HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սլովակիայում սպանվել է հետաքննող լրագրող Յան Կուցիակը

Փետրվարի 25-ին իր տանը սպանվել է սլովակ հետաքննող լրագրող, 27-ամյա Յան Կուցիակը (Ján Kuciak): Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, հղում անելով՝ Dennik N լրատվական կայքին: 

Կուցիակը սպանվել է մայրաքաղաք Բրատիսլավայից 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վելկա Մաչա գյուղում: Սլովակիայի ոստիկանապետ Տիբոր Գաշպարը հայտնել է, որ Կուցիակի հետ սպանվել է նաև նրա ընկերուհին՝ Մարտինա Կուշնիրովան (Martina Kušnírová): 

«Հնարավոր է՝ այս միջադեպը կապված է Կուցիակի հետաքննական գործունեության հետ: Սլովակիան դեռևս լրագրողների վրա հարձակման այսպիսի նախադեպ չէր ունեցել»,- Գաշպարի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Յան Կուցիակը աշխատում էր Aktuality.sk կայքում: Նրա հետաքննությունների հիմնական թեման Սլովակիայի իշխող կուսակցության հետ առնչություններ ունեցող գործարարների հարկային խարդախություններն էին: 

Սպանված լրագրողի վերջին հետաքննությունը հրապարակվել էր փետրվարի 9-ին, որում պատմվում էր գործարար Մարիան Կոչների և սլովակ քաղաքական գործիչների կասկածելի կապերի մասին: Հոդվածում մասնավորապես նշվում էր Բրատիսլավայում գտնվող Five Star Residence շքեղ բնակելի համալիրի շուրջ ծագած հարկային խարդախությունների մասին:

Այդ հոդվածը պատրաստելու համար Կուցիակը աշխատել էր մի քանի ամիս: 2017 թվականի հոկտեմբերին նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հեռախոսազանգով սպառնալիքներ է ստացել, ինչից հետո քրեական գործ հարուցելու համար դիմել է գլխավոր դատախազություն:

Նախորդ տարի այդ շենքի մոտակայքում հազարավոր քաղաքացիներ ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով երկրի փոխվարչապետ, ՆԳ նախարար Ռոբերտ Կալինյակի հրաժարականը, ով բիզնես կապեր ուներ Five Star Residence-ի ներդրող Լադիսլավ Բաստերնակի հետ:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է Յան Կուցիակի սպանությունը և կոչ է արել Սլովակիայի իշխանություններին պատժել մեղավորներին: Կազմակերպությունը հիշեցնում է, որ Եվրամիության երկրներում վերջին 10 տարիներին սա լրագրողի կամ լրագրողների սպանության հինգերորդ դեպքն էր, որոնցից վերջինը, մինչ Կուցիակի սպանությունը, մալթացի հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությունն էր:

Լուսանկարը՝ Aktuality.sk-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter