
Տնտեսական ակտիվությունն առաջին կիսամյակում 6.1%-ով աճել է
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 6.1%-ով աճել է. տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) շտապ հավաքագրված տվյալներից, որոնք հրապարակվել են այսօր։
Առաջին կիսամյակի կտրվածքով նույն պատկերն է, ինչ նախորդ ամիսներին՝ տնտեսությունն, ըստ վիճակագրության, ակտիվացել է արդյունաբերության, առևտրաշրջանառության և ծառայությունների ոլորտներում գրանցված ծավալների աճի հաշվին։ Իսկ շինարարությունը և գյուղատնտեսությունը դեռևս զսպում են աճը։
Նկատենք, որ հունվար-մայիսի կտրվածքով ՏԱՑ-ի աճը 0.3 տոկոսային կետով բարձր էր։ Պատճառն այն է, որ մայիսին, 2016–ի նույն ամսվա համեմատ, ՏԱՑ-ն աճել է 8.3%-ով, իսկ հունիսին՝ 5.1%-ով։ Այսինքն՝ աճի տեմպը հունիսին թուլացել է։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 760 մլրդ դրամ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճելով 12.4%-ով։
Առևտրաշրջանառությունը երկրում կազմել է շուրջ 1.122 տրլն դրամ՝ աճելով 12.6%-ով, իսկ ծառայությունների ծավալը (այստեղ առևտուրը չի ներառվում)` մոտ 649 մլրդ դրամ, աճը՝ 10.9%:
Շինարարության ոլորտը շարունակում է երկնիշ թվով վայրէջքը։ Առաջին կիսամյակում ծավալը կազմել է մոտ 112 մլրդ դրամ, անկումը՝ 10%:
Իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 247 մլրդ դրամ, անկումը՝ 1.4%:
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Մեկնաբանել