետք է հետազոտվեին և որոշվեր դրանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը, քանի որ դժվարությամբ էր տեղաշարժվում (տես՝ կից լազերային կրիչով ներկայացվող տեսանյութի 12:15-12:21 և 12:52-13:06 ժամանակահատվածները): Այս փաստարկը հիմնավորվում է նաև նրանով, որ ենթադրյալ զինված խմբի հանձնվելու գործընթացի ընթացքում ԱԱԾ ծառայողը հետաքրքրվում է Ա. Սարգսյանից, արդյոք նա էլ է վիրավորված անձանց շարքերից:

Վերոգրյալի համատեքստում սակայն, Նախաքննության մարմինն ի դեմս հատկապես քննչական խմբի ղեկավար՝ Էդիկ Հակոբյանի, 02.08.2016թ. ներկայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը նախապատրաստելիս, չի իրականացրել որևէ գործողություն Ա. Սարգսյանի մոտ առկա առողջական խնդիրները պարզելու, և դրանց համատեղելիությունը նրա հանդեպ կիրառվող խափանման միջոցի հետ պարզելու ուղղությամբ: Միայն 10.08.2016թ. վարույթ իրականացնող մարմինը կայացրել է որոշում դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու մասին, որում առկա փորձագետին ուղղված հարցադրումը վերաբերել է միայն Ա. Սարգսյանի մարմնի վրա վնասվածքների առկայությանը և դրանց առաջացման պայմաններին: Որևիցե հարցադրում չի ներկայացվել պարզելու Ա. Սարգսյանի մոտ առկա առողջական խնդիրները, դրանց ծանրության աստիճանը և դրանց համատեելիությունը կալանքի հետ:

19.09.2016թ. և 21.11.2016թ. ներկայացված՝ Ա.Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարացնլու մասին միջնորդություններում նույնպես բացակայում են տեղեկություններ Ա. Սարգսյանի առողջական վիճակի մասին, այնինչ դեռևս 03.08.2016թ. (առաջին ատյանի դատարանում) և 26.08.2016թ. (վերաքննիչ դատարանում) դատական նիստերի ընթացքում, պաշտպանական կողմը ներկայացրել է ապացույցներ, որոնցով հաստատում էր Ա. Սարգսյանի մոտ եղած առողջական խնդիրների առկայությունը, հատկապես՝ Բեխտերևի հիվանդությունը:

2.3.2.  Ա. Սարգսյանին այդ առողջական վիճակով ազատազրկման մեջ պահելը և նախաքննության մարմնի կողմից այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկելը առերևույթ հանցագործության տարրեր է պարունակում, որը ուղղակիորեն ստեղծել է Էդ. Հակոբյանի և Ա. Սարգսյանի շահերի հակասություն թիվ 58212116 քրեական գործով: Նման պայմաններում նախաքննության մարմնի հետագա գործողություններն ու անգործունեությունը, որը վերլուծվում է ստորև, ակնհայտորեն իրականացվել են Էդ. Հակոբյանի կողմից հանցագործության հատկանիշների վերացման ուղղությամբ՝ վնասելով գործի օբյեկտիվ և ամբողջական քննության պահանջին:

2.3.3. 11-12.12.2016թ. գիշերը Ա. Սարգսյանի առողջական վիճակի կտրուկ վատացումը բերել էր նրան, որ վերջինս շտապ օգնության միջոցով տեղափոխվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նույնիսկ այս դեպքից հետո միայն 14 օր անց՝ 26.12.2016թ., Նախաքննության մարմինն ի դեմս Էդիկ Հակոբյանի կայացրել է որոշում Արթուր Սարգսյանին դատաբաժշկական փորձաքննության ենթարկելու մասին, ինչի արդյունքում ստացվել է թիվ 273/հձ եզրակացությունը:

 2.4.   Ապօրինի փորձաքննություն.

Էդիկ Հակոբյանը առանց որևէ հիմնավորման, կասկածի տակ դնելով թիվ 273/հձ փորձագիտական եզրակացությունը՝ կայացրել է որոշում Ա. Սարգսյանի նկատմամբ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Որոշման որևէ կերպ պատճառաբանված չլինելու հանգամանքը, ինչպես նաև՝ թիվ 273/հձ եզրակացության լիովին պատճառաբանված բնույթը, թիվ 17-0202 եզրակացությունը ստանալուն պես Արթուր Սարգսյանին ձերբակալելու փաստի հետ համադրության մեջ ևս հանգեցնում են այն հետևության, որ Էդիկ Հակոբյանի կողմից կրկնակի փորձաքննություն նշանակելու որոշումը հետապնդել է ոչ թե նախաքննության լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակ, այլ՝ վերացնելու Արթուր Սարգսյանին կալանավորելու և հետագայում պատժի ենթարկելու հնարավորությունը բացառող իրավական հիմքը:

2.4.1. Ավելին՝ փաստացիորեն, Էդիկ Հակոբյանը ձեռքի տակ ունենալով երկու նույն փաստերի վրա հիմնված եզրակացություններ՝ առանց հիմնավորումների և պատճառաբանությունների Ա.Սարգսյանի առողջական վիճակի՝ Կառավարության թիվ 825-Ն որոշմանը համապատասխանելու հարցը լուծելիս կամայականորեն հիմնվել է հենց թիվ 17-0202 եզրակացության վրա, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է Արթուր Սարգսյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի և պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելու մասին:

2.5.   Ապօրինի կալանավորման միջնորդություն.

Սույն հաղորդման 1.10-1.16 կետերում նշված փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ Էդիկ Հակոբյանը կանխամտածված գործողություններ է իրականացրել, որպեսզի Ա. Սարգսյանը չկարողանա մասնակցել նախանշվող դատավարական գործողություններին և ստեղծվեն հիմքեր վերջինիս ձերբակալելու համար: Մասնավորապես.

2.5.1. Տիգրան Եգորյանի հետ հեռախոսազանգով պայմանավորվածություն ձեռք բերելու ընթացքում Էդիկ Հակոբյանը արդեն իմացել է այն մասին, որ ծանուցումը ուղարկվել է Ա. Սարգսյանի ազգականների հասցեով, այնուամենայնիվ բանավոր կերպով պայմանավորվել և դատավարական գործողությունների օրը տեղափոխել է 06.02.2017թ.: Հետևաբար ավելի քան ակնհայտ է, որ ծանուցումների բուն նպատակն է եղել ոչ թե ապահովել Ա. Սարգսյանի ներկայությունը նախապատրաստվող քննչական գործողություններին, այլ ուղիղ հակառակը՝ կենցաղային խորամանկության մակարդակում ապահովել թղթային ձևական հիմք Ա.Սարգսյանի չներկայանալու վերաբերյալ, քողարկել Է. Հակոբյանի իրական նպատակը իբր օրինական գործողություններով: 

2.5.2. Միջնորդության մեջ տեղ գտած Էդիկ Հակոբյանի պատճառաբանությունը, համաձայն որի Ա. Սարգսյանը կարող է թաքնվել կամ խուսափել է քննչական գործողություններին ներկա գտնվելուց ակնհայտորեն անհիմն է, քանի որ ոչ Ա. Սարգսյանը, ոչ նրա պաշտպանները չեն արտահայտել այնպիսի դիրքորոշում, որը կվկայեր այդ մասին, ավելին՝ Ա. Սարգսյանը և իր պաշտպանները հայտնել են Էդ.Հակոբյանին, իր իսկ նախընտրած կապի միջոցով, Ա.Սարգսյանի՝ 03.02.2017թ. ներկայանալու անհնարինության պատճառների մասին (տես 1.12 և 1.16 կետերը), իսկ 06.02.2017թ. ներկայացել է նախատեսված քննչական գործողություններին և բացի այդ խնդրել է Էդիկ Հակոբյանին ապահովել նրա ծանուցումը խելամիտ ժամկետում, քանի որ ելնելով ֆինանսական վիճակից և Երևան քաղաքի սահմաններից դուրս բնակվելու փաստից չի կարող ներկայանալ քննչական գործողությունների՝ դրանց մասին մի քանի ժամ առաջ տեղեկանալուց անմիջապես հետո:

 2.6.   Ապօրինի ձերբակալում.

 2.4 և 2.5 կետերում նշված հիմնավորումներն ու փաստական հանգամանքները վկայում են նաև նրա մասին, որ Էդիկ Հակոբյանի որոշումը Ա. Սարգսյանին ձերբակալելու մասին ապօրինի է և համապատասխանում է 348-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցաքործությանը՝  անձին ապօրինի ձերբակալմանը: Մասնավորապես.

Վարույթ իրականացնող մարմինը ձերբակալման որոշում կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտում, համաձայն որոնց. «1. Ձերբակալումը անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը՝ օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար: 2. Ձերբակալել կարելի է միայն` 1) անձին, որը կասկածվում է այնպիսի հանցագործության մեջ, որի կատարման համար կարող է նշանակվել պատիժ` կարգապահական գումարտակում պահելու, կալանքի, որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով. 2) կիրառված խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալին

2.6.1.  09.02.2017թ. հարուցված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդության մեջ սակայն ոչ մի հիմք չի ներկայացվել առ այն, որ Ա. Սարգսյանը կարող է փախուստի դիմել և/կամ խախտել է խափանման միջոցի պայմանները: Ավելին, Ա. Սարգսյանի կողմից 06.02.2017թ. քննչական գործողություններին ներկայանալը ակնհայտորեն վկայում է այն մասին, որ նա չի խուսափել որևէ գործողություններից իսկ հարցաքննության ընթացքում արված հայտարարությունը՝ ծանուցումները ողջամիտ ժամկետներում տրամադրելու մասին, ապացուցում է այն, որ ապագայում ևս նա պատրաստ էր ներկայանալ վարույթ իրականացնող մարմնի կանչով և շարունակել իր հանդեպ կիրառվող խափանման միջոցի պայմանները կատարել:

2.6.2. Ինչպես նաև, նույնիսկ եթե ենթադրենք, որ Ա. Սարգսյանը կարող էր փախուստի դիմել կամ խախտել խափանման միջոցի կիրառման պայմանները, նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ, քանի որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու պայմաններում անհնար է ապահովել նրա բուժումը և հատուկ սննդակարգը, ինչը ոչ այլ կերպ, քան խոշտանգում չի կարող դիտարկվել:

 2.7.  16.03.2017թ. Արթուր Սարգսյանը մահացել է, ինչին նախորդել է նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացումը, այն է՝ ճողվածքի օղակումն ու աղու գալարի ոլորումը (ըստ բժշկական կենտրոնի բժիշկների): Այս կապակցությամբ պետք է նշենք, որ պաշտպանական կողմի գնահատմամբ առերևույթ կասկած է առկա այն մասին, որ նշված առողջական խնդիրը հետևանք էր երկարատև՝ 24-օրյա հացադուլի, որն էլ իր հերթին եղել է Արթուր Սարգսյանի բողոքի արտահայտման ձեւը Էդիկ Հակոբյանի եւ նրա գլխավորած քննչական խմբում ներգրավված իր գործով զբաղվող այլ քննիչների, Ա.Սարգսյանի կալանքի միջնորդությունը բավարարած դատավոր Ա.Մկրտչյանի և վերադաս դատարանների կամայականությունների դեմ: Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ 09.02.2017թ. – 06.03.2017թ. հացադուլի մեջ գտնվող Ա.Սարգսյանին չի ապահովվել համապատասխան պահման պայմաններ և համապատասխան պատշաճ մասնագիտական հսկողություն և օգնություն:

 Հսկողություն իրականացնող դատախազի մասով.

2.8.   Վերոգրյալի լույսի ներքո գտնում ենք, որ թիվ 58212116 քրեական գործով վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազն իր հերթին, Էդ.Հակոբյանի ապօրինի որոշումների, գործողությունների և անգործության օրինականությունը հաստատելով և/կամ դրանք վերացնելու նպատակով անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելով ևս չարաշահել է իր լիազորությունները՝ իր ծառայողական պարտականությունները չկատարելով:

 Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունները քննած դատավորների մասով.

2.9.   Սույն հաղորդման 1-ին բաժնում տեղ գտած փաստերի հաշվառմամբ՝ Արթուր Սարգսյանին կալանավորելու, կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունները քննած և բավարարած դատավորները, պաշտպանական կողմի վերաքննիչ և վճռաբեկ բողոքները քննած և մերժած (վարույթ ընդունելը մերժած) դատավորները ևս անտեսել են Արթուր Սարգսյանի առողջական վիճակն ու դրա անհամատեղելիությունը կալանքի հետ՝ ինչը հիմք է նաև նրա՛նց գործողություններում հանցակազմի առերույթ առկայության մասին հետևությունների համար: Նշենք, որ Արթուր Սարգսյանի կալանքի կապակցությամբ միջնորդություններն ու բողոքները քննած (վճռաբեկ դատարանի դեպքում՝ վարույթ ընդունելը մերժած) դատավորներն էին.

Առաջին ատյանում՝ Դավիթ Գրիգորյանը և Արթուր Մկրտչյանը,

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ Ռուբիկ Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը և Մանուշակ Պետրոսյանը,

ՀՀ վճռաբեկ դատարանում՝ Ս.Ավետիսյանը, Ս.Օհանյանը, Հ.Ասատրյանը, Ե.Դանիելյանը, Լ.Թադևոսյանը, Ա.Պողոսյանը: 

ՔԿՀ-ների աշխատակիցների մասով.

2.10.  Կրկին հիմք ընդունելով սույն հաղորդման 1-ին բաժնում մեջբերված փաստական հանգամանքները՝ առերևույթ է նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների հանցավոր անգործությունը և Արթուր Սարգսյանի նկատմամբ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքը, նրան պատշաճ բուժոգնություն չտրամադրելը նույնիսկ առողջության ծայրահեղ վատթարացման վիճակում, կալանքի հետ համատեղելիության հանգամանքի ստուգում չիրականացնելը և համապատասխան միջոցառումներ չիրականացնելը:

2.11.  Ինչը վերաբերում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ին, ապա վերջինիս վարչակազմը շուրջ 2 շաբաթ քայլեր չի ձեռնարկել Արթուր Սարգսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու նպատակով, նման առաջարկ չի կատարել, չնայած, հաշվի առնելով Ա.Սարգսյանի առողջական խնդիրները, պետք է աներ դա անմիջապես՝ ապահովելով վերջինիս արդյունավետ բժշկական վերահսկողության հնարավորությունը:

Բացի վերոգրյալից՝ ՔԿՀ-ի աշխատակիցները արհեստական խոչընդոտներ են ստեղծել, ընդհուպ՝ մեկ անգամ արգելել են Ա.Սարգսյանի փաստաբանի մուտքը ՔԿՀ:

Արթուր Սարգսյանի նամակագրության եւ հեռահաղորդակցության կամայական միջամտությունները եւ գաղտնալսումները.

2.12. Ա. Սարգսյանի դեմ ապացույցներ եւ նրա արարքներում թվացյալ օրինախախտումներ հայտնաբերելու նպատակով նրա եւ նրա հարազատների հեռահաղորդակցությունը գաղտնասվել է կամայականորեն, հետագայում դրա արդյունքում ձեռք բերված տվյալները օգտագործելով գաղտնալսումների նպատակներին բացարձակապես հակառակ: Սա փաստում է, որ Արթուր Սարգսյանի նկատմամբ հետապնդումները հստակորեն կողմնակալության դրսեւորմամբ նպատակ են հետապնդել նրա նկատմամբ խափանման միջոցը, որպես պատժի միջոց օգտագործելու, նրա ազատութունը ապօրինաբար սահմանափակելու համար:

2.13. Մանրամասն քննության առարկա պետք է հանդիսանա Ա. Սարգսյանին գաղտնալսելու եւ դրա կապակցությամբ կազմված փաստաթղթերի կազմման նախաքննության մարմնի, մասնավորապես քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանի կողմից նման գաղտնալսումների իրականացման հիմնավորումները, այդ գաղտնալսումների արդյունքում հայտնի դարձած տեղեկությունների օգտագործման եւ դրանց ձեռք բերման նպատակների համապատասխանությունը:

 Պահանջը.

Հաշվի առնելով սույն հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքները խնդրում ենք Արթուր Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննություն իրականացնել առաջին հերթին Էդիկ Հակոբյանի, թիվ 58212116 քրեական գործով դատարաններում Ա.Սարգսյանի կալանավորման միջնորդությունները ներկայացրած և պաշտպանած քննչական խմբի անդամ քննիչների, թիվ 58212116 քրեական գործի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազ՝ Պ. Պետրոսյանի, կալանքի միջնորդությունները և դրանք բավարարելու մասին որոշումների դեմ ներկայացված բողոքները քննած նախագահող դատավորների, «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդնոց» ՔԿՀ-ների վարչակազմի կողմից համապատասխանաբար պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորությունները անցնելու, պաշտոնեական անփութության, Արթուր Սարգսյանին խոշտանգելու, վերջինիս ապօրինի ձերբակալելու և ապօրինի կալանավորման փաստերի առթիվ:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի սույն  քրեական գործի քննության ընթացքում ձեռք բերվեն եւ սույն քրեական գործին կցվեն թիվ 58212116 քրեական գործի մաս կազմող և այժմ Էդիկ Հակոբյանի տնօրինության տակ գտնվող կալանավորման, դրա ժամկետի երկարացման, 09.02.2017թ. կալանավորման միջնորդություններն ու դրանց կից ներկայացված նյութերը, ինչպես նաև՝ Արթուր Սարգսյանի կալանվորի քարտը, բժշկական քարտը, ՀՀ ՀՔԾ և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության, «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների տնօրինության տակ գտնվող Արթուր Սարգսյանի առողջությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ և 92-րդ հոդվածներին համապատասխան պետք է մեկուսացվեն քննությունից, որպես ակնհայտորեն կողմնակալ եւ գործի ելքով շահագրգիռ անձինք Էդ. Հակոբյանը եւ Արթուր Սարգսյանի գործով անմիջականորեն ներգրավված և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրած կամ դատարաններում պաշտպանած բոլոր այլ քննիչները: 

Հիմք ընդունելով տուժող կողմի գնահատականը, սույն հաղորդման մեջ նշված և մի շարք պաշտոնատար անձանց կողմից հանցավոր արարքներ կատարելու մասին փաստող հանգամանքները, այն հանգամանքը, որ հարուցված քրեական գործի շրջանակներում, դրա բազմակողմանիությունն ապահովելու համար անհրաժեշտ է և պետք է քննվեն նաև մեր կողմից սույն հաղորդմամբ հայտնվող կասկածները, Էդիկ Հակոբյանի և մի շարք այլ ՀՀ ՀՔԾ քննիչ, դատախազ, դատավորների ապօրինի և շահագրգիռ գործողությունների և որոշումների կայացման արդյունքում վերջիններիս՝ Արթուր Սարգսյանի մահվանը առնչություն ունենալու հանգամանքը, ինչպիսի պայմաններում քրեական գործը չի կարող ենթակա լինել ոչ ՀՀ քննչական կոմիտեի և ոչ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննությանը՝

 խնդրում ենք

անհապաղ փոխել Արթուր Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթի քննչական ենթակայությունը՝ թիվ 69100817 քրեական գործը փոխանցելով այլ քննչական մարմնի (համապատասխան իրասությամբ օժտված) վարույթ և ցուցում տալ համապատասխան քննչական մարմնին կատարել քննություն նաև սույն հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքների և վարկածների կապակցությամբ ապահովելով իրապես բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն և տուժողի իրավահաջորդի արդյունավետ քննության իրավունքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter