
Խոսրովի արգելոցում երեք օր առաջ բռնկված հրդեհը շարունակվում է (տեսանյութ)
Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը շարունակվում է: Արտակարգ իրավիճակների նախարարության` տեղում ծառայություն իրականացնող աշխատանքային խմբի նախնական տվյալներով՝ արգելոցում այրվել է 400 հա տարածք: Օրվա ընթացքում արդեն վեց թռիչք է կատարել նաեւ երեկ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ԱԻՆ-ի «Ավիացիոն-փրկարարական ընկերության» «Իլ-76ՏԴ» հրշեջ ինքնաթիռը:
![]() |
![]() |
Մարում իրականացնող հրշեջ ինքնաթիռը միանգամից բաց է թողնում 40 տոննա ջուր, որը լիցքավորում է «Էրեբունի» օդանավակայանում: Տեղում իրավիճակը հսկող արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարները հավաստիացնում են, որ «Իլ-76ՏԴ» հրշեջ ինքնաթիռը հրդեհաշիջող թռիչքներ կկատարի` մինչև մարի կրակը, որից հետո տեղում ծառայություն կիրականացնեն փրկարարները, զինծառայողները, բնապահպանության նախարարության աշխատակիցները՝ ջրատար ուսապարկերով վերջնականապես մարելով կրակը:
![]() |
![]() |
Մեր այցելության ժամանակ հրդեհվում էին «Խոսրով» տեղամասի «Բելի Դոմ» կոչվող տարածքին կից անտառները։ Աշխատանքային խումբը հույս ուներ, որ հրշեջ ինքնաթիռը հրդեհաշիջման գործը իրականացնելուց բացի, կրակի մարմանը կաջակցի նաև անձրևը։
![]() |
![]() |
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արայիկ Պետրոսյանն ասում է՝ տանն էր, երբ արգելոցից զանգահարեցին և ասացին, որ անտառում կրակ է բռնկվել։ Զանգահարել է արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ծառայության 911 հեռախոսահամարին և մինչ փրկարարների ժամանելը արգելոցի աշխատակիցների հետ փորձել է մարել կրակը, սակայն տեսնելով, որ իրենց մեքենաները մնացել են կրակի մեջ, սպասել են փրկարարների և տեխնիկայի ժամանելուն։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել