HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Շենավանի համայնքապետը Կարմիր գրքում գրանցված կենդանիներ է որսում

Շենավանի համայնքապետը պնդում է, որ ինքը չի որսացել սպիտակագլուխ անգղերին. դրանց տեսել է ճանապարհին ընկած

Երեկ երեկոյան համացանցում տարածվեց մի լուսանկար, որտեղ 3 տղամարդ պատկերված էր երկու անկենդան սպիտակագլուխ անգղերի նկարներով: Պարզվեց, որ նշված գիշատիչ թռչունը գրանցված է Կարմիր գրքում, և դրանց որսն արգելվում է: Լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկը Արմավիրի մարզի Շենավան համայնքի ղեկավարն է՝ Արթուր Մկրտչյանը:

Արթուր Մկրտչյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ երեկ հրապարակված լուսանկարն արվել է 2007 թվականին: «Մի 6-7 տարի առաջ գցել էի սայթի մեջ, ոչ նայել էի, ոչ բան: Ընկերոջս հետ գնալուց՝ Բագարան-Երվանդաշատ սահմանի վրա, մենք խփած ճամփի ձախ կողմի վրա տեսել ենք: Մենք, որ գնացինք, դաժե անցորդներ կային, իջնում, նայում, նկարվում էին: Մենք էլ, որպես հուշ կանգնել, նկարվել ենք ու թողել գնացել ենք»,- ասում է Արթուր Մկրտչյանը՝ հավելելով, որ իրենք եղել են երկու հոգով, լուսանկարում առկա երրորդ անձը պատահական անցորդ է եղել:

Արթուր Մկրտչյանն ասում է, որ արդեն 10 տարուց ավելի որսորդմիության անդամ է, սակայն ինքը նման որս չի արել: «Հիմա լրիվ ուրիշ բան է ստացվել, թե իբր երեկ, մյուս օրն է եղել», -ասում է համայնքապետը:

Շենավանի համայնքապետն ասաց, որ շուտով գնալու է նաև ոստիկանություն` բացատրություն տալու:

Ոստիկանությունն էլ քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, որ հոկտեմբերի 4-ին «Econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարները՝ անգղերը ձեռքներին: Պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան և Յ. Պողոսյան: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ: Հետևաբար դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող: Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Համացանցում ուսումնասիրելով համայնքապետի սոցիալական կայքէջերը` պարզվեց, որ Ա. Մկրտչյանը որսի սիրահար է: Նա Одноклассниик-ի իր էջում հրապարակել էր որսի նկարներ և լուսանկարվել իր զոհերի ֆոնին: Սակայն, երեկ` ուշ երեկոյան, Արթուր Մկրտչյանն արդեն հեռացրել էր լուսանկարները:

Նշենք, որ սպիտակագլուխ անգղը ակավաթիվ, վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է նաև Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր գրքում, ինչպես նաև CITES–ի հավելված 2-ում, Բեռնի կոնվենցիայի հավելված 2-ում: Թռչունը բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծովի մակերևույթից 800–2000 մ բարձրություններում: Հայաստանում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզից մինչև Տավուշի մարզ: Սպիտակ անգղը տարեկան ձվադրում են մեկ անգամ` 1-2 ձու:

Առաջին անգամը չէ, որ Շենավանի համայնքապետը հայտնվում է աղմկահարույց իրավիճակում: Արթուր Մկրտչյանը համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականի հոկտեմբերից: Միջնակարգ կրթությամբ համայնքապետը մինչ համայնքը ղեկավարելը որևէ աշխատանքային կենսագրություն չի ունեցել: 503 կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ պաշտոնում վերընտրվել է 2016թ. սեպտեմբերի 18-ին: Նա Հանրապետական կուսակցության անդամ է:

Արթուր Մկրտչյանը դեռևս 2012թ. նոյեմբերի 28-ին Շենավան համայնքի ավագանու որոշմամբ, նույն համայնքի բնակիչներ Արթուր և Վարազդատ Եղիազարյաններին որպես անապահով ընտանիք, համայնքի բյուջեից հատկացված 500.000 դրամ սոցիալական օգնության գումարից վերջիններիս հայր Գարեգին Եղիազարյանին անձամբ տվել է 300.000 դրամ: Մնացած 200.000 դրամով պարտավորվել է կատարել հողի հարկի դիմաց նրանց ընտանիքի ունեցած պարտքի մարումը, սակայն գումարը գյուղապետարանի դրամարկղ չի մուտքագրել և, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 200.000 դրամը յուրացրել է։

