HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հարկայինի երկարամյա պաշտոնյան Բուլղարիայում բնակարան ու այլ անշարժ գույք է գնել, ընկերություն հիմնել

Այն, որ Հայաստանում հարկային ու մաքսային ծառայությունների աշխատողները, հատկապես՝ ղեկավար կազմը, տարիների ընթացքում հասցնում է նյութական մեծ կարողություններ կուտակել, գաղտնիք չէ, մամուլը դրա մասին բազմիցս է գրել: Սակայն իրականում նրանց գույքը չի սահմանափակվում Հայաստանի տարածքով: Կարիերայի աստիճաններով վեր բարձրացած պաշտոնյաները իրենց բիզնես ու գույքային հետաքրքությունները ժամանակի ընթացքում կյանքի են կոչում նաեւ արտերկրում:

Նման պաշտոնյաներից մեկը Արթուր Ռաֆիկի Եթիմյանն է: 49-ամյա Եթիմյանը 23 տարեկանից հարկային համակարգում է աշխատում: Ծնվել է 1968-ին Կիրովականում: 1990-ին ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղը մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ եւ գործիքներ մասնագիտությամբ, որակավորումը՝ ինժեներ-մեխանիկ: Սակայն բուհն ավարտելուց հետո՝ 1991-ին, գործի է անցել որպես հարկային տեսուչ: Ընդ որում՝ տնտեսագետի դիպլոմ ավելի ուշ է ստացել, երբ 1995-ին ավարտել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը (ֆինանսներ եւ վարկ), իսկ ավելի ուշ՝ 2007-ին, երբ տարածքային հարկային տեսչության պետ էր, ԵՊՀ-ից իրավաբանի դիպլոմ է ստացել:

1991-ին իր հարկային ուղին սկսելով որպես տեսուչ՝ Եթիմյանը հետագայում դարձել է օպեր լիազոր, ավագ օպեր լիազոր, գլխավոր օպեր լիազոր, բաժնի պետ, 2002-ին զբաղեցրել է Թումանյանի հարկայինի պետի պաշտոնը, 2003-2004-ին արդեն Լոռու մարզի հարկայինի պետն էր, որից հետո հաջորդաբար նշանակվել է Վանաձորի, Սպիտակի հարկայինի պետ: 2010-ին փոխադրվել է Աշտարակ, 4 տարի անց՝ նորից Վանաձոր: 2015-ին Էջմիածնի հարկայինի պետ է դարձել, հաջորդ տարի՝ Արմավիրի, ապա՝ Իջեւանի: 2017-ին նշանակվել է Գյումրու տարածքային հարկային տեսչության պետ, սակայն շուտով փոխադրվել այլ պաշտոնի. այս տարվա ամռանը դարձել է ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 11 բաժնի պետ (հասցեն՝ Գյումրի):

Չնայած տարիներ շարունակ պաշտոնյա է եղել, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում առկա է Եթիմյանի միայն մեկ հայտարարագիր: Այն ներկայացվել է այս տարվա սեպտեմբերին՝ վերջին պաշտոնը ստանձնելու առիթով: Ըստ այդմ՝ պաշտոնյան ունի 2 բնակարան, սակայն քանի որ հասցեները փակված են, հայտնի չէ, թե որտեղ են դրանք գտնվում (Եթիմյանի ընտանիքը հաշառված է Վանաձորի Գր. Լուսավորչի փողոցում, բնակարաններից մեկը հավանաբար հենց այստեղ է): Ունի նաեւ 2 ավտոմեքենա՝ «Opel Vectra 2.0 i» եւ «Lexus RX 330»: Արժեթղթեր, ներդրումներ, փոխառություններ չի հայտարարագրել, պաշտոնը ստանձնելիս ունեցել է 11.250.000 դրամ եւ 23.500 դոլար: Միակ եկամուտն էլ եղել է աշխատավարձը՝ 4,8 մլն դրամ (2017-ի հունվարից մինչեւ վերջին պաշտոնը ստանձնելը), այսինքն՝ այդ գումարը ստացել է որպես տարածքային հարկայինի պետ:

Պոմորիե. բուլղարական ընկերությունն ու անշարժ գույքը

Սկսենք նրանից, որ այս պաշտոնյան դեռ 2011-ին բիզնես է հիմնադրել Հայաստանում եւ Բուլղարիայում, ինչի մասին հայտարարագրում որեւէ նշում չկա: Այսպես՝ 2011-ի հուլիսին նույնպես վանաձորցի Կարո Կապլանյանը, նրա կինը՝ Աննա Բարսեղյանը, Եթիմյանն ու վերջինիս կինը՝ Վարդուհի Սահակյանը, հիմնադրել են «Վանաբուրգ» ՍՊԸ-ն: Ընկերությունը, ըստ հարկ վճարողների փնտրման համակարգի, զբաղվել է համակարգիչների մանրածախ առեւտրով: Ասում ենք՝ զբաղվել է, քանի որ գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է: ՍՊԸ-ում 25-ական տոկոս փայ ունեն Կապլանյանն ու կինը, որոնց վանաձորյան բնակարանում գրանցվել է իրավաբանական անձը, 42 տոկոսը պատկանում է Վարդուհի Սահակյանին, իսկ 8 տոկոսը՝ Արթուր Եթիմյանին: ՍՊԸ-ի տնօրենը Կարո Կապլանյանն է:

Այս ընկերության բացումից օրեր անց՝ 2011-ի օգոստոսին, Եթիմյանն ու Կապլանյանը գրեթե նույնանուն՝ «Վանբուրգ» ՍՊԸ են հիմնել Բուլղարիայում՝ Բուրգասի հարեւանությամբ գտնվող ծովափնյա Պոմորիե քաղաքում: 50-50 մասնաբաժին ունեցող գործընկերները միաժամանակ նաեւ ընկերության տնօրեններն են, այնինչ Ա. Եթիմյանին «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով արգելվում է նման բան. «Հանրային ծառայողը եւ բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական կամ ընտրական հանձնաժողովի անդամի կամ ընտրական հանձնաժողովում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի կարգավիճակից բխող աշխատանքից»:

Բուլղարական ընկերության գործունեության տեսակները ամենատարբեր ոլորտներից են, ինչը, սակայն, չի նշանակում, թե Եթիմյանն ու Կապլանյանն իսկապես զբաղվում են բոլոր տեսակներով՝ ապրանքների առեւտուր, օդափոխիչ ու տաքացուցիչ սարքերի արտադրություն եւ տեղադրում, ներկայացուցչական եւ միջնորդական գործունեություն, փոխարժույթի գործառնություններ, հյուրանոցային, տուրիստական, գովազդային գործունեություն, շինարարություն եւ այլն:

Ընկերության կանոնադրական կապիտալը խորհրդանշական է, ընդամենը 10 լեւ: Չի բացառվում, որ վանաձորցի պաշտոնյան եւ նրա ընկերն իրականում ուղղակի անշարժ գույք գնելու նպատակ են ունեցել Բուլղարիայում: ԵՄ անդամ այս երկրում կարելի է գույք գնել թե անհատապես, թե իրավաբանական անձ գրանցելու միջոցով: Ու ամենահետաքրքիրն այն է, որ Արթուր Եթիմյանը երկու ճանապարհով էլ գնացել է:

«Վանբուրգը» գրանցված է Պոմորիեի Ցար Պետր 5 հասցեում, որի հարեւան փողոցում՝ Սավա Կատրաֆիլով 2 շենքում (տես եռաչափ պատկերը), ՍՊԸ-ն 40 քմ տարածք է գնել: Քանի որ այն, ինչպես կադաստրի փաստաթղթում է նշված, գտնվում է 0 հարկում, կարելի է ենթադրել, որ ոչ բնակելի տարածք է՝ խանութ կամ արտադրական տարածք: Այն գնվել է 2013-ի մայիսին տեղական «Դրակար» ընկերությունից, գործարքի գինը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, կազմել է 33 հազար լեւից մի փոքր ավելի կամ շուրջ 20 հազար դոլար:                

Արեւային ափ. բնակարան՝ «Summer Dreams» հյուրանոցում

Մինչեւ «Վանբուրգի»՝ Պոմորիեում տարածք ձեռք բերելը հարկայինի պաշտոնյան եւ կինը՝ Վարդուհի Սահակյանը, բնակարան են գնել Բուլղարիայի ամենամեծ կուրորտում՝ Բուրգասից քիչ հյուսիս գտնվող Արեւային ափում (մտնում է Նեսեբր քաղաքի կազմի մեջ):

Բնակարանը գտնվում է «Summer Dreams» («Ամառային երազանքներ») հյուրանոցում:

Վերջինս իր հյուրերին առաջարկում է 1 եւ 2 ննջասենյակով բնակարաններ ու ստուդիաներ (առանց միջնորմի սենյակներ): Շատ բուլղարական հյուրանոցների նման այստեղ էլ կան վաճառված (սեփականաշնորհված) եւ վաճառվող կամ վարձով տրվող բնակարաններ: Կախված տեսակից ու տարածքից՝ դրանք տարբեր գներ ունեն:

Ա. Եթիմյանի եւ նրա կնոջ բնակարանը գտնվում է հյուրանոցի 4-րդ հարկում, ունի մոտ 65 քմ մակերես, գործարքը գրանցվել է 2011-ի դեկտեմբերին: Վաճառողը եղել է օտարերկրացի ֆիզիկական անձ: Գինը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, եղել է 72 հազար լեւ կամ ավելի քան 43 հազար դոլար:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter