
Երկու ուրախ լուր ստացա, երկուսն էլ՝ ազատության մասին
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Միանգամից երկու ուրախ լուր ստացա բանտախցում, երկուսն էլ՝ ազատության մասին, ու դրանք տոնեցի հոնի հյութով: Առաջինը` Վոլոդյա Ավետիսյանի ազատումն է, երկրորդը` Չեխիայում 23 տարի առաջ երկու մարդու սպանության մեղադրանքով ցմահ բանտարկված, 2000թ-ին փախուստ կատարած, ապա նորից բանտված Իրժի Կայինեկի ազատումը:
Վոլոդյա Ավետիսյանի ձեռքով աճեցրած վարդեր նվիրելու պահը հուզիչ էր, իսկ ազատազրկման վայրից անմիջապես կառավարության շենքի առաջ գնալը և նստացույց սկսելը` բանտարկյալների իրավունքների պաշտպանության համար, ուղղակի զարմացրեց ինձ:
Ինչ վերաբերում է Կայինեկին, ապա ասեմ, որ նրա դատապարտման ու պայքարի պատմության մասին իր իսկ սցենարով նկարահանված «Կայինեկ» գեղարվեստական ֆիլմը նայել եմ տարիներ առաջ՝ բանտում: Նա 23 տարի անընդմեջ պնդում է, որ դատական սխալի հետևանք է իր դատապարտումը, բազմիցս վիճարկել է դատավճիռը, սակայն մերժումներ է ստացել: Կայինեկը ազատվել է Չեխիայի նախագահի ներման շնորհիվ: Լրագրողներին ասել է, որ շարունակելու է պայքարը գործի վերաբացման համար արդեն ազատության մեջ:
Ուրախալի է, երբ լսում ես մարդասիրական սկզբունքների իրական գործողության մասին: Ցավալի է, որ Հայաստանում ոչ միայն մինչ օրս չկա նախկինում կայացված մահապատժի դատավճռի վերանայման նախադեպ, ինչպես գրեթե բոլոր զարգացած երկրներում, այլ նաև ներման տեսքով մարդասիրական մոտեցումն է իսպառ բացակայում: Մնում է հուսալ, որ Հայաստանում գոնե մարդասիրությունն ընտրովի չի լինի` միայն մերձավորների համար:
Բանտախցում`պատի վրա, շուտով կավելանա ևս մեկ ձեռքբերման մասին վկայական` Եվրասիական ստեղծագործական գիլդիային իմ անդամակցության վերաբերյալ հավաստագիրը, որը շուտով հարազատներս կփոխանցեն ինձ: Սակայն, մեկուսարանի անձնական գործում ոչ մի նշում չի արվում նման ձեռքբերումների մասին, ինչպես չի գնահատվում ոչ մի դրական բան առհասարակ: Այս առումով կուրսային աշխատանքումս առաջարկել եմ օրենսդրական փոփոխություն.
Քրեակատարողական օրենսգրքի 93 հոդվածի համաձայն` օրինապահ, դրական վարքագիծ, աշխատանքի և ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու համար ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ ԿԱՐՈՂ ԵՆ կիրառվել խրախուսանքի միջոցներ` լրացուցիչ կարճատև կամ երկարատև տեսակցության տրամադրման տեսքով, փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պահվող դատապարտյալի զբոսանքի տևողության ավելացում մինչև երկու ժամ` մեկ ամիս ժամկետով: Նույնիսկ դատապարտյալը, որպես խրախուսանքի միջոց, կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ՔԿՀ:
Գործնականում «ԿԱՐՈՂ ԵՆ ԿԻՐԱՌՎԵԼ» արտահայտությունը զրոյացնում է այս նորմի կիրառումը, քանի որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ցուցաբերում է կամայական, քմահաճ, չհիմնավորված մոտեցում: Այսինքն՝ կուզեն կխրախուսեն, կուզեն՝ ոչ: Հետևաբար, որպեսզի օրենսդրի կողմից մշակված այս դրույթն իրականում դառնա օրենքի նորմ, հարկավոր է «ԿԱՐՈՂ ԵՆ» բառը փոխարինել «ՊԵՏՔ Է ԿԻՐԱՌՎԵՆ» բառերով: Միայն այս պարագայում դատապարտյալները կձգտեն օրինապահ, դրական վարքագիծ դրսևորել:
Տարիներ առաջ համառելով՝ կարողացա հասնել օրենսդրական փոփոխության՝ դատապարտյալին թույլատրվեց իր մերձավոր ազգականի համար հյուսվածքների և օրգանների կենդանի դոնոր լինել (օրենսդիրն անհասկանալի պատճառով արգելել էր դատապարտյալին` իր հարազատի կյանքը փրկել): Համառության արդյունքում միգուցե ստացվի նաև այս և մի շարք այլ օրենսդրական փոփոխության առաջարկներ կյանքի կոչել:
Յուրաքանչյուր պարագայում, համոզված եմ, որ անկախ դժվարություններից, պետք է շարունակել պայքարել, պահանջել, գործել, աշխատել, որ դրական փոփոխությունները սարերի հետևում չմնան:
Մեկնաբանել