Համայնքապետին առաջադրվել էր մեղադրանք՝ քրեական  օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացնելը): Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արթուր Մկրտչյանն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել և միջնորդել իր նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող մեղմ պատիժ և միջնորդել էր կիրառել գործի քննության արագացված ընթացակարգ։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանի, 2013թ. սեպտեմբերի 27-ին Շենավանի համայնքապետին ճանաչել էր մեղավոր ու նրան դատապարտել տուգանքի` 800.000 դրամի չափով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկման։ 

Արմավիրի մարզպետարանը 2016թ. նոյեմբերին Շենավան համայնքում իրականացրել է վարչական ստուգում: Պարզվել է, որ համայնքապետը թույլ է տվել մի շարք խախտումներ: Օրինակ՝  համայնքի ղեկավարի կողմից չի հաստատվել աշխատակազմի գործավարության կարգը, սեփականության իրավունքով գույք ձեռք բերելուց կամ օտարելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում գույքագրման փաստաթղթերում չի կատարել համապատասխան փոփոխություններ և չի ներկայացրել համայնքի ավագանու հաստատմանը առաջիկա նիստում: Հստակ չեն սահմանվել գնման առարկայի բնութագրերը և գնման առանձին ընթացակարգ անցկացնելուց խուսափելու նպատակով, գնումը բաժանվել է առանձին չափաբաժինների, ինչպես նաև կանխավճար տրամադրելիս՝ կանխավճարի ապահովում չի իրականացվել և այլն:

Մեկնաբանություններ (5)

Հովիկ
ինչ որ մեկը կարող է տալ այն հանրապետականների ցուցակը որոնք հանցագործ չեն
Գեւորգ
ԱՄԷ - ում, որը մոտ 50 տարվա պետականության պատմություն ունի, իսկ ժողովուրդը անապատի քոչվորներ են եղել (Բեդվիններ), բնակելի թաղամասերի պուրակներում ու ճամփեզրի թփուտներում բազմաթիվ կաքավներ ու այլ թռչուններ են բնակվում: Նրանք անապատում չեն եղել, այլ բազմացվել ու պահպանվել են: Եթե մեկը նրանց վրա քար նետի ու նկատվի, ապա երկրից արտաքսվում է անխոս: Մենք հազարամյակների պատմություն ունենք, բայց լիքը տավարներ ունենք մեջներս, որովհետեւ մենք սրանց «լավ տղա» ենք անվանում, գոմը գցելու փոխարեն:
Վարազ Սյունի
Այլասերվածության ու լկտիության ամենավերջին աստիճան: Այդ հեքիաթները թող միամիտներին գնա պատմի. մարդիկ տխմար չեն: Եթե նույնիսկ իր հեքիաթին հավատանք,կարմի՛ր գրքում գտնվող (անգամ եթե արդեն «սպանված») սպիտակագլուխ անգղերի հետ ՆՄԱՆ ՁԵՎՈՎ նկարվելն արդեն իսկ կատարյալ լկտի պահվածք ու ԱՆՀԱՐԳԱՆՔ է՝ երկրի ու երկրագնդի հանդեպ:...............ՀԳ. «Այլասերված» նույնասեռականների դեմ (կոկորդ պատռելով) ցույց անող այդ երիտասարդները փողոց դուրս կգա՞ն այս ցնցող դեպի կապակցությամբ,թե՞ իրենց դուխը միայն մի քանի անշառ նույնասեռականի է պատում:
Վահան
սենց թուլի ծնունդները, որոնք հասարակության վիժվածքն են պետքա սատկեն ու փտեն բանտում։ Ի՞նչ տարբերության ադերբեջանցու ու այս մահմեդական ստրուկի մտածելակերպով ֆուցնի միջև։ 2-ն էլ նկարվում են իրանց զոհերի հետ։
Անի
Ու լրիվ պատահական անցնում էր կամուֆլյաժով ու փամփուշտները վրեն խփած, չէ՞: Ու եթե 10 տարվա որսորդ ես, չե՞ն սովորացրել, որ ուրիշի որսը քոնի տեղ ներկայացնելը առնվազն լավ բան չի, թե՞ ոնց գյուղապետ ես, տենց էլ որսորդ ես, չնայած քեզնից ինչ որսորդ, երկու տարբերակ կա, կամ ուրիշո որսն ես յուրացրել կամ արգելված որս արել, երկու դեպքում էլ դիշովկա արարք ա, երկրորդ դեպքում + հանցագործ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter