HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարի թաղի» գործով սկսվեց վկաների հարցաքննությունը

Ամալյա Մարգարյան

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացավ Սարի թաղում 2016թ. հուլիս 19-ին ոստիկանության և քաղաքացիների մեջ բախման ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կատարելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուարդ Զեյթունյանի գործով դատական նիստը: Սկսվեց վկաների հարցաքննությունը: Ցուցմունքով հանդես եկավ գործով վկա ոստիկանության լեյտենանտ Արման Գևորգյանը: Վկան հարցաքննության ժամանակ հայտնեց, որ չի նկատել, թե առաջացած բախման ժամանակ ովքեր են քարերով հարվածել, չէր հիշում, թե հավաքված քաղաքացիները քանի հոգի են եղել: Ոստիկանության կողմից փակված ճանապարհի մասին նշեց, որ դա արվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

Դատախազի այն հարցին` արդյոք տեսել է վառվող անիվներ, ինչպես դատարանում հայտնել էր գործով տուժող ճանաչված ոստիկաններից մեկը, վկան պատասխանեց` ոչ, միայն լսել եմ այդ մասին: Արման Գևորգյանը նշեց, որ բացառում է այն հանգամանքը, որ ոստիկանության անդամները քարեր շպրտեն քաղաքացիների վրա, բայց չբացառեց, որ ժողովրդի մեջ քաղաքացիական հագուստով ոստիկաններ լինելը: Բախման ժամանակ հնչած կրակոցների մասին վկան տեղեկացրեց, որ լսել է, բայց չի հիշում` ինչ պարբերականություն է ունեցել, որ հատվածից է եղել և ինչ զենքով են կրակել: Արման Գևորգյանը հայտնեց նաև, որ չի տեսել քաղաքացու, ով հարվածել է ոստիկանի և հակառակը: Դատավոր Աննա Դանիբեկյանը ընդհատեց վկայի խոսքը, հայտարարեց, որ վկան նախաքննական ցուցմունքի մեջ գրել է, որ «ծեծկռտուք է եղել»: Վկան բացատրեց, որ ծեծկռտուք ասելով նկատի է ունեցել տեղի ունեցող «խառը իրավիճակը»: «Հարվածներ ինքս չեմ տեսել»,-հավելեց վկան:

Դատավորի այն հարցին, թե արդյոք իրականությանը չի համապատասխանում նախաքննության ընթացքում նշածը, վկան ասաց. «Ես կոնկրետ անձի չեմ տեսել հարվածելից ես խառը իրավիճակն եմ տեսել: Ինչքան որ ես եմ հիշում, հարվածներ լինում էին: Ես միայն հիշում եմ, որ քարեր նետելուց հետո, երբ կրակոցներ լսվեցին, ժողովուրդը բարձրացավ դեպի վերև»:

«Դուք, եթե ոչինչ չեք հիշում, ինչու՞ եք եկել դատարան»,- հայտնեց Հրայր Իսախանյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը, ապա հարցրեց վկային. «Դուք ոստիկա՞ն եք»: Լսելով ոստիկանության աշխատակից վկայի` «ինչու չի երևո՞ւմ» պատասխանը, փաստաբանը ասաց. «բայց ոչինչ չեք հիշում»:

Ոստիկանության լեյտենանտ վկայի նախաքննության ցուցմունքի մեջ նորից հակասություններ գտնելով` դատավորն ընթերցեց հատված. «Միջադեպը տեղի է ունեցել մոտ 10-15 րոպե, որի ժամանակ հավաքված անձանց կողմից հնչել են սպառնալիքներ, ասում էին` եթե մեր կողմից ճանապարհը չբացվի, անիվներ կայրեն ու կգլորեն մեր ուղղությամբ, այս պահին հիշում եմ այսքանը»: Նախաքննության այս ցուցմունքը տրվել է դեպքից 3 օր հետո:

«Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ այն գործողությունները, որոնք բացառվում են ոստիկանության կողմից, վկան հիշում է, իսկ այլ իրավիճակների մասին չի հիշում: Ես չեմ ուզում ասել, որ նա սուտ վկայությւն է տալիս, բայց վկայի ցուցմունքն արժանահավատ չէ»,- հայտնեց փաստաբան Գրիշա Բալասանյանը:

Այս գործով հաջորդ նիստը կկայանա մայիսի 23-ին: Ցուցմունքով հանդես կգան մյուս վկաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter