
Ամենամյա ցույց Բեռլինում՝ ընդդեմ «Մոնսանտոյի» եւ այլ խոշոր ընկերությունների
«Մենք դեմ ենք գյուղատնտեսության ոլորտում մեծ ընկերությունների գործունեությանը, դրանցից մեկը «Մոնսանտոն» է: Ցանկանում ենք, որ Գերմանիայում գյուղատնտեսներն ավելի շատ իրավունքներ ունեն, ավելի մեծ հնարավորություններ՝ իրենց արտադրանքն իրացնելու համար»,- ասում է գերմանացի Լիլի Բերեսբորնը (Lili Beresborn):
Ամեն տարի հունվարին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի է ունենում «Միջազգային կանաչ շաբաթ» ագրոարդյունաբերական ցուցահանդես-վաճառքը (տոնավաճառը): Այն կազմակերպվում է 1926 թ.-ից, տեղացիների ասելով՝ անունը պատահական չէ: Բեռլինից կամ Բեռլին եկած գյուղատնտեսները կանաչ բաճկոններով էին, եւ այդտեղից էլ ցուցահանդեսը ստացել է անվանումը՝ «Կանաչ շաբաթ»:
Այս տարի միջոցառումն անցկացվում է հունվարի 18-ից 28-ը: Ցուցահանդեսի զբաղեցրած տարածքը մոտ 116 հազար քմ է, 1660 մասնակիցներն աշխարհի 66 երկրներից են: Հիմնական թեման գյուղատնտեսությունն է, սնունդը, այգեգործությունը: Ամեն տարի տոնավաճառը մոտ 400.000 այցելու է ունենում: Այս տարվա կարգախոսն է՝ «Արեւի համը» (Flavour of Sun).
Ցուցահանդեսին զուգահեռ ամեն տարի ցուցարարները Գերմանիայի կառավարությունից պահանջում են վերանայել գյուղատնտեսական մեծ ընկերությունների իրավունքները, բարելավել պայմանները երկրի գյուղատնտեսների համար: «Երկրորդ տարին է, որ մասնակցում եմ: Հարցնում եք՝ կառավարությունը լսո՞ւմ է մեր ձայնը, չգիտեմ, բայց այն, որ մեր խնդիրները լուսաբանվելու են, եւ նրանք կիմանան այդ մասին, լավ է»,- նշում է Լիլին: Ցույցի մասնակիցները ներկայացնում են տարբեր կազմակերպություններ կամ էլ շարքային քաղաքացիներ են: Նրանք պայքարում են սպառողների իրավունքների համար: Լիլին ասում է, որ ցանկանում են իմանալ, թե ինչ են ուտում: Նպատակն առողջարար սնունդ ուտելն ու բնության պաշպանությունն է:
«Շատ մեծ ընկերությունները, որոնք ունեն մեծ իշխանություն, քաղաքական որոշումներ են կայացնում, թե մենք ինչ ուտենք, ինչ անենք: Ես պայքարում եմ դրանց դեմ, ինչպես նաեւ կենդանիների պաշտպանության համար»,- ասում է գերմանացի կինը, ով իր հետ ցույցին բերել էր նաեւ իր 6 ամսական որդուն՝ Միլոշին: Վերջինս մեղվի հագուստով է: Լիլին ասում է, մեկ այլ խնդիր է մեղուների թվաքանակի նվազումը տարեցտարի, եւ մասնակիցների մի մասը պայքարում է դրա դեմ: Նրա ցանկությունն է, որ ապագայում երեխաները չտեսնեն այս խնդիրները:
Իր հերթին Գերմանիայի ֆերմերների միության նախագահ Յոախիմ Ռուկվիդը (Joachim Rukwied) ցուցահանդես-վաճառքի բացմանը նշեց, որ 2015-16 թթ. ճգնաժամից հետո Գերմանիայի գյուղատնտեսությունը ձգտել է վերականգնվել նախորդ տարի. «Մեր ֆերմերներն այս փուլում փորձեցին նախ՝ զարգացնել իրենց կապիտալը, երկրորդ՝ կրկին ներդրումներ անել նորարարությունների մեջ: Թվային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս զարգացնել ու բարելավել շրջակա միջավայրի պահպանությունն ու կենդանիների վիճակը»:
![]() |
![]() |
Սննդամթերք եւ խմիչք արտադրողների գերմանական ֆեդերացիայի նախագահ Քրիստոֆ Մինհոֆն (Christoph Minhoff) էլ ասում է, որ Գերմանիան այնպիսի կառավարության կարիք ունի, որը կայուն է եւ ունակ է աճի հնարավորություն ապահովել: «Սնունդ արտադրող ընկերությունները ոլորտի պահանջներին համապատասխանող, տնտեսապես արդյունավետ ու կայուն շուկայական միջավայր են պահանջում,- ասում է Մինհոֆը,- ինովացիոն գաղափարներով ավելի ու ավելի շատ ընկերություններ են շուկա մտնում: Այս պահին մենք անցումային տնտեսության ականատես ենք, եւ քաղաքական գործիչները պետք է ամեն ինչ անեն՝ առկա ներուժը խթանելու համար»:
Մեկնաբանել