HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ազատամուտում կեղծվել են սոցօգնություն ստանալու դիմումները. հարուցվել է քրեական գործ

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի ոստիկանական բաժնից «Հետք»-ին հայտնել են, որ մեր հրապարակած «Ազատամուտի չհաստատված բյուջեն եւ 6,7 միլիոն դրամի «անհայտ» սոցիալական օգնությունը» և «Որոշ ազատամուտցիներ տեղյակ չէին, որ իրենց սոցիալական օգնություն են տվել» հոդվածների հիման վրա քրեական գործ է հարուցվել։

Իջևանի բաժնի հետաքննության խմբի ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Գալստյանը, վերանայելով մեր հրապարակած նյութերը, պարզել է, որ չպարզված անձի կողմից կեղծվել են Ազատամուտ համայնքի բնակիչներ Լևոն Մանուչարյանի և Անդրանիկ Քոքոբելյանի՝ համայնքի ղեկավարին ուղղված, սոցիալական օգնություն ստանալու վերաբերյալ դիմումները, և դրանց հիման վրա 2016-ի հունիսի 28-ին Քոքոբելյանին տրամադրվել է 30 000 դրամ սոցիալական օգնություն, իսկ դեկտեմբերի 23-ին Մանուչարյանը ստացել է 40 000 դրամ։

Նկատի ունենալով, որ նյութերում առկա է հանցակազմ, հարուցվել է քրեական գործ։

Գործի հիմքում դրվել է Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասը, որն է` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։

Այս հանցագործությունը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկից չորս հարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ սոցիալական օգնություն ստացած անձանց անվանացանկում կային նաև հայր և որդի Արթուր և Անդրանիկ Քոքոբելյանների անունները։ Ըստ անվանացանկի՝ Անդրանիկը հունիսին 30 000 դրամ սոցիալական օգնություն էր ստացել, իսկ որդին՝ Արթուրը, նույնչափ ստացել էր օգոստոսին։ Սակայն Անդրանիկը մեզ հետ զրույցում հերքել էր իր՝ սոցիալական օգնություն ստացած լինելու հանգամանքը: «Չէ, մենք չենք ստացել։ Ես տեղյակ էլ չեմ սկի», - ասաց նա։ Իսկ հոր փոխանցմամբ՝ Արթուրը ստացել է 20 000, ոչ թե 30 000` որպես բանակից զորացրված զինվոր։

Հավելենք, որ Ազատամուտը Հայաստանի միակ համայնքն է, որի 2016թ. ծախսերը և 2017թ. տարեկան բյուջեն դեռևս չեն հաստատվել՝ համայնքի ավագանու կողմից քվորում չապահովելու պատճառով: Վերջինի պատճառը ավագանու անդամների ու համայնքի ղեկավարի միջև եղած հակասություններն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter