
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել
Մինչ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին խոստացավ 2040 թվականին հանրապետության բնակչության թիվն առնվազն 4 միլիոնի հասցնել, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ բնակչությունը շարունակում է նվազել և 4 միլիոնի հասնելու միտումներ բացարձակ չունի:
2017-ի հունվարի 1-ից մինչ այս տարվա նույն ժամանակահատված՝ Հայաստանի բնակչությունը նվազել է 13 200-ով: 2017-ի հունվարի 1-ի տվյալների` 2 միլիոն 986 հազար, փոխարեն, այս տարվա հունվարի 1-ին հանրապետությունում հաշվառվել է 2 միլիոն 972 հազար մարդ:
Հանրապետությունում բնակչությունը միայն 6000-ով աճել է Երևանում, հանրապետության մնացած մարզերում բնակչությունը նվազել է. կամ այդ մարզերի բնակչության որոշ հատվածի հոսք է եղել Երևան, կամ էլ նրանք արտագաղթել են:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հանրապետությունում այս տարվա հունվարի 1-ին գյուղական համայնքներում հաշվառվել է 1 միլիոն 77 հազար մարդ, իսկ քաղաքային համայնքներում՝ 1 միլիոն 895 հազար մարդ: Մինչդեռ 2017-ին գյուղական բնակչության թիվը 1 միլիոն 84 հազար էր, իսկ քաղաքային համայնքներում՝ 1միլիոն 901 հազար մարդ:
Հանրապետության բնակչությունը նվազել է թե՛ գյուղական, թե՛ քաղաքային համայնքներում:
Եթե առանձնացված անդրադառնանք բնակչության թվաքանակին հանրապետության տարածքով, ապա բնակչությունը մեծ մասամբ կենտրոնացված է մայրաքաղաքում, ապա Արմավիրի մարզում, որտեղ հաշվառվել է 265 հազար մարդ: Վայոց ձորը կրկին մնացել է հանրապետության ամենաքիչ բնակչություն ունեցող մարզը, որտեղ հաշվառվել է 49 հազար մարդ:
Պաշտոնական վիճակագրության տարեվերջյան տվյալներով՝ 2017-ին գրանցվել է վերջին երեք տարիներին բնակչության թվաքանակի ամենացածր ցուցանիշը: 2015-ին բնակչության թիվը եղել է ավելի քան 3 միլիոն, որից հետո բնակչության թվաքանակը նվազել է՝ հասնելով 2,9 միլիոնի:
Այսինքն՝ երկու տարվա ընթացքում՝ 2015-2017 թվականներին, հանրապետության բնակչությունը նվազել է 25,700-ով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել