HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Իշխան Բարսեղյանն ինչու՞ էր եկել փողը վերցնելու. դատարանում ցուցմունք տվեց դատավորի դեմ հաղորդում տված անձը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Իշխան Բարսեղյանի գործով նիստի ընթացքում դատավորը երեկ՝ մայիսի 25-ին, ստիպված եղավ ընդմիջում հայտարարել ու փոխել նիստերի դահլիճը:

Այս գործի քննությունը մինչև այսօր անցկացվել է դատարանի ապակիներով դահլիճում, որտեղ ապակիների մի հատվածում դատավարության կողմ հանդիսացող, իսկ մյուսում՝ կողմ չհանդիսացող անձինք, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն են:

ԶԼՄ ներկայացուցիչները դեռևս նախորդ դատական նիստին փաստաբաններին հայտնել էին, որ ապակիներից այս կողմ ձայնը հստակ չի լսվում, և փաստաբաններն այս մասին բարձրաձայնել էին դատական նիստի ընթացքում:

Դատավոր Վաչե Մարգարյանի կողմից այսօր, կարծես թե, որոշակի քայլեր ձեռնարկվել էին, և իր, վկայի, դատախազի ձայնը լսելի էր, մինչդեռ ամբաստանյալների և վերջիններիս պաշտպանների խոսքը դարձյալ պետք էր «գուշակել»: Նշենք, որ այսպիսով խախտվում է դատական նիստի հրապարակայնության սկզբունքը:

Լրագրողները դարձյալ փաստաբանների միջոցով բարձրաձայնեցին խնդրի մասին, ու դատավորը որոշեց փոխել նիստերի դահլիճը:

Այսօր դատարանում ցուցմունք տվեց դատավորի գործով առանցքային վկա Նորիկ Հակոբյանը: Վերջինս դատավորի դեմ ԱԱԾ-ում հաղորդում տված անձն է:

Դատավորի հարցին՝ որտե՞ղ եք ծնվել, վկան պատասխանեց՝ «Մարգարյան» հիվանդանոցում:

Դատարանում Նորիկ Հակոբյանը պատմեց, որ Իշխան Բարսեղյանի վարույթում է եղել այն բնակարանի շուրջ վիճաբանության հարցը, որում ինքն է բնակվում: Նշենք, որ այս գործով առաջին ատյանի դատարանը Հակոբյանի վերաբերյալ վտարման վճիռ է կայացրել, որը Վերաքննիչ դատարանում բեկանվել ու ուղարկվել է նոր քննության: Գործով նոր դատավորը եղել է Իշխան Բարսեղյանը, և Հակոբյանի փաստաբան Կիմա Սարյանը հակընդդեմ հայց է ներկայացրել:

«Հա գնացի, եկա՝ հարցրեցի՝ Կիմա հակընդդեմ հայցը վարույթ ընդունվե՞լ է, ասաց՝ չէ, չի ընդունվում, հարցրի՝ ինչու չի ընդունվում, չկա՞ այնպիսի մարդ, որ մոտենա, հարցնի՝ ինչու չի ընդունվում, մի երկու անգամ ասացի, հետո մի հեռախոսահամար տվեց, զանգեցի Էլզային. արդեն Էլզային գիտեի. էն ժամանակ «ոմն էր», էդ ժամանակ արդեն գիտեի»,-«լղոզված» ձևակերպմամբ խոսեց Նորիկ Հակոբյանը:

Նշենք, որ ԱԱԾ-ում հաղորդում ներկայացնելիս Նորիկ Հակոբյանն օգտագործել է «ոմն Էլզա» տերմինը, այն դեպքում, երբ, գործի նյութերին ծանոթանալիս պարզ է դառնում, որ Էլզա Զաքարյանն իր համար «ոմն» չէր, նրան ինքը հաղորդում ներկայացնելիս ճանաչում էր: Իշխան Բարսեղյանի պաշտպան Կարեն Ղազարյանն այսօր տևական ժամանակ փորձում էր վկայից պարզել՝ հաղորդում ներկայացնելու պահին վերջինս Էլզա Զաքարյանին ճանաչո՞ւմ էր, թե վերջինս «ոմն» էր, սակայն այդպես էլ հարցին հստակ պատասխան չտրվեց:

Նորիկ Հակոբյանի ցուցմունքի համաձայն՝ ինքը զանգել է Էլզա Զաքարյանին, գնացել, նրան վերցրել, որպեսզի վերջինս գա դատարան ու իմանա՝ ինչ է եղել հակընդդեմ հայցի ճակատագիրը:

«Եկանք, Էլզան մտավ Իշխան Բարսեղյանի մոտ, ասաց, որ Բարսեղյանը հակընդդեմ հայցը վարույթ չի ընդունել: Հետո Էլզան զանգեց, Կիման եկավ: Ես Էլզային խնդրեցի՝ ասացի՝ Էլզա՛ ջան, մի հատ գնա, իմանա ոնց ա էլի. վտարում են տվել, բայց ես 86 թվականից այդ տանն եմ ապրում: Ո՞նց կարող է ես 86 թվականից ապրեմ էդ տանն, ու գան, կեղծ ստորագրություններով ինձ վտարեն, ասացի՝ դատավորին ասա, թող «կոմիսիա» ստեղծեն, գան, հետաքրքրվեն՝ ո՞վ ա էստեղ ապրել: Էլզան երկրորդ անգամ գնաց, եկավ ու ասաց՝ Նորիկ ջան, Իշխանն ասում ա՝ մի հատ 1000 մանեթ՝ դոլար, կտաս, ոչ կվտարեմ, ոչ էլ»,- պատմեց վկան ու նշեց, որ ինքն անգամ 10 000 դրամ չի ունեցել, ու այդ մասին ասել է Էլզա Զաքարյանին:

Հակոբյանի խոսքով` Իշխան Բարսեղյանն Էլզա Զաքարյանի միջոցով իրեն փոխանցել է նաև, որ եթե այդ օրը փողը բերի, թող բերի, իսկ եթե ոչ, ապա այլևս թող չդիմի այդ հարցով:

«Հիմա ես ընկել եմ երկու քարի արանք. ինձ իմ ապրած տեղից վտարեն, ու ոչ ոք չասի՝ խի»,-պատմեց վկան ու նշեց, որ Էլզա Զաքարյանն իրեն ասել է, որ եթե փողը գտնի, իրեն այդ մասին տեղյակ պահի, ինքն էլ դատավորին տեղյալ կպահի, որպեսզի Հակոբյանն ու Բարսեղյանն իրար հետ լուծեն իրենց խնդիրները՝ նշելով, թե ինքը գործ չունի:

Էլզա Զաքարյանն, ըստ Հակոբյանի ցուցմունքի, իրեն ասել է, որ որևէ օգուտ չունի այս ամենից, պարզապես լավության կարգով է անում:

«Եկա, շատ երկար մտածելուց հետո, երբ հասկացա, որ ոչ մի կերպ չեմ կարող գումար գտնել, գնացի Շենգավիթի ԱԱԾ ու ասացի, որ իմ ապրած տեղից ինձ ուզում են վտարեն, փող են ուզում, ու իրենց էդ գործողությունները սկսեցին»,- պատմեց Նորիկ Հակոբյանը:

Վերջինիս խոսքով՝ դրանից հետո ԱԱԾ-ում իրեն գումար են տվել, ինքը զանգել է Էլզային ու ասել, որ գումարը գտել է:

«Էլզան զանգում է Իշխան Բարսեղյանին, Իշխանը գալիս է կինոյի շենքի մոտ, Իշխանն ասում ա՝ դե, Նորի՛կ ջան, ես դատը կհետաձգեմ, «կոմիսիա կստեղծեմ», ո՞նց կարող են քեզ վտարել ու զգուշացնում. էնպես կանես, որ Կիման չիմանա»,-պատմեց Հակոբյանն ու նշեց որ դրանից հետո ինքը գումարը տվել է Իշխան Բարսեղյանին ու գնացել. այլևս տեղյակ չէ, թե ինչպես են նրան ձերբակալել, տեղյակ չէ նաև այլ մանրամասներին:

Հակոբյանը նշեց, որ ինքը ամբաստանյալ  Էլզա Զաքարյանին, ինչպես նաև փաստաբան Կիմա Սարյանին չի դիմել՝ դատավորի հետ գումարի, կաշառքի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու համար, ասում է՝ ես գումար չունեի, որ առաջարկեի ու պնդում, որ Էլզա Զաքարյանը ևս մինչև դատավորին հանդիպելն իրեն այդ հարցով չի դիմել, այլ միայն, դատավորին հանդիպելուց հետո, փոխանցել է վերջինիս խոսքերը:

Վկան հակասական պատասխաններ տվեց այն հարցի վերաբերյալ, թե որտեղից է ճանաչում փաստաբան Կիմա Սարյանին, ով ներկայացրել է հակընդդեմ հայցը:

Հակոբյանը պատասխանեց, թե իրեն հեռախոսահամար են տվել:

Իշխան Բարսեղյանի փաստաբան Լիանա Գրիգորյանի հարցին՝ արդյոք՝  Էլզա Զաքարյանը նրան ասե՞լ է, որ ինքը չի կարող զբաղվել Հակոբյանի շահերի պաշտպանությամբ, և նրան ծանոթացրել է Կիմա Սարյանի հետ, որպեսզի վերջինս զբաղվի գործով, Հակոբյանը պատասխանեց, որ նման բան չի եղել:

Լիանա Գրիգորյանը ևս մեկ անգամ փորձեց ճշտել, թե որտեղի՞ց է վկան ճանաչում Կիմա Սարյանին:

«Հիմա դուրս գանք դուրս, «սլեսարի» համար ուզենք, 2 հոգի լինեն, 5 հատ կտան... ամբողջ քաղաքը դատապաշտպան ա»,- ասաց Նորիկ Հակոբյանը:

Մինչդեռ Իշխան Բարսեղյանի փաստաբաններից Կարեն Ղազարյանի նույն հարցին, թե որտեղի՞ց է Հակոբյանը ճանաչում Կիմա Սարյանին, վկան պատասխանեց, որ իրեն Կիմա Սարյանի հեռախոսահամարը տվել է Էլզա Զաքարյանը:

Նշենք, որ բնակարանի շուրջ քաղաքացիական գործին զուհահեռ Նորիկ Հակոբյանի հաղորդման հիման վրա քննվել է նաև քրեական գործ՝ Հակոբյանի եղբոր Սահակ Հակոբյանի մասնակցությամբ:

Ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության համառոտ բովանադակության` Սահակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ստանալու դիտավորությամբ  նոտարական գրասենյակ կեղծ տեղեկություն ներկայացնելու ու այդպիսով այդ գույքի նկատմամբ իրավունք ստանալու, Նորիկ Հակոբյանին գույքային վնաս պատճառելու համար: Գործը քննվել է Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում`դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ու Սահակ Հակոբյանն արդարցվել է:

Ինչ վերաբերում է քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճռին, այն բեկանվել է հիմքով, որ Նորիկ Հակոբյանը դատական նիստերի վերաբերյալ չի ծանուցվել՝ այսպիսով զրկվելով իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատական պաշտպանության հնարավորությունից, այսինքն՝ այս գործով դեռևս վերջնական դատական ակտ  կայացված չի եղել:

Պաշտպան Լիանա Գրիգորյանը Հակոբյանին հարց ուղղեց, թե ինչո՞ւ վերջինս չի սպասել իր դատական նիստի ընթացքին:

«Սպասեի, որ վտարեի՞ն»,- հարցին  պատասխանեց Նորիկ Հակոբյանը:

Լիանա Գրիգորյանի հարցին`ինչո՞ւ է վկան անմիջապես հաղորդում տվել ԱԱԾ, Հակոբյանը պատասխանեց`իմ մոտ «պրինցիպ» ա առաջացել:

Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց հանգամանքի վրա, որ Իշխան Բարսեղյանը Նորիկ Հակոբյանին որևէ բան չի ասել, գումար չի պահանջել, պայմանավորվածություն ձեռք չի բերել, և հարց ուղղեց Հակոբյանին, թե ինչո՞ւ է վկան անմիջապես հավատացել Էլզա Զաքարյանի խոսքին:

«Եթե էլզան ինձ խաբել ա, Իշխան Բարսեղյանն ինչի՞ էր եկել փողը վերցնելու»,- ի պատասխան նշեց Նորիկ Հակոբյանը:

Գրիգորյանը հետաքրքրվեց նաև, թե արդյոք Կիման Սարյանը երբևէ Հակոբյանին ասե՞լ է, որ ինքը դատավորին չի մոտենա, բայց մարդ կա, ով կմոտենա:

«Չէ, նման բան չի եղել, պահի տակ ասել է, որ մարդ կա, համարը կտամ, կազանգես»,-ի պատասխան նշեց վկա Հակոբյանը:

Վկայի հարցաքննությունն այսօր չավարտվեց, և կշարունակվի հաջորդ դատական նիստին:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերին 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Բարսեղյանն աշխատում էր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ մեղադրանքի՝ քաղաքացիական գործով կողմերից մեկի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter