
Լևոն Արոնյանն ավելացրել է վարկանիշային միավորները ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների անհատական վարկանիշային թարմացված աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ինչպես և նախորդ երկու ամիսներին, գտնվում է դասակարգման աղյուսակի 2-րդ հորիզոնականում: Նախորդ աղյուսակի համեմատությամբ՝ Արոնյանի վարկանիշային միավորները ավելացել են 4-ով՝ դառնալով 2805:
34-ամյա հայ շախմատիստը զիջում է վերջին տարիներին դասակարգման աղյուսակի անփոփոխ առաջատար, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Նորվեգացի գրոսմայստերի գործակիցը փոփոխության չի ենթարկվել՝ կազմելով 2837:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-25-ը Լևոն Արոնյանը մասնակցեց ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի վերջին փուլին: Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և ռուս Դմիտրի Յակովենկոյի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը, սակայն թայ բրեյքում Յակովենկոն ավելի ուժեղ գտնվեց և ճանաչվեց մրցաշարի հաղթող:
Դեկտեմբերի 1-ից 11-ը Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլին` London Chess Classic սուպերմրցաշարին, որին մասնակցելու են նաև աշխարհի այլ ուժեղագույն շախմատիստներ:
ՖԻԴԵ-ի դասակարգման թարմացված աղյուսակի լավագույն տասնյակում Կարլսենին և Արոնյանին հերթականությամբ հաջորդում են ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը (2799), ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2799), ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2789), ամերիկացի Ուեսլի Սոն (2788), ռուս Վլադիմիր Կրամնիկը (2787), հնդիկ Վիշվանաթան Անանդը (2782), ամերիկացի Հիկարու Նակամուրան (2781) և չինացի Դին Լիրենը (2777):
Բացի Լևոն Արոնյանից դասակարգման աղյուսակի լավագույն հարյուրյակում կա ևս երկու շախմատիստ, ի տարբերություն նախորդ ամսվա, երբ նրանք երեքն էին: Եվրոպայի թիմային առաջնությունում ցուցադրած անհաջող ելույթների հետևանքով Սերգեյ Մովսեսյանը դուրս է մնացել հարյուրյակից: Հոկտեմբեր ամսին նա զբաղեցնում էր 76-րդ հորիզոնականը: Փոխարենը մեծ առաջընթաց է գրանցել Եվրոպայի թիմային առաջնությունում փայլուն հանդես եկած Գաբրիել Սարգսյանը, ով 97-րդ տեղից բարձրացել է 72-րդ տեղ: Նրա անհատական վարկանիշը ավելացել է 17 միավորով՝ կազմելով 2672: Վլադիմիր Հակոբյանը 2667 վարկանիշային միավորով հանգրվանել է 78-րդ հորիզոնականում:
Կին շախմատիստների վարկանիշային աղյուսակում Հայաստանը ներկայացված է երկու գրոսմայստերներով: Էլինա Դանիելյանը 2413 միավորով 53-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 2376 միավորով՝ 85-րդը: Շախմատիստուհիների դասակարգման աղյուսակը գլխավորում է չինացի Հու Յիֆանը (2680):
Լուսանկարը՝ worldchess.com-ի
Մեկնաբանել