HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան. «Ուզում եմ արձանագրել, որ տուժողը սուտ ցուցմունք է տալիս»

Ամալյա Մարգարյան

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացավ Սարի թաղում 2016թ. հուլիս 19-ին ոստիկանության և քաղաքացիների մեջ բախման ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կատարելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուարդ Զեյթունյանի գործով դատական նիստը: Նիստի սկզբին ամբաստանյալ Անդրանիկ Քյոսեյանը  հրաժարվեց իր պաշտպան Դավիթ Մնացականյանից՝ նշելով որ վերջինիս չներկայանալու պատճառով դատական նիստերը հետաձգվում են: Ամբաստանյալի պաշտպանությունը ստանձնեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, ով գործում հանդես է գալիս որպես մյուս ամբաստանյալների ՝ Հարություն Թորոսյանի և Էդուարդ Զեյթունյանի պաշտպան:

Նիստի ընթացքում շարունակվեց տուժող ոստիկանության աշխատակից Իշխան Ավագյանի հարցաքննությունը: Նախորդ նիստի ընթացքում դատավարության կողմերը հայտարարել էին, որ տուժողի տված նախաքննական երկու ցուցմունքերի և դատարանում հայտնածի միջև հակասություններ կան:

Այսօր դատարանում ընթերցվեց տուժողի նախաքննական երկու ցուցմունքները: Դատավոր Ա. Դանիբեկյանը նշեց, որ տուժողը դատական նիստի ընթացքում հայտնել է, որ քաղաքացիների կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ  ձեռքերով ու ոտքերով հարվածներ չի տեսել, սպառնալիքներ չեն հնչեցվել, իսկ նախաքննության ընթացքում պնդել է հակառակը: Նախաքննական առաջին ցուցմունքի մեջ տուժող ոստիկանության ավագ լեյտենանտ Իշխան Ավագյանը նշել էր, որ իրենց են մոտեցել են 20-30 երիտասարդ տղաներ՝ պահանջելով բացել փակ ճանապարհները: Քաղաքացիները նշել են, որ իրենց գազն ու ջուրը կտրել են: Հետո սկսել են հայհոյանքեր օգտագործել ոստիկանների և երկրի ղեկավարության հասցեին: Տուժողը հայտնել  է, որ հավաքված անձինք քարեր են վերցրել իրենց հարվածելու նպատակով:

«Պատնեշի մոտ կանգնած քաղաքացիները սկսեցին ոտքերով և ձեռքերով հարվածել ոստիկաններին, չէին դադարում քարերով հարվածները: Գրավված ՊՊԾ գնդի տարածքից հնչեցին կրակոցներ և ամբոխը դրանից ավելի ագրեսիվ դարձավ: Նշեմ նաև, որ հարվածի հետևանքով վնասվել է տաբատս», -նախաքննության ընթացքում տված առաջին ցուցմունքում նշել էր տուժողը:

Նիստի ընթացքում փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հարց ուղղեց՝ «Արդյո՞ք սպառնալինքեր հնչեցրած անձանց ձեռքին դանակ, թուր, Սասունցի Դավիթի թուր տեսել են»: Տուժողը պատասխանեց, որ քաղաքացիների ձեռքներին նման առարկաներ չի տեսել:

-Նախաքննության ընթացքում նշել էիք, որ նրանք հատուկ նպատակով էին եկել, սակայն հարցաքննության ժամանակ նշեցիք, որ կենցաղային հարցեր էին առաջ քաշում: Ինչո՞վ կբացատրեք այդ հանգամանքը,- հարցրեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Տուժողը հայտնեց, որ հավաքվածների մեջ եղել են և՛ սադրիչներ,  և՛ կենցաղային կարիքների բավարարելու համար եկած մարդիկ:Տուժողը հայտնեց նաև, որ չի տեսել՝ տաբատը ինչպես է վնասվել, սակայն նշեց, որ բժիշկները մկրատով կտրել են տաբատը՝ վերքը մշակելու համար: Տուժողը հայտնեց նաև, որ չի մտաբերում հավաքված անձինք ոտքրեով և ձեռքերով հարվածել են, թե ոչ, սակայն նախաքննության ընթացքում ասել է, որ տեսել է:

Տուժողը նիստի ընթացքում չէր հիշում նաև, թե կրակոցները հնչելուց հետո քաղաքացիներն ավելի ագրեսիվ են դարձել, թե՞ հակառակը: Առաջին ցումնունքում նշել է, որ ագրեսիվացել են, երկորդում՝ հանդարտվել են: Դատարանում նույնպես հստակ պատասխան չտվեց, հետո հայտնեց, որ ագրեսիվանալու մասին լսել է իր ծառայակից ընկերներներից: Երբ փաստաբան Գրիշա Բալասանյանը նորից հարց ուղղեց՝ տեսել է, թե չէ, տուժողը պատասխանեց, որ չի հիշում: Փաստաբանն այս կարծիքը լսելուց հետո ասաց. «Ուզում եմ արձանագրել, որ տուժողը սուտ ցուցմունք է տալիս, որովհետև երբ հարց ուղղեցի, դադարեցրել են թե ոչ, նա ասաց՝ այո: Հետո ասաց, որ լսել է ագրեսիվ են: Եթե դուք չեք տեսել, ինչպե՞ս եք պնդում, որ ագրեսիվ էին: Տաս րոպեի ընթացքում մի քանի տարբերվող և իրար հակասող ցուցմուքներ տվեցիք»:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էլ նշեց, որ հարցերր չկան, քանի որ, տուժողի 3 ցուցմունքներում առկա են հակասություններ. «Երեքն էլ մեկը մյուսին հակասող են, երբ մենք տեսանյութն էլ ուսումնասիրենք, կտեսնենք, որ հակասում են նաև տեսանյութին»:

Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ վկաների հարցաքնությանը տուժողները հրավիրված չէին: Հաջորդ նիստը տեղի կունենա մայիս 5-ին: Հիշեցնենք, որ գործում տուժող են ճանաչվել ոստիկանության յոթ աշխատակիցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter