
Հաղթահարելի ճանապարհ դեպի ԵՎՐՈ-2020. Հայաստանի հավաքականի մրցակիցները ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում
Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի վիճակահանությունը: Ազգերի լիգան ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո երկու տարին մեկ անգամ անցկացվելիք նոր մրցաշար է, որին մասնակցելու են կազմակերպության անդամ 55 երկրների ազգային հավաքականները, որոնք բաժանված են 4 լիգաների` A, B, C և D: Հավաքականների դասակարգումը եղել է՝ ըստ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի: Ըստ այդմ՝ A լիգայում հայտնվել են ամենաբարձր գործակից ունեցող թիմերը, իսկ D-ում՝ ամենացածր:
Յուրաքանչյուր լիգա բաժանված է 4 խմբերի: Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկված էր D դիվիզիոնի երկրորդ զամբյուղում:
D դիվիզիոնի զամբյուղները ունեին հետևյալ տեսքը.
1-ին զամբյուղ. Ադրբեջան, ՆՀՀ Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան
2-րդ զամբյուղ. Հայաստան, Լատվիա, Ֆարերյան կղզիներ, Լյուքսեմբուրգ
3-րդ զամբյուղ. Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտեյն, Մալթա
4-րդ զամբյուղ. Անդորրա, Կոսովո, Սան-Մարինո, Ջիբրալթար
Հարկ է նշել, որ ըստ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշման՝ Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականները չէին կարող ընդգրկվել նույն խմբում: Նույն որոշումը տարածվում էր նաև B լիգայում գտնվող Ռուսաստանի և Ուկրաինայի ընտրանիների վրա:
D լիգայի վիճակահանության արդյունքներով՝ Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց 4-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն ՆՀՀ Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի ընտրանիները:
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան 2018 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին:
Ինչ է Ազգերի լիգան և ինչ է տալիս ազգային հավաքականներին
Ըստ ՈՒԵՖԱ-ի հիմնավորման՝ Ազգերի լիգայի նպատակը «հավաքականների խաղերին նոր կյանք հաղորդելն ու մարզական ավելի մեծ կարևորություն տալն է»: Բացի այդ, այս մրցաշարը որոշակիորեն փոխարինելու է ընկերական հանդիպումներին, և քանի որ ստուգողական խաղերին ֆուտբոլիստները և մարզիչները մեծ կարևորություն չեն տալիս, այս մրցաշարի առկայության պարագայում լրացուցիչ մրցակցություն կստեղծվի ազգային հավաքականների միջև:
Սակայն այս մրցաշարի գլխավոր նպատակը, հատկապես կարգով ցածր հավաքականների համար, Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելն է: A, B, C և D լիգաներրի հաղթողները ԵՎՐՈ-2020-ի ուղեգրեր կնվաճեն: Օրինակ՝ Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ուղեգիր նվաճելու համար խաղալու է միայն D լիգայի թիմերի դեմ: Դրա համար առաջնահերթ անհրաժեշտ է առաջին հորիզոնականը զբաղեցնել խմբում: Այդ դեպքում Հայաստանի հավաքականը D լիգայի մյուս խմբերի հաղթողների հետ դուրս կգա D լիգայի փլեյ-օֆ փուլ: Վիճակահանությամբ խմբի հաղթողներից կկազմվի կիսաեզրափակչի երկու զույգ, իսկ դրանց հաղթողները կվիճարկեն ԵՎՐՈ-2020-ի ուղեգիրը և D լիգայի հաղթողի կոչումը: Եզրափակչի և կիսաեզրափակչի հանդիպումները անցկացվելու են չեզոք դաշտում 2020 թվականի մարտի 26-31-ը:
Նույն ձևաչափով են տեղի ունենալու նաև A, B, C լիգաների հանդիպումները: Հարկ է նշել, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլը էական փոփոխությունների չի ենթարկվելու: Եթե ընտրական փուլի միջոցով հավաքականը արդեն Եվրոպայի առաջնության ուղեգիր է նվաճել, սակայն հետո հաղթանակ է տանում նաև Ազգերի լիգայի դիվիզիոններից մեկում, ապա Եվրոպայի առաջնության ուղեգիրը տրվում է Ազգերի լիգայում լավագույն արդյունք ցույց տված հաջորդ հավաքականին:
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի ընդհանուր մրցաշարի հաղթողի կոչումը վիճարկելու են միայն A լիգայի 4 խմբերի հաղթողները, որոնք կբաժանվեն կիսաեզրափակչի երկու զույգերի: Այս հանդիպումները, ինչպես նաև եզրափակիչ հանդիպումը կկայանան 2019 թվականի հունիսին:
B, C, D լիգաների յուրաքանչյուր 4 խմբերի հաղթողները Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես կգան մեկ կարգով բարձր դիվիզիոնում, իսկ A, B, C լիգաներում վատագույն արդյունք գրանցած 4-ական թիմեր հանդես կգան կարգով ցածր լիգայում:
A, B, C լիգաներում ձևավորվեցին հետևյալ խմբերը
Մեկնաբանել