
ՀՔԾ լրատվականը անդրադարձել է ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի բիզնես գործունեության մասին «Հետք»-ի հրապարակմանը
Հունվարի 17-ին «Հետքը»-ը հոդված էր հրապարակել Հայաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի բիզնես գործունեության վերաբերյալ: Մասնավորապես գրել էինք, որ Դավիթ Սուքիասյանին 100% բաժնեմասով պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն մտադիր է Արագածոտնի մարզի Ոսկեհատի բազալտի հանքավայրի հարավային տեղամասում իրականացնել օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրություն:
ՀՔԾ լրատվական ծառայությունը այդ հոդվածի վերաբերյալ այսօր գրություն է ուղարկել «Հետք»-ին, որում ասվում է հետևյալը.
«Հետք ինտերնետային թերթում 2017 թվականի հոկտեմբերի 18-ին և 2018 թվականի հունվարի 17-ին հրապարակված` ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի բիզնես կապերը հանքարդյունաբերության ոլորտում և ՀՔԾ աշխատակազմի ղեկավարն ընդլայնում է հանքարդյունաբերական բիզնեսը վերտառություններով հրապարակումներով փորձ է արվել ստվերել ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի բարի համբավն ու արժանապատվությունը` նրան անհիմն ներկայացնելով որպես ակտիվ բիզնես գործունեություն ծավալող պաշտոնյա, ով շարունակում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը հանքարդյունաբերության ոլորտում: Միաժամանակ կասկած է հայտնվել, թե բիզնես գործունեություն ծավալող պաշտոնյան ինչպես է ժամանակ գտնում Հատուկ քննչական ծառայությունում իր աշխատանքային պարտականությունները կատարելու համար։
Այս առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Դավիթ Սուքիասյանը «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերն է դարձել դեռևս 2010 թվականին: Իսկ տարիներ անց` Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում աշխատելու ընթացքում, գործող օրենսդրության համաձայն, Դավիթ Սուքիասյանը կնքել է ընկերության իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ պայմանագիր, որը բավարար իրավական հիմք է` փաստելու, որ Դավիթ Սուքիասյանն առնչություն չունի ձեռնարկատիրական գործունեության հետ և Ծառայությունում բարեխղճորեն կատարում է իր աշխատանքային պարտականությունները:
Դիմելով ձեզ` հորդորում ենք միջոցներ ձեռնարկել դադարեցնել Հատուկ քննչական ծառայության աշխատակցի բարի համբավը ոտնահարող, իրականությունը խեղաթյուրող տեղեկությունների հրապարակումը»:
Մեկնաբանել