HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Խորհրդային Հայաստանի «լավագույն ֆոտո-թղթակիցներից» մեկը ներկայանում է մինչ այս չցուցադրված լուսանկարներով

Իմ տեսած վերջին լուսանկարչական խոշոր ցուցահանդեսներից մեկը երեւանյան մշակութային խրոնիկայում կարելի է գրանցել որպես «աննախադեպ»՝ նյութի կարեւորության, համադրման (համադրող՝ Վիգեն Գալստյան) եւ մինչ այդ տեղի ունեցած տարիների աշխատանքի համար (նախագծի ղեկավար՝ Սոնա Հարությունյան, «Մշակութային երկխոսություններ» կազմակերպության հիմնադիր նախագահ)։

Խոսքս Գագիկ Հարությունյանի «Ժամանակի ստվերները» լուսանկարչական արվեստը ներկայացնող հետահայաց ցուցադրության մասին է։

Իննսունականներից հետո արվեստագետը ոչնչացնում է իր տպված լուսանկարների մեծ մասը։ Պահպանված սեւապատկերներից երկու հարյուրը վերականգնվել ու տպվել են այս նախագծի իրականացման համար՝ վեց տարիների ընթացքում։ «Ժամանակի ստվերները» ցուցահանդեսում ընգրկված 183 լուսանկարների մեծ մասը ներկայացվում է հանրությանն առաջին անգամ։

Խորհրդային Հայաստանում լուսանկարիչները հիմնականում աշխատել են լրատվամիջոցներում․ Գագիկ Հարությունյանը՝ նույնպես։ Ինչպե՞ս է ստացվել, որ նրա լուսանկարները պատկերում են «մյուս» կողմը, որը որպես լուսանկարչական արվեստի ուժ ներգործություն ունի եւ իր գործուեության տարիներին, եւ հիմա։ Ինչպե՞ս է ինքը՝ Հարությունյանը ներկայացնում այդ լուսանցքը, «ստացվելու» պատմությունը․․․Ինչպե՞ս այս ամենին զուգահեռ Հարությունյանը լայն ճանաչում ձեռք բերեց որպես հանրապետությունում աշխատող «լավագույն ֆոտո-թղթակիցներից մեկը» (1984թ․"Комсомолец"):

Հարցազրույցը կարող էր լինել լուսանկարչության մասին, գործունեության, փորձի, բայց անհնարին է այդպես ներկայացնել մի լուսանկարչի, ով սոցիալական ռեալիզմն ու սյուռեալիզմը ներկայացնելու միաժամանակյա հնարավորություն է գտել, ով «շրջել» է նեգատիվը, որպեսզի թռչնի անշչացած մարմնին ազդեցություն տա, ով իր ստվերը լուսանկարի մաս է դարձրել եւ «կոտրել» տարածությունը՝ զետեղելով համադրությունը ոչ պատահական ձեւով։ Ում լուսանկարներում Համո Սահյանն է՝ ոչ որպես «Համո Սահյան», այլ որպես մեկը, ում միջավայրը վերածել է Համո-պոետի, որտեղ շարժումն այնքան դոմինանտ է, որ պատերազմի հետեւանքը դառնում է «անփեղք» դարպասի տեղափոխումը մարդու կողմից։

Մտածում եմ՝ Գագիկ Հարությունյանի հետ պետք է շրջել ողջ սրահով մեկ, որքան էլ տեւի։ Պետք է կանգնել իր հետ յուրաքանչյուր լուսանկարի մոտ այնքան ժամանակ, որքան ինքն է նախատեսում խոսել ու «վերապատմել»։

Եվ այսպես` Գագիկ Հարությունյանն ու ես դիտում ենք լուսանկարիչ «Գագիկ Հարությունյանի» հետահայաց ցուցադրությունը։

Քանի չենք սկսել շրջել, ուզում եմ հարցնել լուսանկարներն այրելու մասին։ Ի՞նչն էր պատճառը, ի՞նչ որ հուսահատության նշան էր, ընդդիմությա՞ն։

Լրագրողներն այնքա՜ն են ուռճացրել այս հարցը։

Ուզու՞մ եք՝ անցնենք առաջ, եթե չեք ուզում խոսել դրա մասին։

Չէ, այրելու մասին․․․ Ուրեմն 60-ական թվականների սկզբներին ես սկսել եմ լուսանկարչությամբ զբաղվել, երեւանյան կրպակներում այդ ժամանակ լեհական, չեխական, գերմանական, հունգարական ֆոտոամսագրեր էին վաճառում։ Դրանց ազդեցությունն եմ կրել, նման «խաղեր» արեցի։ Երբ գնացի «Լրագիր» թերթում աշխատելու, արդեն նախորդ լուսանկարները գունաթափվում էին, քայքայվում էին, դրա համար այրեցի մի մասը։ Սա առաջին փուլը։

Փաստորեն «փուլային» այրումներ էին։

Երկրորդ այրումը նեղ եւ մութ տարիներին էր՝ իննսունականների սկբզներին, երբ ցուրտ ձմեռ էր, եւ վառելիք չկար տաքանալու։ Ես իմ նկարները վառեցի, ոչ բոլորը իհարկե, «Աֆրիկա» շարքը, որը որ հաստ կարտոնի վրա էր կպցրված․ հոյակապ վառվում էր։ Բայց դա չի նշանակում՝ ես ոչնչացրի այս շարքը․ սեւապատկերի վրա ունեմ պահպանված, եւ կարելի է ավելի լավը տպել։ Այսինքն իրական կորուստ, որպես այդպիսին, չի եղել։

Երրորդ այրումն արդեն 2000-ականների սկզբին էր․ մի նկարի համար միջին հաշվով ծախսվում էր երեքից վեց «լիստ» թուղթ․ ընտրում էի առաջին երեք լավագույն տարբերակները, իսկ մնացածն արդեն պետք էր այրել, պահել չէր կարելի։ Հետին մտքերով չեն այրվել։ Բնական պրոցես է եղել։

Սկսենք շրջայցը։ Գառնին՝ այսքան մինիմալ, կտրվածքների ու մի քանի շերտերի հետեւում։

«Գառնիի հեթանոսական տաճարը», 1981

Լուանկարիչը պետք է միշտ շարժման մեջ լինի։ Այդ օրը գնացել էի այլ բան նկարելու։ Խորքերում սբ․ Ստեփանոս կոչվող (եթե չեմ սխալվում)  եկեղեցու ավերակներ կան. ինձ այդ ավերակներն էին «ձգել»։ Երբ վերադարձիս տեսա Գառնին, չէի կարող չնկարել։ Նկարեցի։

Փուլեր են անցնում, մենք փոխվում ենք, մեր գիտակցությունն էլ, հիշողության մեր պահոցները բացվում են ժամանակ առ ժամանակ։ Ինչեւէ․․․Այս պահը ֆիքսելուց մայրամուտն եմ տեսել եւ Գառնին՝ հեթանոսական տաճարը։ Մայրամուտ՝ ուրեմն անցել ենք այդ փուլը՝ հեթանոսությունը։ Տեսե՛ք՝ սարերը ոնց որ կտրատում են այդ ժամանակը, հեթանոսությունն արդեն հեռու է մեզնից, մենք այլ շատ բաներ ենք ապրել։ Այսպես, իհարկե, չեմ նսեմացնում Գառնին, ընդհակառակը՝ ինքը ճիշտ իր տեղում է, եւ արժեքն էլ այն է, որ մենք, այո, ապրել ենք սա, բայց հիմա քայլ է պետք անել առաջ։

Չգիտեմ՝ ինչու, համոզված եմ, որ լուսանկարելու պահին այսպես չեք մտածել։

Չէ․․․ Հենց սա կար, ինչ ասեցի, իհարկե, ձեւակերպված չէր, ինչպես հիմա։ Գառնիին զուգահեռ նկարել եմ Արարատը, նայե՛ք, եւ հատուկ այնպես, որ ներքեւի բլուրները երեւան, որովհետեւ այդ բլուրները, բարձրունքները իմաստնության նշաններ էին ինձ համար, որոնք կուտակվել են ու Արարատի վերածվել։

Մի տեղ բլուրներով Արարատին ազատություն եք տվել, իսկ մյուսում՝ Գառնիի ազատությունը «ծածկել»։

Հա, էդպես է։

Լուսանկարներում ամպեր շատ կան․․․

«ԱՄՊ», 1980 շուրջ

Հա, գրեթե բոլոր նկարներում։ Ինձ համար գոյություն ունի երկրի եւ երկնքի մինջեւ կապ։ Ամպը խոսք է նշանակում։ Ավելի լավ է՝ բացատրություն չտամ․ վերջին հաշվով յուրաքանչյուր դիտող իրենը կվերցնի։ Անցնենք առաջ․․․Տեսե՛ք այս լուսանկարում երկքնում արեւ չկա․ արեւը ջրափոսի մեջ է։  

Մարդու ստվերն էլ է դոմինանտ։

Իմ գրեթե բոլոր լուսանկարներում կամ ես՝ ստվերի ձեւով։

Ներկայությա՞ն համար։

Նախ մարդն է ներկա, եւ հետո ես եմ ներկա, որովհետեւ սրանք իմ բացահայտումներն են։
Լուսանկարում մարդու ներկայության մասին․․․ Այստեղ եկե՛ք, ցույց տամ։ Սա նկարել եմ 1971թ․-ին «Կոմսոմոլեց» թերթի գյուղատնտեսական էջի համար։

Նկարում ջրի տակառ է։ Սկսզբում տակառը նկարեցի, բայց զգում էի, որ քիչ է, ինչ-որ լրացման անհրաժեշտույուն կա։ Կողքիս մարդ կար, ասեցի՝ գնա այս ճանապարհով։ Այդ պահին ոչ մի իմաստ չեմ տվել այս նկարին, նույնիսկ մտածելու պահը հստակ չի եղել։ Այդ ժամանակ ես աթեիստ էի, ինչպես բոլորը, ծանոթ չեմ եղել քրիստոնեական ճշմարտություններին։ Հիմա, երբ նայում եմ այս լուսանկարին, տարիների ընթացքում ձեռք բերած իմաստնությունս ասում է, որ հենց այնպես չի ստացվել, ջուրը՝ որպես իմաստնություն լուսանկարում մարդու հետ է համատեղվել։

Հետո շարքերով եմ նկարել․ գյուղ (գյուղական էսքիզները), հին քաղաք, քաղաք՝ ընդհանրապես, շատ են թեմաները․․․ Նայե՛ք՝ այս լուսանկարը շատ հետաքրքիր է․մարդը «հագել» է թոնիրը եւ, դանդաղ քայլելով «տեղափոխում» է․․․Բայց մյուս կողմից միայն «տեղափոխումը» չի հարցը․թոնիրը՝ որպես այրում, կրակ, եւ մարդը դրա մեջ՝ որպես տեղափոխող։

Անվերնագիր, «Գյուղական էսքիզներ» շարքից, 1971

Ժամանակի ու լուսանկարչության հարաբերությունը։ Շատ հետաքրքիր է անցումը 90-ականներին։

Ճիշտ տեղում հարցը տվեցիք։ Այս լուսանկարում անիվ է, Ղարաբաղում եմ նկարել։ Անիվն անընդհատ պտույտի, շարժման մեջ է, չէ՞, իսկ այդ ժամանակ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, թե Ղարաբաղում ժամանակը կանգ է առել։

Պատերազմը կա՞ լուսանկարներում։

Երբ հասնենք ցուցադրության այդ հատվածին, կպատասխանեմ։ Հիմա անցենք Համո Սահյանին։ Համոն քարերի մեջից է գալիս․ Զորաց քարերն են իրեն պոեզիան տվել։ Դրա համար ինձ համար այս լուսանկարի անունը էսպես է՝ «Պոետը (Համո Սահյան)»․ այսինքն նախ պոետը, որին այս երկիրն է տվել։ Հետո էլի եմ նկարել Սահյանին՝ դեմքը փակ, ուրիշ տրամադրության մեջ, երբ Համոն՝ որպես պոետ, ոչինչ չի ուզում տեսնել։

«Պոետ (Համո Սահյան)», 1985

Քաղաքային պատկերըայս լուսանկարում երկու աղջիկ դուրս են գալիս նկուղային հարկից։ Այսպիսի «շարժում» հիմա գրեթե չկա մեր քաղաքում։ Քաղաքն ի՞նչ անկյունից հիմա կարելի է լուսանկարել։

Չգիտեմ՝ կնկարեմ, թե չէ, բայց գայթակղություն կա։ Վերջին երկու օրերին տրանսպորտից նայում եմ ու մտածում դրա մասին, բայց հիմա ոչ թե հին քաղաքը կլինի արդեն, այլ ուղղակի քաղաքը։ Դա էլ ուրիշ տրամադրություն է։ Դրա մասին կխոսենք այն ժամանակ, երբ իրագործվի․․․ Տե՛ս այստեղ Լենինի արձանը հանելու պահն է, սա Սեւան-Դիլիջան թունելի փորձարկման ժամանակ եմ արել․․․ Ինձ չթողեցին երկրաշարժը նկարել։

Ինչու՞։

«Բարի» մարդիկ ասել էին՝ Գագիկը նկարում է, որ փող աշխատի։ Ես AOKS-ում էի աշխատում այդ ժամանակ։ Երբեք փող աշխատելու համար չեմ մտել որեւէ թեմայի մեջ․ առավել եւս այնտեղ ինձ փողը հետաքրքրել չէր կարող: Ավելին ասեմ՝ նույնիսկ նկար, որպես այդպիսին, չեմ վաճառել, մեկ-երկու դեպք է եղել ընդամենը։ Ինչեւէ․․․ Գնացի Գյումրի։ Կարծում եմ՝ բոլոր մանրամասնությունների փոխարեն այս մի լուսանկարը «խոսում» է կատարվածի ու հետեւանքի մասին։ Լուսանկարում դագաղների կույտ է։

«Դագաղներ», «Երկրաշարժ» շարքից, 1989

Խարբերդի մանկատուն, Տերյան փողոց, Կոնդ, «Հայֆիլմ» կինոստուդիա, լուսանկար՝ Ավստրիայից, Ժուռնալիստների տան սրճարանը՝ Գոհարը սուրճ մատուցելիս,  Ֆրանսիա, Դանիա․․․

Դիպվածը ․․․

Ձեր կյանքոմ քի՞չ է եղել։ Կամ կա՞ մեկը, ում կյանքում չի եղել։

Չէ, ուղղակի նկատելու (արժեւորելու) հարց է։

Մարդն է շարժվում, ոչ թե առարկան։ Ինչպես ասեցի, լուսանկարիչը միշտ շարժման մեջ պետք է լինի։ Դիպված կամ պատահականություն։ Հա, շատ բան պատահական տեսա, բայց դրա մասին ես ինքս մտածեցի, չէ՞․․․ Գործիքն էլ դարձավ արտահայտելու միջոց՝ ասելիքս, ընկալումներս, պատմությունները արտահայտելու ։

Այս ցուցահանդեսն անել չէի ուզում․ պատճառները շատ էին։ Նախ չէի սպասում, որ կընկալվի։ Սոնան՝ աղջիկս (Սոնա Հարությունյանը), մի օր ասեց՝ գիտես կա մեկը, ով պատանի տարիքում քո նկարները «Գարուն»-ից կտրել է ու փակցրել պատին։ Ներսս տակնուվրա եղավ։ Հասկացա՝ եթե մեկի ներսում այդ տարիքում բան է շարժվել, ուրեմն կգտնվի երկրորդն էլ, երրորդն էլ։ Նախկին աշխարհը կար, գիտեի, հոգնել էի այդ աշխարհից։ Կամուկացից հետո համաձայնեցի։

Բացման օրն ուղղակի ապշել էի․ երբեք նման սպասելիք չեմ ունեցել։ Ամեն ինչ շուռ եկավ․ հասկացա, որ ժամանակին հրաժարվելը շատ ճիշտ էր, տեղին էր, եւ հիմա նոր սերնդի համար ավելի ընկալելի է այն, ինչ արել եմ։ Նույնիսկ նկար նայողից եմ դա զգում։

Միջին տարիքի, միջին խավի մի կին կար դիտողների մեջ, լացում էր։ Մոտեցա, ասեցի ես եմ հեղինակը եւ ինձ անչափ հետաքրքում է՝ որ նկարը կամ նկարներն են, որ էդպիսի ազդեցություն են ունեցել Ձեզ վրա։ Շրջվեց դեպի մուտքը ու մատով շրջանակով ցույց տվեց բոլորը։ Դուք գիտեք՝ սա ինչ պատասխան է ստեղծողի համար։

Իսկապես հուզիչ է։

Հայտարարությունների պատին անցնենք։ 90-ականներն են։ Այս հայտարարությունները տան վաճառքների համար են։ Մարդիկ այնքան էին փոխվել, անհավանական  ձեւով․ բանականությունը կորցրած՝ առնում-ծախում էին, առնում-ծախում էին։ Այս մեկում առանց մարդու ներկայության՝ ուղղակի հայտարարություններ, մյուսում՝ մարդը կա՝ ինքն իջնում է աստիճաններով, կիսով չափ է երեւում՝ առանց գլխի։

«Հայտարարությունների պատ», «Քաղաք» շարքից, 1991 «Գետնանցում», «Քաղաք» շարքից, 1987

Բացառիկներից եք, որ խորհրդային տարիներին եղել եք եվրոպական երկրներում, Աֆրիկայում, բայց լինելու մասին չէ, որ ուզում եմ հարցնել, այլ այն լուսանկարների, որոնք ստացվել են։

Ամեն տարի որեւէ երկրում անցկացվում էին մշակույթի օրեր, ինչպես օրինակ, «ՍՍՀՄ-ի մշակութային օրեր»՝ Հայաստանի օրինակով։ Ես բախտ ունեցա (բացի բախտը, շատ աշխատեցի այդ ուղղությամբ) լինելու առաջին լուսանկարիչներից մեկը, ով մեկնեց այդ միջոցառումները լուսանկարելու։ Այն, ինչ տեսնում եք այստեղ արտերկրից, իմ ճաշի ժամերի, ազատ մի քանի րոպեների հաշվին է արվել։ Հեռվից կոմպոզիցիան աչքս ծակում էր, վազում էի․ կապ չուներ, որ ճաշիս ժամն է։ Նույնը Եվրոպայում․ ավտոբուսից իջնում էի, թե չէ, ճամպրուկս հանձնում էի, ասում էի՝ սենյակ տարեք, ես կգամ ու գնում էի լուսանկարելու։

Հասանք այնտեղ, որտեղ խոսելու էինք պատերազմից։

Հա, Ղարաբաղ գնացի պատերազմ նկարելու։ Դա խորհրդային գեղարվեստական ֆիլմի «պատերազմը» չէր։ Վերջերս նայում էի Արեգ Բալայանի լուսանկարները․ հոյակապ էին, ու գիտեք՝ ինչու, որովհետեւ ինքը ապրիլյան պատերազմի զինվորներից մեկն է եղել։ Ես որպես լուսանկարիչ մտա զինվորների մեջ, հոգնեցրի գուցե իմ ներկայությամբ, իսկ ինքը հարազատ է, նույնիսկ օբյեկտիվին երեւի չեն նայել այդ պահին, որովհետեւ վստահ էին, իրենց ընկերն է Արեգը, իրենցից մեկը։

Ես ընտրեցի ուրիշ տարբերակ՝ լուսանկարեցի «հետեւանքը»։ Գնանք իմ սիրելի կադրերից մեկի մոտ։ Այստեղ այդ հետեւանքն է երեւում։ Տեսե՛ք տներն այրված են, ծառը այրված է, եւ դարպասն է, որը մարդը տանում է շալակած։

Անվերնագիր, «Ղարաբաղ» շարքից, 1992-95

Առարկան շարժ(վ)եց․․․

Հա՜․․․ Ի՞նչն է «փակում» այս մարդը․ երեւի կյանքի այս փուլը։ Շատ եմ մտածել այդ մասին։ Կկարողանա արդյո՞ք․․․ Մյուս լուսանկարում «վագոնչիկ» է, որտեղ վիրավոր երեխա է, նաեւ ստվերներ՝ դիտավորյալ։ «Վագոնչիկից» դուրս իր մայրն է՝ բժշկական պատգարակի վրա․ կերակրում է մյուս վիրավոր երեխային։ Ո՞նց պատկերես այս դաժանությունը․ երեք երեխա եւ մայր, երեքն էլ վիրավոր, սպասում են ուղղաթիռին․․․ Ես «հետեւի» կողմից նկարեցի պատերազմը՝ փախչողներին, վիրավորներին, ավերակները։

Անվերնագիր, «Ղարաբաղ» շարքից, 1992-95

(Կենտրոնական հատվածում կարմիր ֆոնի վրա Լենինի արձանի ապամոնտաժման դրվագն է)։

Հասնում ենք իմ չսիրած թեմային։ Երբեք քաղաքականությունն ինձ չի հետաքրքրել, ոնց որ մի բաժակ ջրի մեջ «պիպետկայով» մի կաթիլ կաթեցնես ․․ Բայց մյուս կողմից ամեն բան քաղաքականության հետեւանքն է գուցե։ Լենինի արձանը հանելու այս նկարը չէի ուզում լինի ցուցահանդեսին, բայց Վիգենը համոզեց, ինչեւէ․․ Անցնե՞նք առաջ։

Անցնենք։ Այս շարքը տեսել եմ դեռ մինչ գալս։ Շատ հետաքրքիր է։

Թռչնաբուծական ֆաբրիկան է։ Երբ մտա ներս, ապշել էի․ ցանկապատն ինձ կոնցլագեր հիշեցրեց։

Այս շարքը պատվե՞ր էր։

Հա, լրիվ ուրիշ բան պետք է նկարեի։ Ազատ Արշակյանը՝ թռչնաբուծականի տնօրենը, եկել էր ցուցահանդեսի բացմանը․ ասում է՝ չի պատկերացրել, որ սա եմ նկարել այն ժամանակ։ Տեսե՛ք այս նկարում նեգատիվը դիտավորյալ եմ շրջել, որ հավերը գլխիվայր լինեն՝ մեզ նման։ Անշնչացած հավերը, ոնց որ մարդն է ի վերջո անշնչանում, եւ մնում է միայն հետք․․․ Արյան հետքեր պատի վրա, ինչպես այստեղ։

Անվերնագիր, «Թռնչաբուծական ֆաբրիկա» շարքից, 1989

Անցնենք լճին, Երեւանյան լճին։ Այս շարքը «Լիճ» եմ անվանում, որովհետեւ «երեւանյանը» արժեքն ու հասկացողությունը փոքրացնում է։

Շատ եմ անցել լճի կողքով, ի վերջո մի օր լուսանկարեցի։ Առաջին բանը, որ տեսա ճաքճքած հողն է, որը սնունդ չստանալուց ճեղքվել է, հետո պատկերներ՝ երկաթային, մեկը նման ութոտնուկի, մյուսը՝ հարցական նշանի, երրորդը՝ խաչի։ Բոլորը բնական, սարքված չեն։ Ինձ ուրիշ աշխարհի, հեքիաթի մեջ էի զգում։ Հետքերը մի հատվածում անցնում են ջրի տակ։

Ամենահետաքրքիրն այն է, որ ջուրն ու հողը, երբ համադրվում են, հողի գույնը փոխվում է, բայց այստեղ չի փոխվել։ Սկսեցի մտածել սահմանների մասին՝  որտեղ է հողի, ջրի սահմանը, եւ մեր կյանքի սահմանները որտեղ են։ Եվ այս շարքի վերջին լուսանկարում ոնց որ թե հուշում կա․ «պրայավկա» անելիս տեսնում եմ սպիտակ այս գիծը (ժամապավենով նկարահանող ապարատները վարագույրի նման բացվում- փակվում են). փաստորեն մի փոքր արանք է մնացել ու լույս է տեսել․․․Մտածեցի՝ երեւի սա է  սահմանը՝ այսքան նեղ, բարակ, բայց հսկա աշխարհներ է բաժանում։

Անվերնագիր, «ԼԻՃ» շարքից, 1993-94 

ՀԳ«Ժամանակի ստվերներԳագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1955», Հայաստանի նկարիչների միություն, օգոտոսի 25- սեպտեմբերի 9

Նախագծի համադրող՝ Վիգեն Գալստյան («Լուսադարան» լուսանկարչության հիմնադրամի տնօրեն)։ Նախագծի ղեկավար՝ Սոնա Հարությունյան («Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ)։ Նախագիծն իրականացվում է «Մշակույթի եւ կառավարման լաբորատորիան» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստի եւ մշակույթ» նախագծի շրջանակներում (SCO-ի աջակցությամբ)։

Ցուցահանդեսի համանուն պատկերագրքի հրատարակությունն իրականացվել է դոկտոր Գիզելա եւ դոկտոր Ռայներ Ֆրիթչերի հովանավորության շնորհիվ։

Լուսանկարները տրամադրել է Վիգեն Գալստյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter