HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԱԺ ընտրությունների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու գործով տարեց կնոջ նկատմամբ հետախուզում հայտարարվեց

Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող տարեց կնոջ՝ Ջուլիետա Կոկոյանի նկատմամբ հետախուզում հայտարարվեց: Այսօր նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը:

Արդեն յոթ ամիս է՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ այս գործն ուղարկվել է դատարան, այս ընթացքում 7 անգամ  դատական նիստերը հետաձգվել են ամբաստանյալ Ջուլիետա Կոկոյանի բացակայության պատճառով: Ամբաստանյալի պաշտպանը` Արարատ Գրիգորյանը, պարբերաբար դատարանին տեղեկացրել է, որ Կոկոյանն առողջական խնդիրներ ունի, հաճախակի տեղափոխվում է հիվանդանոց: Դատարանը պաշտպան Արարատ Գրիգորյանից պահանջել էր ներկայացնել համապատասխան փաստաթղթեր` ամբաստանյալի առողջական խնդիրների վերաբերյալ, սակայն պաշտպանը որևէ կերպ չի կարողանում ձեռք բերել այդ փաստաթղթերը:

Վերջին անգամ Արարատ Գրիգորյանը Ջուլիետա Կոկոյանի հետ կարողացել է կապվել շուրջ երկու ամիս առաջ: Դատավոր Գագիկ Պողոսյանը կնոջը բերման ենթարկելու վերաբերյալ որոշում է կայացրել, որը կատարել նույնպես չի հաջողվում: Դատարանը ստացել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանման գրությունն այն մասին, որ հասցեն, որ հայտնի է որպես ամբաստանյալի բնակության վայր, «փակ դուռ է», այսինքն` այնտեղ որևէ մեկը չի բնակվում:

Կոկոյանից բացի՝ այս գործի շրջանակներում մեղադրվում է ևս մեկ անձ` Լևոն Գալստյանը: Այսօրվա դատական նիստին գործով մեղադրողը դատարանին միջնորդեց գործից մաս անջատել, Լևոն Գալստյանի վերաբերյալ գործը քննել առանձին վարույթում, իսկ Ջուլիետա Կոկոյանի նկատմամբ հետախուզում հայտարարել:

Դատավորը որոշեց բավարարել միջնորդությունը: Այսպիսով, Լևոն Գալստյանի վերաբերյալ գործը նշանակվեց մարտի 2-ին, իսկ Ջուլիետա Կոկոյանի վերաբերյալ գործի վարույթը կասեցվեց մինչև ամբաստանյալի հայտնաբերումը:

Հիշեցնենք, որ  ըստ այս գործի նյութերի` 2017թ.-ի ապրիլի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով նկարահանումներ են իրականացրել Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում և դրան հարակից տարածքում: Այդ ընթացքում շտաբի դիմաց հավաքված քաղաքացիները լրագրողներից պահանջել են հեռանալ տարածքից և դադարեցնել տեսանկարահանումները:

Այնուհետև, ըստ մեղադրանքի` «araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանին է մոտեցել Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոլյանը և տեսնելով, որ չնայած իր պահանջին՝ Շողիկ Գալստյանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ վիրավորել և բռնություն է գործադրել նրա նկատմամբ, քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից:

Ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով շտաբի տարածքում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը փորձել է նկարահանել միջադեպը, և, ըստ մեղադրանքի, նրան է մոտեցել Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանը ու պահանջել դադարեցնել նկարահանումները, սակայն լրագրողը շարունակել է իրականացնել իր լիազորությունները, և այդ ընթացքում Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացումը:

Լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու և վերջիններիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոլյանին ու Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այն է՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Այս գործով ամբաստանյալ Լևոն Գասպարյանն ընդունել է մեղադրանքը, իսկ Ջուլիետա Կոկոյանը` ոչ:

Լուսանկարում՝ դատավոր Գագիկ Պողոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter