HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

ՍԷՎ(ագրություն). երկխոսության գայթակղության հետեւանքը

2012թ․-ին առաջին անգամ մի ծրագրի շրջանակներում, մի քանի հայերի հետ, հայտվնել էի Ամերիկայում՝ Լոս-Անջելեսն էլ այն քաղաքներից մեկն էր, որտեղ մի օր երեկոյան Գագիկ Ղազարէն ասեց, որ գնում է ՍԷվին (Սէվ Հենրիկ Խաչատրյանին) տեսնելու։ Ինձ առաջարկեց միասին գնալ։

Այդ ժամանակ գիտեի Սէվին այնքան, որքան գիտեի․ ու այդ իմացածս ինձ վախ էր ներշնչում։ Գագիկին ինչ-որ պատճառ ասեցի չգնալուս հետ կապված (չնայած ցանկությունս մեծ էր), բայց երբ գնաց, մենակ մնացի ու հասկացա, որ Սէվին պատրաստ չեմ հարց տալ ու, եթե հարց էլ չտամ, մի տեսակ դիալոգի համար էլ մեծ վախ ունեմ։

Դրանից կարճ ժամանակ անց Սէվը եկավ Հայաստան․ Ավագյան Աշոտին ասացի, որ շատ եմ ուզում տեսնել իրեն։ Ու արվեստագետների մի խումբ՝ Սէվն էլ հետները՝ կաշվե նեղ, բնականաբար, սեւ բաճկոնով, սպիտակ մազերն արձակած, գալիս է Մալաթիայի իմ վարձով տունը։ Ինձ համար արտառոց մի ցերեկույթ է սկսվում, բայց այդ ժամանակ էլ վախս չհաղթահարվեց։ Այդպես, երբ արդեն ինքն Ամերկայում էր, ես այստեղ, սկսեցինք զրուցել ու 2013թ-ին հարցազրույց արեցինք։

Հիմա Սէվի հետ նստած եմ։ Երեկո է, Էջմիածնում ենք («Մաչանենց» միջազգային արվեստի սիմպոզիումի հինգերորդ օրն է), անձրեւ է գալիս, Սէվը չի աշխատում եղանակային պայմանների պատճառով, ու զրուցում ենք․․․ Նաեւ հենց այդ վախի մասին։

Զրույցի հատվածներ կան, որոնք հնչերանգի, իրոնիկ տրամադրության փոխանցման համար անպայման «երեւալ» էին ուզում, բայց հիմա փորձեմ տեքստով փոխանցել։

Միշտ պատճառ եմ փնտրում, թե ինչու ես այս անգամ էլ Հայաստանում։ Ինչո՞ւ ես այստեղ։

Սիմպոզիում կարծեմ նշանակում է «խմել միասին» (հին հունարենից), եւ, եթե հաշվի առնենք, որ ինքնատիպ հավաք է, ուրեմն նախեւառաջ առաջին պայմանը ներկայությունն է։ Արդյոք մարդն իր ներկայությունն զգում է այդ հավաքին, որին եկել է։ Ցանկացած դեպքում մարդն իր ներկայության զգալու, տեղյակության խնդիր ունի, որը շատ կարեւոր է՝ հատկապես այս դեպքում, երբ հատուկ նպատակով ենք հավաքվել, ինչ-որ բան տոնելու, նշելու, ինչ-որ բանի կարեւորություն տալու համար։

Տեղի մասին մտածու՞մ ես։

Տեղը այնտեղ է, որտեղ մենք ենք։

Ու որտե՞ղ ես։

Էստեղ՝ Անուշի հետ նստած զրուցում եմ։ Տեղորոշիչը սկսում է մի կետից ու տարածվում։ Հետո մենք անընդհատ, այսպես ասած, տեղորոշիչներ ենք հորինում, ստեղծում։ Ոնց գցում-բռնում ես, կյանքը ծայրից ծայր ստեղծագործություն է։ Փախչել  չկա։

Ժամանակին Հայաստանից գնալդ տեղ հորինելու, ստեղծելու համա՞ր էր։

Տեղում լինելու այդ զգացողությունը վերականգնելու համար էր․․․

Վերականգվե՞ց։

Մեզանից հետեւողաբար պատրաստում են «տիրասերների»․․․Կամ... չէ՛, «տիրասեր»-ի մեջ վիրավորական բան կա, դեմոկրատականը վիրավորական պետք է «չպարունակի»։  Ը՜մ, «օրինապաշտի՞», բայց «պաշտն» էլ մի քիչ շատ չի՞։

Օրինապա՞հ։

Հա, ճիշտ է, ավելի «ժողովրդավարական» է։ «Օրինապաշտ» բառը ձայնագրեցի՞նք։

Հա․․․

Ամեն դեպքում՝ չեմ հրաժարվի։

Վերականգնվելու մասին ակնարկեցիր, Սէվ, բայց քանի թեման շեղել ենք․․․Պաշտելու բան կա՞ առհասարակ։

Մի ընդհանուր տարածված կարծիք կա, որ աշխարհը մեծ անցումային շրջանում է, ու մեր՝ մարդ արարածներիս, էներգետիկ մակարդակը փոխվում է։ Մենք պետք է փոխվենք, որպեսզի անցնենք հաջորդ «level»… Չնայած «level»-ը էստեղ էդ բառը չի․ մենք ավելի լուրջ բաներից ենք խոսում։ «Level» բառը ոնց որ «զանիտ ենք» սովետահայ եւ «բիզի եմ» ամերիկահայ արտահայտությունը լինի։  Այդտեղ նրբություն կա, չէ՞ ․․․ Հոգնակիով է ներկայացվում ․․․

Չասեցիր՝ պաշտելու ինչը մնաց։

Ասում են՝ առանց պաշտամունքի հավատ չի լինում։ Հնարավո՞ր է հավատ առանց պաշտամունքի․.. Շատ կարեւոր հարց։

Չէ, ոնց հասկանում եմ, «պաշտելու» մասով հիմա չես էլ ասելու։ Բայց քեզ ուրիշ հարց էլ ունեմ։ Արվեստի մեջ նենգություն կա՞։

Հետաքրքիր հարց է․․․Պատահել է, որ ասել են քո արվեստի մեջ սատանայական, ագրեսիվ բան կա։ Իսրայելից մի զույգ եկել էր գործերս նայելու, սկզբից ասեցին՝ վախենալու բան կա, հետո ասում եմ քաղաքավարության ու քաղաքականության ձեւեր մի արեք, ուղիղ ասեք։ Ու ասեց՝ «Yes, demonic…» («այո, սատանայական»)․․․ Կա նաեւ «divine»-ը` «աստվածային»-ը, որը ձեւային ու բովանդակային առնչություններ է պարունակում, բայց էդ մասին հետո․․․ Մի ուրիշ առիթով։

Ասացի՝ գիտեք՝ ինչ կա, մեր ցանկացած հարաբերության` շփման մեջ, ապրող էության մեջ ներխուժման, ագրեսիայի, ինչ-որ զավթողական բան կա․․․ Անգամ հպման մեջ։

Ինքը շարժվում է, եւ հենց էդ պահին միջավայրի հավասարակշռությունը խախտվում է, ավելի ճիշտ՝ ոչ թե խախտվում, այլ փոխվում է` փոփոխվում ․․․ Սիստեմը հավերժ չի, սիստեմը փորձ է էդ հարաբերությունը կարգավորելու։ Նույնիսկ մի հոգին չի կարողանում հարաբերվել էդ սիստեմի հետ, ուր մնաց մարդկություն/հասարակությունը, երկրները․․․

Դրանից է՝ «զբաղված ենք», ոչ թե «զբաղված եմ»։

Հա, հա, որովհետեւ «ես» ասելը բարդ գործ է` դժվար․ էնքան մեծ պատասխանատվություն, որ տակից դուրս գալ չի լինի, հնարավոր չի։ Իսկ, երբ արվեստագետի ստատուսի մեջ ես, ստիպված պետք է ասես, որ սա ես եմ արել։ Ընտրության հարց է առաջ գալիս նաեւ․ իսկ ի՞նչ է նշանակում ընտրություն․ մենք այն ունե՞նք, թե չէ՞։

Ունե՞նք․․․

Պետք է ամեն անգամ նորից պարզել։  Այդ նույնկերպ՝ ազատություն գոյություն ունի՞։ Ոնց նայում ես տարբերակ չկա։ Անգամ սեւ նյութ, սեւ էներգիա հայտնագործելուց հետո ազատությանը համարյա տեղ չկա։

Համարյա եմ ասում, որովհետեւ էն, ինչ որ կա, մի փոքր բան է՝ հազիվ նկատելի, հազիվ շոշափելի։ Միայն տեղում լինելու, ներկա լինելու զգացողությունը վերականգնելուց հետո նոր հնարավոր է ինչ-որ տարբերակումներ տեսնել՝ ազատության- անազատության, ընտրելու հնարավորության ու անհնարինության։

Իսկ տեսողական շերտու՞մ։

Նույնն է։ Տարբեր ուսումունքների ու մտածողությունների մեջ տարբեր ձեւակերպում են ստանում։ Ոնց որ յոգը նստած Հիմալայներում․ ինքը տեսնում է 360 աստիճան, լսում է՝ 100 կմ հեռու ինչ է տեղի ունենում, զգում՝ ոնց թիթեռը շարժեց թեւը ․․․ Հնարավո՞ր է․ հա՛, հնարավո՛ր է։ Եթե հնարավոր չի, ուրեմն տիեզերքի ու ընդհանրապես գոյության մասին առհասարակ խոսել չէինք կարող։

Հաճախ շոուն կարող է ծածկել տեսնելիքը։

Ծածկելը` թաքցնելը, գիտակցությանը հատուկ բան է։ Ինչքան որ կա բացելու, բացահայտելու, բացարձակացնելու մի բան, մյուս կողմից էլ այդ նույն բանը փակելու միտումը կա։ Ուղղակի էնքան արագ է տեղի ունենում դա, որ մենք նույնիսկ հնարավոր է՝ չտեսնենք։

Արանքում եղած եւ ոչ մի գործողությու՞ն։

Որպես հետք  գործողությունը կարող է երեւալ՝ մեծ մասշտաբով։ Երբ փոքրանում է այդ մասշտաբը, կարող եմ ասել, օրինակ, որ ոչ մեկ չգնահատեց տիտանական իմ աշխատանքը։ Բայց դա իրենց գործն է․ իրենք կարող են որոշել, որ Սէվը «recycling» է անում, առաջարկեն ինչ-որ բաներ, հենց այդ առաջ քաշածի շուրջ էլ որոշումներ ընդունեն՝ ֆինանսավորեն կամ չէ, նպաստեն կամ չէ․․․Կամ էլ խանգարեն, որ ես չխանգարեմ իրենց գործին․ դա բնական է։

Ու կարեւոր էլ չի, որ իրենք այնտեղ տասը հազարն են՝ իրենց լոգոներով, ինստիտուտներով, եսիմ ինչերով, իսկ դու մեկն ես։ Մի մարդն է, որ կանգնում տիեզերքի դեմ ու աղոթում, ինչպես Բուդդան։ Եթե գրքերն էլ վերանան, վայրենի ցեղերը կասեն նրա անունը․ գուցե ոչ Բուդդա, բայց «բուբու», «բոբո» կամ նման մի այլ բան։ Հնարավո՞ր է՝ Քիքիի «Բոբոն» էդպիսի մի բան է․․․ Հարցնել է պետք։

Սէվ, գիտես, որ դեռ հինգ տարի առաջ վախենում էի հետդ ծանոթանալ։

Այ, նայիր, թե ինչից սկսեցինք խոսակցությունը՝ բաց-փակից, թաքցնելուց։ Սա էլ նույն օպերայից է․ ես չզարմացա, որ քեզ մոտ այդպիսի ռեակցիա է, ու դա ինձ համար նշան էր, որ հետագա դիալոգի բան ունենք, դու պետք է ուժ հավաքես ու հիմա հենց էսպես զրուցես հետս։

Հա, ես ինքս ինձ խոստովանեցի, որ հարց չեմ կարողանում ձեւակերպել ու դրանից վախենում եմ։

Հարց տալը հեշտ է, բա՞ պատասխանը լսելը։ Բա որ էնպիսի պատասխան տրվեր, որ դու ընդհանրապես լսել չէիր ուզում։ Հետո տեքստից զատ՝ պետք է խոսեիր նաեւ այդ եղածի մասին, մեկնաբանեիր։ Սրան պետք է պատրաստ լինեիր․ ճանաչողական պրոցես է։

Մենք գտնում ենք ոչ միայն դիմացինի թույլ տեղերը, այլ պրոյեկտում ենք մեզ, հետո շոյվում․ գոյություն ունենալու կասկածը այդ պահին վերանում է։ Ու միայն կասկածը չի․ Սիորանի ասած՝«գոյության գայթակղության» մասին է խոսքը․ մեզ մոտ այդպիսի գայթակղություն կա, պարզվում է․․․ Իհարկե, Սիորանի շնորհիվ։

Սիորանն ասեց նաեւ «ծնվելու անհարմարության մասին»․․․

Հա բայց դա ուրիշ է։ Այս մեկը կոչվում է «The Temptation to Exist», որը մի քիչ ուրիշ երանգ ունի, բայց ես այս պահին թարգմանեցի «գոյության գայթակղություն»։ Զգու՞մ ես չէ, որ ավելի շատ հայտարարության նման մի բան է անում։

Մեր հանդիպելու հետ կապվածիրականում հաստատվելու գայթակղության մասին էր խոսքը․․․

Հա բա, չէի թողնելու․․․ Ես իմ տեղը պնդացնում եմ, չէ՞։ Ես հազիվ ինձ համոզել եմ, որ ես գոյություն ունեմ, մեկ էլ ինչ-որ մեկը զենք ու զրահը կապել է, սպիտակ ձիու վրա եկել է, ասում է՝ «убью»․․․․ Ասում եմ՝  «кого убьешь»․․․

Մեր զրույցից մի եզրակացության եկա։

Ապա, փորձիր։

2013թ-ին երբ որ մենք խոսում էինք, ես ուզում էի «ձեւակերպել» քեզ։ Հիմա հասկանում եմ, որ հոսող գետի պես է՝ տեսար-տեսար, լսեցիր-լսեցիր, չէ-չէ։

Բա որ քշեց- տարա՞վ։

Հնարավոր է։ Քշելը  դեռ ոչինչ, կարեւորը չխառնի ուրիշ տեղերի, կորցնի։

Դա մեզ միայն թվում է։ Այսօր առավոտյան զարթնեցի (կեսօրին էլի, որ ինձ համար առավոտ է), Աշրաֆին տեսա, ով եգիպտացի արվեստի պրոֆեսոր է,  ինձ սովորեցրեց, որ «Ասուադ» (արաբերեն` սեւ, սեաւ) բառը ճիշտ արտասանեմ։  Ու հետո ճիշտ արտասանելուց ամբողջ հասկացությունը, իրենց մոտեցումը, բառի առաջացումը պարզ դարձավ։

(Մոտենում է սիմպոզումի մասնակից նկարիչներից՝ Գոհարը։ Ասում է խանգարել չեմ ուզում, ուղղակի եկա տեսնեմ Ձեզ ու գնամ։ Սէվն ասում է՝ նստի)։

Այդ հենց դրա մասին էլ խոսում ենք Անուշի հետ։ Մենք հիմա էստեղ ենք, զգում ենք մեզ, էլ ի՞նչը կամ ո՞վ կարող է խանգարել։ Տես, Անուշ, ոնց է ամեն ինչ կապվում իրար։ Նորից տեղի մասին սկսեցի մտածել։ Այս անգամ ինչու՞ եմ այստեղ՝ Հայաստանում. որպեսզի տեսնեմ` այստեղ լինելս զգում ե՞մ, անելու՞ եմ այն, ինչի՛ համար եկել եմ։

(Այսպես ավարտում ենք զրույցի այն հատվածը, որը նախատեսված էր հղվելու։ Շարունակում ենք զրուցել դեռ չորս ժամ, որը մի օր գուցե նորից հարցազրույցի վերածվելու հնարավորություն ունենա, եթե տեքստը իր տեղում լինի՝ անկախ Սէվից ու ինձնից):

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter