HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանակա՞ն սադրանք. Անդրիաս Ղուկասյանը զրկված է արդյունավետ քարոզչության հնարավորությունից

«Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գունդը գրավելու և նրանց վրա ոստիկանական և այլ ուժային կառույցների հնարավոր հարձկում թույլ չտալու, ըստ Անդրիաս Ղուկասյանի` եղբայրասպան բախում թույլ չտալու համար, Երևանում սկսվեց հանրահավաքների շարք:

Հուլիսի 29-ին հանրահավաքը տեղի էր ունենում Սարի թաղում, որտեղից երևում էր ՊՊԾ գնդի տարածքը և հավաքի մասնակիցները հույս ունեին, որ հավաքն այդտեղ իրականացնելով` կզսպեն ՊՊԾ գնդի վրա հարձաձկումն ու արյունահեղությունը: Արդյունքում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծվեց առանց նման բախման:

Հուլիսի 29-ի հանրահավաքի վերջում ոստիկանությունը հավաքի մասնակիցների ու այն լուսաբանող լրագրողների վրա հարձակումով ցրեց հավաքը, որի պատճառով տուժել են 99 մարդ, այդ թվում` 23 լրագրող: Տուժող է ճանաչվել նաև Անդրիաս Ղուկասյանը:

Այդ օրը բերման ենթարկվեց 165 մարդ, ձերբակալվեց 23 մարդ, մեղադրանք առաջադրվեց 8 անձի, որոնցից 4-ը գրավով ազատ արձակվեցին, 2-ի նկատմամբ որոշ ժամանակ անձ կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցներ Անդրիաս Ղուկասյանն ու Դավիթ Հովհաննիսյանը մինչ օրս շարունակում են պահվել կալանքի տակ:

Այդ օրվա  դեպքերի կապակցությամբ իշխանությունները Անդրիաս Ղուկասյանին, Արմեն Մարտիրոսյանին ու Դավիթ Սանասարյանին մեղադրում են 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի Թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, իբր նրանք հավաքի մասնակիցներին հրահանգել են քարեր հավաքել և դրանցով խփել ոստիկաններին, իսկ Հովսեփ Խուրշուդյանին, Դավիթ Հովհաննիսյանին և ևս 2-3 անձի մեղադրում են զանգվածային անկարգությունների մասնակցելու, այսինքն` քարերով ոստիկաններին խփելու մեջ։

Երկու օրից կլրանա Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահելու 8-րդ ամիսը: 

Ու թեև այս ընթացքում Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երկու անգամ` 06.09.2016թ-ին[1] և 30.01.2017թ-ին[2] տարածած հայտարարություններով անդրադարձել է Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահելու հարցին և ՀՀ իշխանություններին կոչ արել անհապաղ ազատ արձակել նրան, իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ Հայ-ամերիկյան առևտրային պալատում իր 01.02.2017թ. ելույթում անդրադառնալով Սարի թաղի հուլիսի 29-30-ի դեպքերին, նշել է, որ` «մեզ համար խորապես մտահոգիչ էին հուլիսի 29-30-ին անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մասին վստահելի հաղորդումները», շարունակելով, որ «մտահոգիչ է նաև նախնական կալանքի օգտագործումը կառավարության կողմից», որ «այն երբեք չպիտի գործածվի որպես ազատ խոսքի ու հանրահավաքների ազատության իրավունքի իրացումից քաղաքացիներին հետ պահելու պատժիչ գործիք, իսկ երբ դատարանը սահմանում է նախնական կալանք, պետք է լիովին թափանցիկ ու իրավականորեն հիմնավորված պատճառներ լինեն»: Շարունակելով՝ դեսպանը նշում է. «Անկեղծ ասած, Էրեբունու ու քաղաքական տեսանկյունից զգայուն գործերի հետ կապված, մեզ մտագոհում է նախնական կալանքի կիրառումը ցույցերին մասնակցություն ունեցած և զինված խմբին ոչ-ուժային աջակցություն ցույց տալու մեջ կասկածվող մի շարք մեղադրյալների նկատմամբ, ովքեր առնչություն չեն ունեցել գնդի տարածքի գրավման կամ ոստիկանների մահվան հետ», «նախնական կալանքը պետք է ամուր ու լիովին թափանցիկ իրավական հիմնավորում ունենա: Եվ բեռը կրկին պատկան մարմինների ուսերին է, որպեսզի հիմքերն ակնառու լինեն կամ էլ հնարավորինս շուտ ապահովվի բաց դատաքննություն»[3]։ 

Հիշեցնենք, որ Ռիչարդ Միլսի ելույթի ժամանակ հուլիսի 29-ի Սարի թաղի դեպքերով միայն Անդրիաս Ղուկասյանն ու Դավիթ Հովհաննիսյանն էին շարունակում կալանքի տակ գտնվել:

Անդրիաս Ղուկասյանի կալանքի տակ գտնվելուն անդրադարձել է նաև ՄԱՀՀԻ գործընկեր Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, իր «Մարդու իրավունքները Հայաստանում – 2016» զեկույցում[4]:

Այսքանով հանդերձ ՀՔԾ–ում գործը քննող քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանը գործի վարույթը չի կարճում կամ այն չի ուղարկում դատարան, այլ համառորեն միջնորդություններ է ներկայացնում դատարան` Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն էլ համառորեն երկարացնում է կալանքի ժամկետն ու մերժում գրավի միջնորդությունները: Վերաքննիչ դատարանն էլ համառորեն մերժում է վերաքննիչ բողոքները, մի դեպքում պատճառաբանելով, որ ազատ արձակվելու դեպքում Անդրիաս Ղուկասյանը կշարունակի իր ընդդիմադիր գործունեությունը, մեկ այլ դեպքում պատճառաբանելով, որ դատարանը չի կարող քննիչից պահանջել հիմնավոր կասկածը հերքող ապացույցները, այդ թվում` կալանքի հիմքում դրված ոստիկան վկայի հետ կատարված առերես հարցաքննության արձանագրությունը, որի ժամանակ ոստիկանը հրաժարվել է իր նախկին ցուցմունքից` նշելով, որ որ ոչ միայն չի լսել, որ Անդրիաս Ղուկասյանը քարեր հավաքելու և ոստիկաններին խփելու հրահանգ տա, այլ նաև չի կարծում, որ նա նման բան կաներ:

Կալանքի ժամկետի երկարացնելու մասին վերջին միջնորդությունը քննիչը Էդ. Հակոբյանը դատարանին ներկայացրել է 17.03.2017թ-ին, դատավոր Ս. Հովսեփյանն էլ այն բավարարէլ է 24.03.2017թ-ին, որի համաձայն Անդրիաս Ղուկասյանը պետք է կալանքի տակ մնա մինչև 30.05.2017թ-ն:

Սա այն դեպքում, երբ գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներով` Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած իրադարձությունների տեսագրություններով, տեղում աշխատող լրագրողների, հեռուստաօպերատորների, հանրահավաքի մասնակիցների, ոստիկանների ցուցմունքներով արդեն իսկ հաստատվել է`

-  որ հավանաբար հենց բարձրաստիճան ոստիկանների կողմից է ոստիկանների շրջանում շշուկներ տարածել, թե իբր հավաքի մասնակիցները ցանկանում են գնալ և միանալ Սասնա ծռերին,

-  որ այն սադրիչները, որոնք հավաքի մասնակիցներին կոչ էին անում Սարի թաղից իջնել դեպի ՊՊԾ գունդ և վազքով գնում էին այդ ուղղությամբ, որպեսզի ժողովուրդը գնա իրենց հետևից, որոնք հետագայում մահակներով հարձակվում և ծեծում էին ժողովրդին, ոստիկանության օպերատիվ աշխատակիցներ էին,

-  որ Անդրիաս Ղուկասյանն ու մեղադրվող մյուս տղաները ՊՊԾ գունդ գնալու մտադրություն չեն ունեցել և երթով հասնելով Սարի թաղ կանգ են առել ու այդտեղ են շարունակել հետագա հավաքը, ավելին, բազմիցս ժողովրդին կոչ են արել չլսել ոստիկանական սադրիչներին և նրանց հետևից չիջնել ՊՊԾ գնդի ուղղությամբ, անգամ կենդանի շղթա են կազմել հավաքի մասակիցների առջև,

-  որ Անդրիաս Ղուկասյանն ու մյուս տղաները ոստիկաններին քարով խփելու հրահանգ չեն տվել, իսկ խաղաղ հավաքի մասնակիցներն էլ քարերով և այլ առարկաներով ոստիկաններին չեն հարվածել:

Դատարանը Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է, հաշվի չառնելով բազմաթիվ պատգամավորների, գիտնականների ու հասարակական գործիչների երաշխավորագրերը, նրան ազատ արձակելու դիմումները, նրան տրված բնութագրերը: Դատարանը հաշվի չի առնում, որ Անդրիաս Ղուկասյանը ընկերությունների տնօրեն է, 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու է եղել, առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է` ՕՐՕ դաշինքի կողմից, ինչպես համապետական ցուցակով, այնպես էլ` ռեյտինգային:

Ավելին, քննիչը Անդրիաս Ղուկասյանին անգամ մերժել է նախընտրական քարոզչության իրականացման նպատակով լրագրողների հետ հանդիպելը: Արդյունքում, խախտվում է նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածով երաշխավորված նախընտրական քարոզչության հավասար իրավունքը: Ավելի քան 1700 պատգամավորի թեկնածուներից միայն Անդրիաս Ղուկասյանն է, որի համար նման խոչընդոտներ են ստեղծվում:

Վերը նշվածը մեկ անգամ ևս վկայում է, որ ԱՆդրիաս Ղուկասյանը քաղբանտարկյալ է և նրան կալանքի տակ են պահում ի թիվս այլնի, թույլ չտալու համար, որպեսզի ԱԺ ընտրություններից առաջ արդյունավետ նախընտրական քարոզչություն իրականացնի:

Հաշվի առնելով, որ քարոզարշավի ավարտին հաշված օրեր են մնացել, կարծում եմ, որ հրատապ է, որպեսզի հարցին անդրադառնան նաև ԱԺ ընտրություններին հետևելու առաքելություն ունեցող դիտորդները, այդ թվում` միջազգային դիտորդները, դիմելով իշխանություններին, այդ թվում վարույթն իրականացնող մարմնին, ազատ արձակելու համար Անդրիաս Ղուկասյանին կամ գոնե հնարավորություն տալու համար, որպեսզի նա ունենա լրագրողների հետ հանդիպելու հնարավորություն: 

Կարեն Մեժլումյան

Փաստաբան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter