
Վահրամ Բաղդասարյանի համեստ եկամուտն ու 8 անշարժ գույքը, ռեստորանային համալիրը և մեքենաները
Վահրամ Բաղդասարյանը Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարն է։ Ազգային Ժողովի ներկայիս պատգամավորը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցության ցուցակում 152-րդն է։Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցներն այդքան էլ մեծ չեն: Մասնավորապես՝ նախորդ տարվա ընթացքում եկամուտ է ունեցել 2 տեղից՝ Ազգային ժողովից՝ 6 մլն 786 070 ՀՀ դրամ և 1 մլն 437 238 ՀՀ դրամ՝ Վանաձորի պետական համալսարանից:
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմել են մոտ 5 մլն ՀՀ դրամ՝ 1 600 000 մլն ՀՀ դրամով և 7000 ԱՄՆ դոլարով։
Վ․Բաղդասարյանը հայտարարագրել է 8 անուն անշարժ գույք` բոլորն էլ՝ ընդհանուր համատեղ սեփականությամբ․ 2 բնակարան՝ Երևանում (110 քառ մ) և Վանաձորում ( 40 քառ մ ), 470 քառ մ բնակելի տուն և 30 քառ մ հասարակական նշանակության շինություն Վանաձորում, ինչպես նաև հողատարածքներ Երևանում (0․08 հա), Լոռիի Արջուտ համայնքում (0.1 հա), Շահումյանում (0,2 հա), և 0,1 հա մակերեսով հողամասով այգետնակ՝ Կոտայքի մարզի Գյուղամեջ համայնքում։
Շարժական գույքից՝ պատգամավորի թեկնածուն ունի նաև 2 ավտոմեքենա՝ Mercedes-Benz S430 և BMW X5։
8 մլն ՀՀ դրամը գերազանցող որևէ իրի մասին Վ․ Բաղդասարյանը նշում չի կատարել։Որպես եկամուտ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է նաև 4 մլն 232 000 ՀՀ դրամի շահութաբաժինը «ՎաԲա» ՍՊԸ-ում: Ընկերությունը հիմնադրվել է 2002թ․ին, գործունեության տեսակը՝ «այլ կահույքի արտադրություն»։ Տնօրենը Լուսինե Բարաթյանն է, իսկ Վահրամ Բաղդասարյանը՝ ընկերության 100% բաժնետերը։
2013թ. հունիսի 27-ի կառավարության որոշման նախագիծ է ներկայացվել, որով այս ընկերությանն առանց աճուրդի, ընդամենը 684 594 ՀՀ դրամով վաճառվել է Էկոնոմիկայի նախարարության «Գուգարք» կարի արտադրկան միավորման կազմից առանձնացված 2197, 45 քառ մ մակերսով «Դարպասի արտադրամաս»-ը։ Ընկերությունը պարտավորվում էր նաև 2 մլն դրամի ներդրումներ կատարել և 20 աշխատատեղ ապահովել։
2015թ․ դեկտեմբերին «ՎաԲա» ընկերության կողմից ներկայացված հաշվետվության մեջ նշվել է, որ ստեղծվել է` 29 աշխատատեղ՝ 66 000 ՀՀ դրամ աշխատավարձով:
Բացի վերը նշված արտադրամասից, «ՎաԲա» ընկերությանն է պատկանում Վանաձորում գտնվող «Վերնատուն» ռեստորանային համալիրը։ ՊԵԿ-ի Հարկային մարմնի գանգատարկման ՝ 2013թ մարտի 5 11/4 որոշման մեջ նշված է, որ այն զբաղեցնում է 510 քառ մ տարածք, այնինչ տարածքի արտոնագրային վճարը նվազեցնելու համար, փաստաթղթերում ռեստորանային համալիրը ներկայացվել է իբրև 110 քառ մ։ Ըստ ՊԵԿ-ի որոշման՝ «ՎաԲա» ՍՊԸ-ից պետք է գանձվեր մոտ 2 մլն ՀՀ դրամ, բայց ընկերությունն առարկել էր, իսկ առարկությունը՝ բավարարվել ։
«Վերնատուն»-ը գտնվում է Վանաձորի Թումանյան 12 հասցեում, ինչի մասին Վ Բաղդասարյանի հայտարարագրում որևէ գրառում չկար։ Որևէ նշում, որ տարածքը վարձակալությամբ է տրված, նույնպես չկա, քանի որ թեկնածուի եկամուտը, ըստ հայտարարագրի, գոյանում է աշխատավարձից։
«ՎաԲա» ընկերությունը մասնակցել է նաև մի շարք պետական գնումների մրցույթներին։ Մասնավորապես՝ տավարի մսի վաճառքի հայտ է ներկայացրել ՊՆ հայտարարած գնման մրցույթի ժամանակ։ «ՎաԲա» ՍՊԸ-ն, ըստ տեղական զարգացման ծրագրի գնումների պլանի, նախորդ տարի՝ 2016թ հուլիսին 41 մլն 171 000 ՀՀ դրամի կահույք է մատակարարել մարզերի դպրոցներին, մանկապարտեզներին և համայնքային կենտրոններին։
Վահրամ Բաղդասարյանին է պատկանում 2014թ․ հիմնադրված «Մսամթերք» ՍՊԸ-ն։ Նա ընկերության 100 % բաժնետերն է։ Թեև ընկերությունը գործող է, սակայն հարկ վճարողների համակարգում գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։
Մեկնաբանել