HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ազատամուտի չհաստատված բյուջեն եւ 6,7 միլիոն դրամի «անհայտ» սոցիալական օգնությունը

2016 թվականի ընթացքում Ազատամուտի համայնքային բյուջեից ավագանին տրամադրել է 6,7 միլիոն դրամ սոցիալական օգնություն։ Սակայն թե ովքեր են ստացել օգնություն, հայտնի չէ։  

Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը հրաժարվում է օգնություն ստացած ազատամուտցիների անունները տրամադրելուց։ Ավագանու որոշմամբ համայնքային բյուջեից տրամադրված այդ օգնության մասին տեղեկություն չկա նաեւ Տավուշի մարզպետարանի կայքէջում։

2008 թվականից Տավուշի մարզի սահմանամերձ Ազատամուտ համայնքը ղեկավարում է Ժորա Մարտիրոսյանը։ Նա համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է նաև նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին կայացած ընտրությունների արդյունքում։

Համայնքի ղեկավարը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ինչպես է առանձնացված կերպով ծախսել 2016 թվականի բյուջեն։

Նախ Ազատամուտի 2016 թվականի բյուջեի վերաբերյալ հակասական տեղեկություն են տարամադրել Ազատամուտ համայնքից և Տավուշի մարզապետարանից։ Եթե համայնքապետարանից ասել են, որ համայնքի 2016 թվականի բյուջեն 69,9 միլիոն դրամ է, ապա մարզպետարանից հաղորդել են 71,3 միլիոն դրամի մասին։

«Ազատամուտ համայնքում կատարված սոցիալական օգնությունների մասին տեղեկատվությանը մարզպետարանը չի տիրապետում: Այդ տեղեկատվությունը կարող եք ստանալ Ազատամուտի համայնքապետարանից»,- մեր հարցմանն ի պատասխան` հայտնել են Տավուշի մարզպետարանից։

Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքի համաձայն` Ազատամուտ համայնքն ունի 3075 բնակիչ և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի համաձայն` «3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքը պետք է ունենա պաշտոնական համացանցային կայք, որի ստեղծումն ու վարումն ապահովում է համայնքի ղեկավարը՝ սույն օրենքով և համայնքի ավագանու սահմանած կարգով»:

Նույն հոդվածի 16 հոդվածի 7-րդ կետի համաձայն` «3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստերի արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ»:

Եթե համայնքապետարանը դեռեւս չի ստեղծել իր պաշտոնական կայքը, միեւնույն է, օրենքով իր վրա դրված պարտավորության ապահովումը` համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու կայացարած բոլոր որոշումների հրապարակայնությունը, ապահովում է նաեւ մարզպետարանի պաշտոնական կայքում` համապատասխան բաժնում։

Թեև մարզպետարանի կայքէջում համայնքի ավագանու որոշումների մի մասը հրապարակված են, սակայն դրանցում չկան սոցիալական օգնություն տրամադրած որոշումները, և այստեղից կարելի է ենթադրել, որ համայնքը մարզպետարանից ևս թաքցրել է 6,7 միլիոն դրամի հասնող սոցիալական օգնության ավագանու որոշումները։

Համայնքապետարանը մեզ չի տրամադրել նաև այն անձանց անունները, ովքեր համայնքային բյուջեից աշխատավարձ են ստացել։

Ազատամուտի 2016-ի ծախսերը և 2017թ. տարեկան բյուջեն դեռևս չեն հաստատվել՝ համայնքի ավագանու կողմից քվորում չապահովելու պատճառով:

Ավագանու անդամներից մեկը, որը չուզեց հրապարակել իր անունը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մինչ օրս չեն կարողանում հաստատել 2016-ի ծախսերը և 2017-ի բյուջեն, քանի որ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը պատշաճ կերպով չի ծանուցում նիստ գումարելու մասին, չի տրամադրում բյուջեով կատարված ծախսերը՝ մասնավորապես այն անձանց անունները, ովքեր աշխատավարձ են ստացել համայնքային բյուջեից։ Ըստ ավագանու անդամի՝ բյուջեում նշված են ծախսեր, որոնք չեն կատարվել։

«Չի ուզում ոչ մի բանով աջակցել, չի ուզում ոչ մի բան տրամադրել, չի ուզում իմանանք, գաղտնի  է պահում։ Նիստի ժամանակ կռիվ են անում։ Մենք չիմանա՞նք մեր համայնքում ովքեր են աշխատում, ով որտեղ է աշխատում»,- ասաց ավագանու անդամը։

Նրա խոսքով` եթե կարողանում էլ են նիստ գումարել, ապա այն 20 րոպե անց ընդհատվում է, քանի որ համայնքի ղեկավարը վեճ է սկսում, վիրավորելով ավագանու անդամներին։ 

Ավագանու անդամները համայնքային բյուջեից աշխատավարձ ստացած անձանց ցանկը ստացել են միայն մարզպետի միջնորդությամբ, ով ժամանել է Ազատամուտ՝ մասնակցելու նիստին։ Այդ ժամանակ համայնքի ղեկավարը համաձայնել է տալ այդ անվանացանկը, սակայն, ինչպես ավագանում անդամն է ասում, տրամադրել է ոչ ամբողջական տարբերակը՝  3 հոգու անուն չնշելով։

«Այնպիսի մարդկանց անուններ է գրանցել, որ իրոք ոչ մի մարդ տենց չկա, չի աշխատում։ Կա 47 աշխատող, տրված է 44 հոգու անուն։ 3 հոգու անուն անհայտ է, չի տալիս։ Ասում է՝ չեմ տալիս, դուք ո՞վ եք, որ տամ։ Ես ոնց ուզեմ, նենց ա»,- նշեց ավագանու անդամը։

Անդրադառնալով սոցիալական օգնության տրամադրմանը՝ ավագանու անդամն ասաց, որ ինքը սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններով է ընտրվել, և տեղյակ չէ, թե ում է տրամադրվել 2016 թվականի օգնությունը, սակայն լսել է, որ այդ գումարների մի մասը Ժորա Մարտիրոսյանն առձեռն է հատկացրել։ Ասում է՝ Մարտիրոսյանին խնդրել են, որ համայնքային բյուջեից որևէ մեկին առձեռն գումար չհատկացնի։ Սակայն իր տեղեկություններով համայնքի ղեկավարը  կրկին առանց ավագանու որոշման, առձեռն տարբերակով, «սոցիալական օգնության» անվան տակ գումար է բաժանել։

«Շատ խառն է էլի։ Համայնքը էն ձևի է, որ վախի մթնոլորտ է առաջացրել բոլորի մոտ։ Ինքը օրենքներին չի կարողանում տիրապետի, իրան ոնց ասում են կողքի մարդիկ, տենց անում է։ Ինքը ասում է՝ ոնց ուզեմ, տենց պիտի լինի։ Ասում է՝ անցած ավագանուն ոնց ասել եմ, արել են, դուք ո՞վ եք, որ չանեք։ Մենք էլ ասում ենք՝ օրենքից դուրս ոչ մի քայլ չենք անում»,- հավելեց ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ այս համայանքում հաճախ են լարված իրավիճակներ ստեղծվում համայնքի ղեկավարի և գյուղացիների միջև։ Դրանցից մեկին անդրադարձել էինք  2012-ին, երբ Ժորա Մարտիրոսյանի ընտանիքի ու գյուղացիներից մեկի միջև ծեծկռտուք էր ծագել և այն ավարտվել էր Մարտիրոսյանի որդու ձերբակալմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter