
10 միլիոն դրամի արձակուրդայինի պահանջ. նախկին զինծառայողն ընդդեմ ՊՆ նախկին նախարարի
19 տարի հայկական զինված ուժերում ծառայած նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը պետությունից պահանջում է ավելի քան 10 միլիոն դրամի արձակուրդային վճար՝ չտրամադրած արձակուրդների դիմաց:
Ասում է՝ 4 օր զորամասը լքելու համար իրեն երկուսուկես տարվա ազատազրկման են դատապարտել, «փոխարենը 400 օրից ավելի օրենքով հասանելիք արձակուրդ չեմ ունեցել»: Ասում է, որ խնդիրը համատարած է, բայց սպաները չեն դիմում դատարան՝ որոշ մասն իր իրավունքները լավ չիմանալու, մի մասն էլ՝ ներքին խնդիրներ չունենալու համար: «Ես էլ չէի դիմի դատարան, եթե բանտում չծանոթանայի իմ իրավունքներին»,-«Հետք»-ի հետ զրույցում ընդգծեց արդեն ազատություն վերադարձած նախկին սպան, ում հանդիպեցի Վարչական դատարանում:
Վարչական դատարանում, դատավոր Կարեն Զարիկյանի վարույթում է գտնվում քաղաքացի Ցոլակ Խաչատրյանի հայցն ընդդեմ պաշտպանության նախարարության, որը նա ուղարկել է «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 29-ին:
Պատիժը լրիվ կրելուց հետո (մի քանի անգամ մերժել են պայմանական վաղաժամկետ ազատել, հացադուլ է հայտարարել, ինչին անդրադարձել է «Հետք»-ը), այս տարվա օգոստոսին Ցոլակ Խաչատրյանը վերադարձել է ազատություն: Իր խոսքերով՝ պայքարելու է խախտված իրավունքների վերականգնման համար:
Կոչումով մայոր Ցոլակ Խաչատրյանը զինված ուժերում ծառայության է անցել 1995 թ-ից: Ծառայել է որպես կուրսանտ, ապա որպես սպա: 2014թ.-ին դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման քրեական օրենսգրքի 361 հոդվածով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելը): Հենց 2014թ.-ին էլ դատապարտման հիմքով լուծվել է նրա պայմանագիրը:
«4 օր զորամասը թողնելու համար դատապարտվեցի, բայց փաստորեն 400 օրից շատ արձակուրդ գնալու իրավունք ունեի, որը ինձ չի տրամադրվել: Դատելուց արագ-արագ ինձ բանտ ուղարկեցին, իսկ հիմա տարիներով չեմ կարողանում վերականգնել իրավունքս, ստանալ իմ արձակուրդայինները»,- նկատում է Ցոլակ Խաչատրյանը, ով ծառայել է Քարվաճառում և տարբեր, հիմնականում՝ սահմանամերձ զինվորական կորպուսներում:
«Ամուրի լինելուս հիմնական պատճառն այն է, որ սահմանամերձ զորամասերում եմ ծառայել: Տարիներով քաղաքացիական անձ չէիք տեսնում: Արձակուրդներից չեմ հրաժարվել, դրանք ինձ պարզապես չեն տվել: Պատասխանում էին՝ հետո, չես տեսնում՝ ինչ իրավիճակ ա, մենք էլ չենք գնացել և այլն»,- նշում է նախկին սպան:
Դեռևս «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվելու տարիներին Ցոլակը սկսել է ինքնուրույն ուսումնասիրել Սահմանադրությունը, քրեական ու քաղաքացիական օրենսգրքերը, ծանոթացել իր իրավունքներին: Նախ փորձել է պաշտպանության նախարարությունից ինքնուրույն ստանալ իր արձակուրդների և աշխատանքի վերաբերյալ տարբեր տեղեկություններ ու փաստաթղթեր:
«Ուզում էի ապացույցներ ունենալ ինձ տարիներ շարունակ արձակուրդ չտրամադրելու մասին»,- ասում է Ցոլակ Խաչատրյանը:
Սակայն երբ պատասխան չի ստացել նախարարությունից, դիմել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի գրասենյակ, որտեղ արձանագրվել է Ցոլակ Խաչատրյանի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումը՝ 2016թ.-ի վերջին: Դրանից հետո միայն զինված ուժերում 19 տարի ծառայած նախկին սպան կարողացել է ՊՆ-ից ստանալ աշխատանքային որոշ փաստաթղթեր: Արձակուրդ տրամադրել-չտրամադրելու մասին որոշ փաստաթղթեր էլ ստացվել են ՊՆ-ՄԻՊ գրագրությունների արդյունքում:
Այն, որ հերթական արձակուրդներ չտրամադրելով` խախվտել է Ցոլակ Խաչատրյանի հանգստի իրավունքը, արձանագրել է դեռևս ՄԻ նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ իր 2015 թ-ի որոշմամբ: ՄԻՊ որոշման մեջ ընդգծված է, որ 1995-2014 թթ. Ցոլակ Խաչատրյանին ոչ միշտ է տրամադրվել հերթական արձակուրդ, իսկ որոշ դեպքերում տրվել է օրենքով նախատեսվածից պակաս ժամկետով: Իսկ 2014թ.-ին զինվորական ծառայությունից արձակվելիս հերթական արձակուրդների դիմաց Ցոլակ Խաչատրյանին դրամական հատուցում չի վճարվել:
Ցոլակ Խաչատրյանի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանը նկատեց, որ մի քանի ամիս առաջ ՊՆ-ը Ցոլակ Խաչատրյանին վճարել է 411 հազար դրամ՝ միայն վերջին երկու տարվա հաշվարկով՝ 57 օրվա արձակուրդի դիմաց. «Այնինչ թե՛ այդ, թե՛ մյուս օրերի համար չվճարված արձակուրդայինները պիտի վճարվեին 2014թ.-ին, երբ անձը արձակվել էր ծառայությունից: Այսինքն՝ վերջնահաշվարկ ստանալիս»,- ասում է փաստաբան Կարեն Տոնոյանը:
Մենք ծանոթացանք նաև ՊՆ-ի կողմից ներկայացված առարկություններին: Նախարարությունն առհասարակ գտնում է, որ հայցն անհիմն է, այն պետք է մերժել: Պետական պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը վկայակոչում է, որ այս հարցը աշխատանքային օրենսգրքի կարգավորման տիրույթից դուրս է և կարգավորվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքով: Ավելին՝ ՊՆ-ի ներկայացուցիչը գտնում է, որ Աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածը կիրառելի չէ, որը սահմանում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար հատուցման վճարելու գործատուի պարտավորությունը:
Փոխարենը նախկին զինծառայողն ասում է, որ լավ է յուրացրել իրավական ակտերի հիերարխիայի բուրգը, գիտի, որ Սահմանադրությունը գերակա է, հետո իրենց ուժով գալիս են օրենսգրքերը, օրենքները, նոր մյուս իրավական ակտերը՝ կարգեր, որոշումներ և այլն. «Սահմանադրությամբ ամրագրված իմ իրավունքն է խախտվել: Չէ՞ որ Սահմանադրության մեջ գրված է` յուրաքանչյուր ոք ունի ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք»:
Ցոլակ Խաչատրյանը ցանկանում է, որ իր դատական վիճարկումը նախադեպ լինի՝ զինծառայողներն իմանան իրենց իրավունքների մասին, պայքարեն դրանց իրագործման համար:
«Եթե քաղաքացին պետության մեկ դրամը չվճարի, նրան չեն ների, իսկ երբ պետությունը պիտի տա քաղաքացու հասանելիքը, ստեղծվում է նման վիճակ»,- տարակուսում է նախկին զինծառայողը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել