
Դասադուլավորները բախվեցին ոստիկանների հետ. կան տուժածներ
Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողները այսօր փակել էին Դեմիրճյան փողոցն ու Բաղրամյան պողոտան:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ժամանելով դեպքի վայր, հրահանգեց դասադուլ իրականացնողներին 5 րոպեում ազատել ճանապարհը: Ոստիկանության աշխատակիցները հրելով փորձեցին հետ պահել ուսանողներին, ինչի հետևանքով բախում տեղի ունեցավ ոստիկանների և ուսանողների միջև:Դասադուլավորները վանկարկում էին` «ամոթ, ոստիկան»:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը հայտնեց, որ բախման հետևանքով կան տուժածներ. «Մի քանիսը գետնին էին ընկել, վնասվել էին որոշ ուսանողների ձեռքերը, դեմքը»: Ուսանողներից Էմիլ Թամրազյանը պատմեց, թե ինչպես է իր դեմքը վնասվել. «Ես ընկած էի գետնին, երբ ինչ-որ մեկը մոտեցավ ու ինձ օգնեց վեր կենալ: Չտեսա, թե ով էր ինձ օգնողը, չտեսա նաև թե ով էր ինձ հրողը: Ինձ գցել էին գետնին ու ոտքով հարվածում էին»:
Վահան Կոստանյանը կոչ արեց հացադուլի մեջ գտնվող իր ընկերներին միանալ շարժման մասնակիցներին: Քիչ անց ժամանեցին նախօրեին հացադուլ հայտարարած երիտասարդները: Շարժման համակարգողներից Դավիթ Պետրոսյանը փոխանցեց, որ իրենք միասին պատրաստվում են քննարկել իրենց հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ ուսանողները բողոքում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դեմ, որն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից: Շարժման ընթացքում նրանք հանդիպում են ունեցել վարչապետի, ՊՆ և ԿԳ նախարարների հետ, սակայն արդյունքը գոհացուցիչ չի եղել: Դասադուլավորները շարունակում են իրենց պայքարը:
Նելլի Պետրոսյան
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել