
Նուբարաշենի խճուղում սպանված Եղիշե Խաչատրյանի մորը բժշկական կենտրոնից խորհուրդ չեն տալիս մասնակցել դատական նիստերին
Նուբարաշենի խճուղում 2016 թվականի հունիսի 4-ին սպանված Եղիշե Խաչատրյանի մորը` 78-ամյա Էմմա Աբրահամյանին խորհուրդ չի տրվում ներկայանալ դատարան և ցուցմունքներ տալ: Այսօր սպանության գործով դատական նիստին նման տեղեկանք ներկայացրեց գործով տուժող Էմմա Աբրահամյանի և տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը: Տեղեկանքը տրված էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի կողմից, և դրանում նշված էին 78-ամյա կնոջ մի շարք հիվանդությունների մասին:
Նշենք, որ ըստ գործի նյութերի` Եղիշե Խաչատրյանը սպանվել է գործով ամբաստանյալների հետ վիճաբանության հետևանքով` մոր` էմմա Աբրահամյանի աչքի առաջ: Միջադեպի ժամանակ Աբրահամյանը ևս վնասվածքներ է ստացել ու այժմ տուժողի կարգավիճակ ունի:
Դատարանն այժմ հասել է Էմմա Աբրահամյանի հարցաքննությանը, սակայն արդեն մի քանի դատական նիստ է` 78-ամյա կնոջ հարցաքննությունն ավարտին հասցնել չի ստացվում. Աբրահամյանի ինքնազգացողությունը հարցաքննության ժամանակ վատանում է, և վերջինս տեղափոխվում է հիվանդանոց:
«Տուժող Էմմա Աբրահամյանը չորս դատական նիստերի ընթացքում մանրամասն ցուցմունքներ է տվել, և ամեն նիստից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատանում է: Նման պարագայում նրա ներկայանալն ու ամեն անգամ իր աչքի առաջ կատարված որդու սպանության դեպքը վերապրելը շատ վտանգավոր կարող է լինել ոչ միայն նրա առողջության, այլ նաև կյանքի համար: Հազվադեպ է լինում, երբ քրեական գործի շրջանակներում տուժողները, այն էլ այս հոգեվիճակում, նման առողջական վիճակով, տանջանքի ենթարկվեն, ինչպես այս դատական նիստի ընթացքում է եղել Էմմա Աբրահամյանի հետ»,- դատական նիստին ասաց Ինեսա Պետրոսյանը:
Սպանված Եղիշե Խաչատրյանի կինը` Փառանձեմ Մեյթիխանյանն էլ հայտարարեց, որ սկեսուրն այլևս դատական նիստերին չի գա:
«Ես կարող էի առաջին իսկ նիստից նրան դատարան չբերել, բայց մենք ընտանիքով խնդրեցինք, համոզեցինք նրան, որ գա, վերապրի այդ ամենը, բայց ցուցմունք տա, որպեսզի դահլիճում ներկա ամբաստանյալների հարազատները իմանան, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը»,- ասաց Մեյթիխանյանն ու նշեց, որ այժմ տեսնելով նրա վիճակը՝ զղջում է, որ սկեսրոջը համոզել է գալ նիստերին: Մեյթիխանյանը նշեց, որ իրենք արդեն մի մեծ կորուստ ունեցել են, և ինքը չի ցանկանում ևս մեկ կորուստ ունենալ:
Էմմա Աբրահամյանի ցուցմունքը, գործի համար առանցքային նշանակություն ունեցող ապացույց է. վերջինս դեպքի ամենաառանցքային վկան է, գործով ամբաստանյալների մեղադրանքների հիմքում դրված է մեծ մասամբ հենց Էմմա Աբրահամյանի ցուցմունքը:
Մեղադրող Վարդգես Սարգսյանը կարծիք հայտնեց, թե Աբրահամյանի հարցաքննությունը լիարժեք իրականացվել է, ինչը սակայն, այդպես չէ: Դատարանն էմմա Աբրահամյանի հարցաքննության ավարտի մասին չի հայտնել, 78-ամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել և հարցաքննությունները կիսատ են մնացել այն ժամանակ, երբ նրան հարցեր ուղղելիս են եղել ամբաստանյալների փաստաբանները:
Վերջիններս դատարանից պահանջեցին ապահովել Էմմա Աբրահամյանի ներկայությունն ու նրան հարցեր տալու իրենց իրավունքը, հակառակ դեպքում, ըստ պաշտպանների, մեղադրանքի կողմը պետք է հրաժարվի այս ապացույցից:
Ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ընդգծեց, որ Էմմա Աբրահամյանի ցուցմունքներում կան էական հակասություններ, որոնք պարզաբանման կարիք ունեն, ուստի՝ նրա ցուցմունքից շատ բան է կախված:
Ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ նկատեց, որ տուժողին հարցաքննելու հնարավորություն չեն ունեցել անգամ ամբաստանյալները, ու նշեց, որ քրեական դատավարության օրենսգիրքը հարցաքննությունը կիսատ թողնելու ընթացակարգ չի նախատեսում:
«Այնպիսի տպավորություն է, որ Մեյթիխանյանն է կառավարել նախաքննության ընթացքը, հիմա էլ փորձում է կառավարել դատաքննությունը,- անդրադառնալով Փառանձեմ Մեյթիխանյանի այն խոսքին, թե իրենք կարող էին ի սկզբանե Էմմա Աբրահամյանին չբերել դատարան՝ կարծիք հայտնեց ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանը:
Նշենք, որ տուժողը պարտավոր է ցուցմունք տալ:
Կասկածի տակ դրվեց նաև Էմմա Աբրահամյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից ներկայացված տեղեկանքը: Վաչագան Քոսյանը հայտարարեց, թե ինքն առաջին անգամ է նման տեղեկանք տեսնում:
«Մեյթիխանյանների ընտանիքն անազնիվ ճանապարհով չի փորձում հարցեր լուծել, այլ ապավինում է օրենքին: Սկեսուրի վատանալու պատճառը եղել է փաստաբաններից երկուսի գործողությունները: Նրանք խաղացին մեր նյարդերի հետ՝ ասելով, թե ես սկեսուրիս հուշել եմ ամբաստանյալներից մեկի ով լինելը: Համապատասխան ձայնագրությունների կրիչները կան՝ ես չեմ հուշել»,- ասաց Փառանձեմ Մեյթիխանյանը:
Մեղադրող դատախազը հայտարարեց, որ ինքը չի հրաժարվի Էմմա Աբրահամյանի նախաքննական և դատարանում տված ցուցմունքներից` որպես գործով ապացույց: Դատավոր Աննա Դանիբեկյանը նկատեց, որ Էմմա Աբրահամյանի առողջական վիճակի վերաբերյալ ներկայացված բժշկական տեղեկանքում գրված չէ, թե նա որքան ժամանակ չի կարող մասնակցել դատական նիստերին, և փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտնեց, որ մինչև հաջորդ դատական նիստը կներկայացնեն նման փաստաթուղթ: Այսօրվա դատական նիստը հետաձգվեց և հաջորդը նշանակվեց դեկտեմբերի 18-ին:
Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016թ-ի հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում է 5 անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ մասերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով): Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծի ենթարկել, ապա դեպքի վայր է եկել ևս երեք անձ՝ Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և, ինքնությունը չպարզված, ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է:
Մեկնաբանել