HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԲՆ-ն ապօրինի որսի համար առաջարկելու է քրեական պատասխանատվություն սահմանել՝ ընդհուպ ազատազրկում

Բնապահպանության նախարարությունը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով ազատազրկում ապօրինի որս իրականացրած անձանց նկատմամբ։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։

Մեր դիտարկմանը, որ վերջին շրջանում կարծես թե թրենդային է դարձել սպանված կենդանիների հետ լուսանկարներ տեղադրելը համացանցում, ի՞նչ է մտադիր նախարարությունն անել կանխելու նման դեպքերը, նախարարն ասաց. «Առաջարկելու ենք Քրեական օրենսգրքի փոփոխություն, որով ապօրինի որսը և առանձին կենդանատեսակները, որոնք Կարմիր գրքում զետեղված են, եզակի են կամ անհետացման եզրին, շատ կտրուկ խստացնել նման կենդանատեսակների որսի համար պատասխանատվությունը։ Առաջարկելու ենք նաև որսի թույլտվության ընթակարգերում փոփոխություն. դրանք այսօր չափազանց աղավաղված են, հաճախ՝ անտրամաբանական մակարդակի վիճակ է ստեղծվում։ Այս բոլորը օրենսդրական փոփոխությունների շրջափուլում է գտնվում» ։

Խնդրեցինք հստակեցնել՝ կտրուկ փոփոխությունները ենթադրո՞ւմ են արդյոք նաև ազատազրկում: Նախարարը դրական պատասխան տվեց. «Այո, միանշանակ առաջարկելու ենք,  որովհետև այն պարզապես կենսաբազմազանության տարր չէ, այն երկրի հարստության հիմնական մասն է,  ինչպես երկրի այլ պետական հարստություն  գողացողները, թալանողները պատասխանատվություն են կրելու, նույն կերպ նաև այս  հարստությունը համարժեք պաշտպանության պետք է ենթակվի»։

Մինասյանը շեշտեց՝ աշխարհում հնարավոր չէ գտնել որևէ զարգացող կամ զարգացած երկիր, որտեղ տնտեսական լավ վիճակ է, բայց շրջակա միջավայրի վիճակը վատ է. շրջակա միջավայրն ու  տնտեսությունը ուղիղ կապված են իրար հետ։

«Եթե չունեցանք պահպանված, լավ վիճակում գտնվող  կենսաբազմազանություն, չենք կարող ակնկալել,  որ օտարերկյա ներդրումներ կլինեն, ես դրանում արդեն համոզվել եմ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ econews.am կայքը հրապարակել էր Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու հոգևոր հովվի՝ արգելված կենդանիների որսը փաստող լուսանկարները։

 Ավելի վաղ գրել էինք Շենավան համայնքի ղեկավարի՝ սպիատակագլուխ անգղերի որսի մասին։ Համայնքի ղեկավարը, սակայն «Հետք»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ անգղերին ճանապարհին ընկած է տեսել ու պարզապես լուսանկարվել։

Բնապահպանության նախարարին խնդրեցինք նաև պարզաբանել՝ հերքվեցի՞ն, թե՞ հաստատվեցին իր կասկածները «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած հրդեհի հետ կապված։ Նախարարը նախկինում չէր բացառել, որ հրդեհը կարող էր լինել չարամտության հետևանքով։ Նա ասաց, որ այժմ քրեական գործ է հարուցված, ուստի զերծ կմնա այլ մանրամասներ ասել, սակայն հավելեց՝ ԲՆ-ից  ինչ տեղեկատվություն պահանջվել է, իրենք տրամադրել են։ Ինչևէ, նախարարը կրկնեց, որ հրդեհը չէր կարող լինել բնական երևույթի արդյունքում։

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ մամուլի այն տեղեկություններին, որ ինքը ՀԷԿ-ի սեփականատեր է: «Շնորհակալ կլինեի, որ ունենայի նման բան, գոնե նվեր կտայի ՀՀ-ին, երկիրը շահույթ կունենար»,- ասաց նախարարը՝ այն որակելով որպես «պատվեր»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter