HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Ծառուկյանի ընկերությունը ցեմենտի արտադրամաս է ուզում բացել Կապանում

«Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն պատրաստվում է Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս բացել:

Փետրվարի 28-ին Կապանի համայնքապետարանում ընկերության տեխնիկական տնօրեն Սամվել Թադևոսյանը հանրային քննարկման է ներկայացրել ցեմենտի աղացման թիվ 2 արտադրամասի աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը:

Ի՞նչ է նախատեսված նախագծով

Այս կառույցը նախատեսված է ցեմենտի տարբեր տեսակների արտադրության համար: Ըստ նախագծի՝ այն գտնվում է Կապան քաղաքի բնակելի տարածքից 2,5-3 կմ, իսկ արտադրական գոտուց՝ մոտ 200 մ դեպի հյուսիս-արևելք՝ օդանավակայանի հարևանությամբ: Քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ինչպես նշվում է նախագծում, չի առարկել արտադրական օբյեկտների կառուցմանը:

Ցեմենտի արտադրամասի տարեկան արտադրողականությունը լինելու է մինչև 186 հազար տոննա: 64 աշխատեղ է լինելու՝ 32 բանվորական, նույնքան էլ վարչական հատվածի համար:

Նախնական գնահատման հայտում ընկերությունն առանձին կետով անդրադարձել է բնապահպանական հարցերին: Նշվել է, որ գործունեության ընթացքում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կանխարգելելու և մեղմելու նպատակով մշակվել են ազդեցության նվազեցման միջոցառումներ, ինչպես օրինակ.

- փոշեկլանիչ ֆիլտրներ են տեղադրվելու

- նյութի տեղափոխումն իրականացնելու է փակ փոխարկիչներով

- նյութի պահպանումն իրականացվելու է փակ սիլոսներում

- որսված և հավաքված ցեմենտի փոշու կրկնակի օգտագործում արտադրությունում

-փոշու արտանետումների նվազեցման համար գործարանի տարածքի ջրցանում

-բոլոր կազմակերպված արտանետման աղբյուրներում տեղադրվելու են փոշեմաքրման սարքավորումներ, որոնց ՕԳԳ-ն կազմում է 95 տոկոս

- շրջակա միջավայրի, մարդկանց առողջության և անվտանգության տեխնիկայի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացում

Նախնական գնահատման հայտը ուղարկվելու է բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության համար:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին գրել էինք, որ Կապանի օդանավակայանի հարևանությամբ՝ Երևան տանող ավտոճանապարհի մոտ, հողահարթեցման աշխատանքներ են ընթանում: Կապանցիները մեզ հայտնել էին, որ այդտեղ Գագիկ  Ծառուկյանը պատրաստվում է ցեմենտի գործարան կառուցել:

Դեռևս այն ժամանակ Կապանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Արմինե Ավագյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ տեղյակ չեն շինարարությունից, և որ ընկերությունն իրենց չի դիմել՝ շինթույլտվություն ստանալու համար:

Կապանցի բնապահպանն ասում է, որ «Արարատցեմենտը» օրենք է խախտել

Վերոնշյալ հանրային քննարկմանը մասնակցած կապանցի բնապահպան, «Զբոսավարներ հարավից» ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Հակոբյանի կարծիքով՝ «Արարատցեմենտ» ընկերությունն օրենքի ընթացակարգերն արդեն խախտել է՝ շինարակական որոշ աշխատանքեր սկսելով, որոշ սարքավորումներ, օրինակ, աղացներ բերելով:

Ըստ նրա՝ Կապանում արտադրամասի գործունեությունը բնապահպանական ռիսկեր է առաջացնելու: Արտադրամասի հարևանությամբ գտնվում են մեղվաբուծական փեթակներ, կաթի արտադրամաս, օդանավակայան: Դ. Հակոբյանը նշում է, որ Կապանի աշխարհագրական դիրքը, քաղաքի ձգվածությունն այնպիսին է, որ ձորերի միջով է անցնում, որտեղ միշտ քամիներ են լինում, և ցեմենտի արտադրամասից առաջացած փոշին տարածվելու է քաղաքի վրա, ինչքան էլ ընկերության ներկայացուցիչները հավաստիացնեն 95-տոկոսանոց զտման մասին:

Հակոբյանն ասում է, որ զրուցել է մասնագետների հետ. արտադրամասի արտանետումներն այնպիսի նյութեր են պարունակում, որոնք ուղղակի ազդելու են կանաչ զանգվածի վրա:

Բացի դրանից, ըստ կապանցի բնապահպանի, ընկերությունը սոցիալական պատասխանատվություն չի կրում, և պարզ չէ, թե ինչ փոխհատուցում է պատրաստվում տալ համայնքին պատճառած վնասի դիմաց: «Համոզված եմ՝ իրենց տված վնասը բազմակի ավելի շատ կլինի, քան օգուտը: Այո, օգուտ կլինի, բայց «Արարատցեմենտի» համար, ոչ թե Կապանի»:

«Աշխատանքներն սկսել են օրենքի խախտմամբ, ինչ-որ մի փուլում այդ գործընթացը պիտի կասեցվի, առհասարակ, արտադրամասը չպիտի գործի»,- նշում է Դավիթ Հակոբյանը:

Հ.Գ. Արտադրամասի մասին գրավոր հարցում ենք ուղարկել Կապանի համայնքապետարան, պատասխան դեռևս չենք ստացել:

Լուսանկարում՝ Արարատի ցեմենտի գործարանը (www.araratcement.am)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter