HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Գերմանիայում կոալիցիոն բանակցությունները ձախողվել են

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միությունը չկարողացավ կոալիցիա ձևավորել: Ազատ դեմոկրատների և Կանաչների կուսակցության հետ տեղի ունեցած բանակցությունները ձախողվել են, հաղորդում է РИА Нововсти-ն:

«Մենք ոչ ոքի չենք մեղադրում, որ Մերկելը պաշտպանում է իր սկզբունքները: Բայց մենք նույնպես պաշտպանում ենք մեր տեսակետը: Մեզ ընտրել են, որ ինչ-որ  բան փոխենք: Բայց բանակացությունների ընթացքում մենք դրան չհասանք: Ավելի լավ է չկառավարել, քան սխալ կառավարել»,- հայտարարել է Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քրիստիան Լինդները:

Սեպտեմբերի 24-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո քրիստոնեա-դեմոկրատները, ազատ դեմոկրատները և կանաչները փորձում էին կոալիցիա կազմել, սակայն երկրի միգրացիոն քաղաքականության շուրջ հակասությունները փակուղի են մտցրել բանակացությունները: Մասնավորապես, Ազատ դեմոկրատների առաջարկը՝ փախստականների առավելագույն թիվ սահմանել մեկ տարում ընդունելու համար, մերժվել է:

Եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեին, ապա Բունդեսթագի 709 մանդատներից 393-ը (55%) բաժին կհասներ կոալիցիային, իսկ առանց ազատ դեմոկրատների Քրիստոնեա-դեմոկրատական և Կանաչների կուսակցությունները միասին կարող են ստանալ միայն մանդատների 44%-ը:

Անգելա Մերկելը բանակցությունների տապալումից հետո հայտարարել է, որ իրադարձությունների հետագա զարգացումների մասին կարող է խոսել միայն Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո: Անձամբ Շտայնմայերը նշել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որում վերջին 70 տարիներին չէր եղել.

«Այս ամենը քաղաքական կուսակցություններին մեծ մարտահրավերների առաջ է կանգնեցնում»,- հայտարարել է Գերմանիայի նախագահը:

Ստեղծված իրավիճակում Մերկելը երկու տարբերակ ունի. կամ պետք է փոքրամասնությամբ կառավարություն ձևավորի, ինչին դեմ է Կանաչների կուսակցությունը, կամ հայտարարի նոր ընտրությունների մասին: Երկու դեպքում էլ նա առաջին հերթին պետք է կանցլեր ընտրվելու ուղին անցնի: Ըստ Գերմանիայի սահմանադրության 63-րդ հոդվածի՝ երկրի նախագահը նոր կանցլերի թեկնածությունը առաջարկում է Բունդեսթագին, և պատգամավորների ձայների մեծամասնությունը ստանալու դեպքում, նախագահը թեկնածուին նշանակում է կառավարության ղեկավար: Եթե խորհրդարանի մեծամասնությունը հավանություն չի տալիս կանցլերի թեկնածուին, ապա լրացուցիչ 14 օր է սահմանվում խորհրդարանականների համար իրենց դիրքորոշումը վերանայելու հարցում: Եթե այդ դեպքում նույնպես կանցլեր չի ընտրվում, ապա կրկին լրացուցիչ ժամկետ է սահմանվում: Եթե կառավարության ղեկավար այդպես էլ չի հաջողվում ընտրել, ապա երկրի նախագահը կամ պետք է նշանակի ձախողված թեկնածուին կամ արձակի խորհրդարանը: Բունդեսթագի արձակվելուց հետո 60 օրվա ընթացքում պետք է նոր ընտրություններ անցկացվեն:

Գերմանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ սա Անգելա Մերկելի կառավարման տարիների ընթացքում առաջացած ամենախորը ներքաղաքական ճգնաժամն է:

Լուսանկարը՝ REUTERS / Axel Schmidt

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter