HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք ուսուցիչ ենք, պետք է հանդուրժողական լինենք». տնօրենների դիրքորոշումը

Բոլոր 30 տնօրենները հրաժարվել են ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացրած հայցերից: Այս մասին «Հետքին» հայտնեց տնօրենների ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը:

Առաջինը թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանն է մամուլում հանդես եկել կոչով՝ ներողամիտ գտնվել ու հրաժարվել դատական հայցերից: Դրանից հետո, ինչպես ասում է, տնօրենների ներկայացուցիչը, ամեն օր զանգեր է ստացել տարբեր տնօրեններից: «Անցյալ շաբաթվա դրությամբ արդեն բոլոր հայցերից հրաժարվելու դիմումներ էինք ներկայացրել դատարան»,-ասաց Հարություն Հարությունյանը:

Հայցերից հրաժարման դիմումների մեջ, սակայն, որևէ պատճառաբանություն չի նշվել. «Գրել ենք հայցից հրաժարվում ենք, խնդրում ենք կարճել… Մենք ուսուցիչ ենք, պետք է հանդուրժողական լինենք. սա է եղել տնօրենների ընդհանրացված դիրքորոշումը»,-փոխանցեց ներկայացուցիչը:

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 17-ին մեկնարկել են շուրջ 30 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հայցերով նախնական նիստերն՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի: Երեկ երեք հայց է լսվել: Մեզ հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ նիստերը տևել են մի քանի րոպե: Ներկա չեն եղել հայցվորներն ու նրանց ներկայացուցիչները: Պարզապես ընթերցվել են հայցերից հրաժարվելու դիմումները:

Ըստ Դանիել Իոաննեսյանի, մի բան ակնհայտ ու անվիճելի է՝ տնօրենները հասկացել են՝ նման բան պիտի չանեին: Նա համարյա վստահ է, որ տնօրեններին, մեղմ ասած, ուղղորդել էին դատարան դիմել: 

Ըստ պատասխանողի, տնօրենները համարյա 5 մլն դրամ են ծախսել հայցերի վրա, իսկ հետո հրաժարվել երկու պատճառով՝ գիտակցել են. «մենք ոչ մեկին չենք զրպարտել», բացի այդ, դատարանում անընդհատ հիշատակվելու էր նախընտրական ցուցակների պատմությունը:

Դանիել Իոաննեսյանը կարծում է, որ հնարավոր էր երկու տարբերակ. «Առաջին՝   դատարանում մենք կհաղթեինք, իսկ ոչ մեկի համար դատարանում պարտվելը հաճելի չէ, բայց դատական պրոցեսի ողջ ընթացքում բոլորին հիշեցնելու էին ցուցակների գործը: Տարբերակ երկրորդ՝ հնարավոր է հրահանգ լիներ որոշ գործերով ակնհայտ ապօրինի որոշում կկայացնել: Դատական նիստերին դարձյալ ամեն անգամ կհիշեին ցուցակների պատմությունը: Սա շատ լուրջ խնդիր կլիներ իշխանության համար: ՄԻԵԴ-ում կհաղթեինք ի վերջո: Թե՛ իշխանության, թե՛ տնօրենների համար սա էլ ցանկալի սցենար չէր լինի»:

Հիշեցնենք, որ դպրոցների ու մանկապարտեզների 30 տնօրեններ դեռևս այս տարվա ապրիլի սկզբին զրպարտության հայցով դիմել էին դատարան: Պատասխանողը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն է և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Բոլոր տնօրենների պահանջը նույնն է՝ ներողություն և 2 միլիոնական դրամ (ընդհանուր՝ 60 մլն դրամի պահանջ): Բացի այդ, որոշ տնօրեններ հայցով պահանջել են ներկայացուցչի գումարը՝ 120.000 դրամ և դատարան դիմելու նախապես վճարած պետական տուրքը՝ 44.000 դրամ,  բռնագանձել «Իրազեկ քաղաքացիների միավորումից»:   

Տնօրենները դիմել էին դատարան այն բանից հետո, երբ ԱԺ նախընտրական շրջանում ՀԿ-ն հրապարակել էր «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» վերտառությամբ հոդվածը, որը լայն տարածում գտավ հանրության տարբեր շրջանակներում ու սոցիալական ցանցերում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter