
Լևոն Արոնյանը անհաջող հանդես եկավ London Chess Classic սուպերմրցաշարում
Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում ավարտվեց Grand Chess Tour-ի եզրափակիչ մրցափուլը՝ London Chess Classic սուպերմրցաշարը, որին ի թիվս աշխարհի ուժեղագույն շախմատիստների՝ մասնակցում էր նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով մրցաշարի 8 տուրերում միայն ոչ-ոքիներ խաղաց, սակայն այսօր կայացած վերջին տուրում սպիտակ խաղաքարերով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին: Արդյունքում, Արոնյանը 10 շախմատիստների պայքարում 4 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Անկախ վերջին տուրի արդյունքներից՝ Լևոն Արոնյանը արդեն իսկ կորցրել էր մրցաշարում հաղթելու բոլոր շանսերը, քանի որ զգալիորեն զիջում էր առաջատարներին: Կայացած 9 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորեցին Յան Նեպոմնյաշչին և Ֆաբիանո Կարուանան, ովքեր հաղթողին պարզելու համար անցկացրին թայ-բրեյքի պարտիաներ: Արագ շախմատի երկու պարտիաներում էլ ոչ-ոքի գրանցվեց, իսկ կայծակնային շախմատում ավելի ուժեղ գտնվեց Ֆաբիանո Կարուանան և դարձավ London Chess Classic-ի հաղթող, իսկ Նեպոմնյաշչին՝ փոխչեմպիոն: Երեք գրոսմայստերներ բաժանեցին 3-5-րդ հորիզոնականները:
London Chess Classic-ի մրցանակային ֆոնդը կազմում էր 300 հազար ԱՄՆ դոլար, որից 15 հազարը բաժին հասավ 7-րդ հորիզոնականը զբաղեցրած Լևոն Արոնյանին:
Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքն ու բաշխված գումարները
Grand Chess Tour-ի 2017 թվականի խաղարկությունում Արոնյանը 29 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` արժանանալով 91 250 դոլար դրամական պարգևի: 39 միավորով հաղթող ճանաչվեց Մագնուս Կարլսենը, ով որպես հավելավճար կստանա ևս 100 հազար դոլար: Կարլսենը հաղթել էր նաև Grand Chess Tour-ի 2015 թվականի խաղարկությունում:
Grand Chess Tour-ի ամփոփիչ աղյուսակն ու մրցանակային ֆոնդի բաշխումը
Grand Chess Tour-ը շախմատային միջազգային մրցաշարերի շարք է, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները: Այն բաղկացած է 5 մրցափուլերից՝ 2-ը դասական, իսկ 3-ը արագ և կայծակնային շախմատի կանոններով: London Chess Classic-ը շարքի վերջին՝ 5-րդ մրցափուլն էր:
Մրցումային տարում London Chess Classic-ը Լևոն Արոնյանի համար վերջին մրցաշարն էր: Կարելի է փաստել, որ 2017 թվականը հաջող դասավորվեց 34-ամյա հայ գրոսմայստերի համար: Արոնյանը հաղթող ճանաչվեց 4 մրցաշարերում՝ ապրիլին Բադեն-Բադենում GRENKE Chess Classic մրցաշարում, հունիսին Ստավանգերի Norway Chess սուպերմրցաշարում, օգոստոսին Սենտ Լյուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարում, իսկ սեպտեմբերին Թբիլիսիում դարձավ աշխարհի գավաթակիր և լուծեց 2017 թվականին իր առջև դրված գլխավոր խնդիրը՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր:
2018 թվականի շախմատային գլխավոր մրցաշարը տեղի կունենա մարտի 10-28-ը Բեռլինում, որտեղ 8 գրոսմայստերներ կպայքարեն հաղթողի կոչման համար, որն էլ իրավունք կստանա ձեռնոց նետել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Լուսանկարը՝ Grand Chess Tour / Spectrum Studios
Աղյուսակները՝ Grand Chess Tour-ի թվիթերյան էջից
Մեկնաբանել