HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մաքսիմ Մանուկյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտան Հայաստանը ներկայացնող երեք ըմբիշներ:

80 կգ քաշային կարգում հրաշալի ելույթներ ունեցավ Մաքսիմ Մանուկյանը: Եզրափակիչ գոտեմարտում Մանուկյանը 5:0 հաշվով ջախջախեց Բելառուսը ներկայացնող ըմբիշ Ռադիկ Կուլիևին և հռչակվեց աշխարհի չեմպիոն:

29-ամյա Մաքսիմ Մանուկյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով հաղթել էր իրանցի մարզիկին: 1/8 եզրափակիչ փուլում հայ ըմբիշը ուժեղ էր գտնվել շվեդ Ալեքս Միշելից՝ առավելության հասնելով 8:4 հաշվով: Քառորդ եզրափակչում Մանուկյանը 3:0 հաշվով հաղթել էր գերմանացի Պասկալ Էյզելին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ 7:0 հաշվով պարտության էր մատնել Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլիին:

Այսօր մրցանակային տեղ կարող էր զբաղեցնել նաև 66 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանը, ով քառորդ եզրափակչում պարտություն կրեց, սակայն սփոփիչ գոտեմարտում պարտության մատնելով ադրբեջանցի ըմբիշին՝ հնարավորություն ստացավ մենամարտելու բրոնզե մեդալի համար: Այստեղ նրա մրցակիցը Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Սուրկովն էր: Ասլանյանը պարտություն կրեց 2:1 հաշվով՝ մնալով առանց մեդալի:

Այսօր մրցագորգ դուրս եկած մյուս հայ ըմբիշը՝ Վազգեն Խաչատրյանը, ով ներկայացնում էր 59 կգ քաշային կարգը, նույնպես հնարավորություն ուներ բրոնզե մեդալի համար պայքարելու, սակայն սփոփիչ գոտեմարտում 4:2 հաշվով զիջեց լիտվացի Յուստաս Պետրավիչուսին:

Հիշեցնենք, որ նախօրեին իր կարիերայում երրորդ անգամ աշխարհի չեմպիոն էր դարձել 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ով եզրափակչում 3:1 հաշվով հաղթել էր ռուս Մուսա Եվլոևին:

լուսանկարը՝ armnoc.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter