
ՊԵԿ պաշտոնյայի պահածոյացված ձկների բիզնեսը
Պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի պետ Հակոբ Հակոբյանն արդեն մեկ տարի է` բիզնես ոլորտ է մտել: Նա որոշել է զբաղվել պահածոյացված ձկների բիզնեսով:
«Արարատ Ֆարել» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001 թվականին՝ «Իշխան Արարատ» և «Վենլո» Հ/Ձ ընկերությունների կողմից: Ընթացքում մի քանի անգամ բաժնետերերը փոխվել են: Այժմ ընկերությունում 5-ական տոկոս բաժնեմաս ունեն Արմավիրի մարզի Արաքս համայնքի 5 բնակիչներ, ովքեր եղբայրներ ու ազգականներ են: Մնացած 75%-ը հավասարաչափ կիսում են ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի պետ Հակոբ Հակոբյանը, վերջինիս դուստրը՝ Լենա Հակոբյանը և Առինջ գյուղի բնակիչ 25-ամյա Ծովինար Ղազարյանը:
Ծովինար Ղազարյանի հայրը՝ Մանվել Ղազարյանը, Ֆինանսների նախարարության աուդիտորների որակավորման հանձնաժողովի կողմից 2016թ.-ին 5 տարի ժամկետով ստացել է աուդիտորի որակավորման վկայական: Նա մտերիմ կապեր ունի Հակոբ Հակոբյանի հետ:
«Արարատ Ֆարել» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 20 մլն դրամ, որից 10 մլն-ը հավասարաչափ բաժին է հասնում Հակոբ և Լենա Հակոբյաններին: Այսինքն՝ ընկերության բաժնեմասերի կեսը Հակոբյանների ձեռքում է:
Ընկերությունը ձկնաբուծարան ունի Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում: Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տեղեկատվության համաձայն՝ «Արարատ Ֆարել» ՍՊԸ-ն 2016թ.-ի հունվարի 13-ին 3 տարի ժամկետով ստացել է ջրօգտագործման թույլտվություն: Նպատակը ձկնաբուծությամբ զբաղվելն է: Թույլատրելի տարեկան ջրօգտագործման ծավալը կազմում է 14.74 հազ. խմ: Օգտագործվում է մեկ խորքային հոր:
Հակոբ Հակոբյանի ունեցվածքը
Հակոբ Հակոբյանը 1993 թվականից աշխատում է հարկային ոլորտում: Հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնում է 2008թ-ից:
Նա այս տարի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել հուլիսի 1-ի դրությամբ առկա գույքի ու եկամուտների հայտարարագիր: Առաջին անգամն է, որ Հ. Հակոբյանը հայտարարագիր է ներկայացնում:
Ըստ այդ հայտարարագրի՝ նրա տարեկան եկամուտը կազմում է 7 մլն 163 հազար դրամ, որից 2 մլն 315 հազար դրամը ՊԵԿ-ից ստացած աշխատավարձն է, իսկ մնացածը՝ ստացած վարկը: Թեև ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի պետը 20 մլն դրամ կապիտալ ունեցող ընկերության բաժնետեր է, իսկ հարկային մարմնի տեղեկացմամբ` ընկերությունը գործող է, սակայն նա շահաբաժնից եկամուտ չի հայտարարագրել:
«Արարատ Ֆարել» ՍՊԸ-ն չկա նաև 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա հուլիսի 1-ի դրությամբ ունեցել է 14 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար:
Պաշտոնյան ունի նաև MITSUBISHI OUTLANDER 2.4 մակնիշի ավտոմեքենա:
Հայտարարագրել է նաև 2 առանձնատուն և 2 միավոր հողամաս:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել