HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Քաղաքացին ու Կենտրոնական բանկը` միմյանց դեմ. դատական և քրեական գործերով քննությունը դոփում է տեղում

Իր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու մեջ Կենտրոնական բանկին մեղադրող քաղաքացի Սամվել Սահակյանը դժգոհ է, որ արդեն երկու տարուց ավելի` իրավապահ մարմինները որեւէ գործողություն չեն իրականացնում:

2016թ. դեկտեմբերին նա քրեական գործ հարուցելու պահանջով դիմել էր Կենտրոնի ոստիկանություն եւ դատախազություն` նշելով, որ Կենտրոնական բանկը խախտել է իր անձնական տվյալների պաշտպանության իրավունքը` բանկում տեղադրված տեսանկարահանման սարքերի միջոցով արված լուսանկարները տրամադրելով երրորդ անձանց:

«Հետքն» անդրադարձել է բանկի եւ քաղաքացու վեճին, որում շոշափվում էր նաեւ «Ֆ.Ի.Կ.Օ» վարկային կազմակերպության անունը: Հենց այս կազմակերպության խորհրդի անդամ ներկայացողներից մեկին էլ ԿԲ-ն տրամադրել էր Սամվել Սահակյանի եւ նրա կնոջ կողմից ԿԲ փաստաթուղթ մուտք անելու փաստը հավաստող լուսանկարները: 

Քանի որ Սամվել Սահակյանը հանրայնացրեց իր բողոքն ընդդեմ ԿԲ-ի եւ լրատվամիջոցներում բանկի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց, Կենտրոնական բանկը զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ հայց ներկայացրեց դատարան ընդդեմ Սամվել Սահակյանի` պահանջելով հերքել իր բարի համբավը արատավորող արտահայտությունները: Կենտրոնական բանկն այս գործով պատշաճ հայցվոր չէ, քանի որ պետական մարմինը չի կարող գործարար համբավ ունենալ, դա վերաբերում է մասնավոր ձեռնարկություններին (Սահմանադրական դատարանը 2011թ. 997 որոշմամբ (11-րդ կետ) սահմանել է, որ «անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն այլ անձանց արատավորող գործողություններից պաշտպանվում է բացառապես քաղաքացիաիրավական կարգավորման միջոցով, և «անձ» արտահայտությունը վերաբերելի չէ իշխանության մարմիններին որպես իրավաբանական անձ»): Չնայած այս հանգամանքին` դատարանը վարույթ է ընդունել գործը, թեեւ այն դատաքննության փուլից այն կողմ չի անցել:

Սամվել Սահակյանի` ոստիկանությունում հանձնված դիմումին զուգահեռ Կենտրոնական բանկը Սահակյանի մուտքագրած փաստաթղթի առնչությամբ 2016թ. դեկտեմբերի 21-ին պաշտոնապես դիմել էր ոստիկանություն՝ փաստաթղթերի կեղծման հանցագործության հատկանիշների կասկածանքով: ԿԲ դիմումի հիման վրա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը գործ է հարուցել, որին միացվել է Սամվելի դիմումի կապակցությամբ հարուցված գործը: Միացված գործերը հետագայում հանձնվել են Քննչական կոմիտե: Մինչ իրավապահները գործը սառեցրել են, Սամվելը «սեփական հետաքննությունն» է իրականացրել ու նոր հանգամանքներ պարզել:

«Քննիչը ուղարկեց ձեռագրաբանական փորձաքննության այն փաստաթուղթը, որը մենք մուտքագրել էինք ԿԲ: «Ֆ.Ի.Կ.Օ.-ի անունից դիմած մարդիկ ասել էին, թե դա կեղծ է: Փորձաքննության արդյունքում հաստատվեց, որ ստորագրությունը կեղծ չէ: Այդ ամբողջ գործը մեռավ այս եզրակացությամբ` թե մեր ֆոտոները երրորդ կողմին տրամադրելու, թե փաստաթղթի կեղծ լինելու ամբողջ գործը մեռավ (նկատի ունի, որ ԿԲ-ի փաստարկները` իր լուսանկարների տրամադրման վերաբերյալ, անհիմն դուրս եկան-հեղ.)»,- ասում է Սամվել Սահակյանը ու հավելում, որ որեւէ այլ գործողություն ՔԿ հատուկ կարեւոր գործերով քննիչները չեն արել, անգամ իրեն տուժող չեն ճանաչել:

Հանրամատչելի աղբյուրներից նա փաստեր է գտել, դրանք համադրել եւ պարզել, թե «ինչ սխալ ձեւով է աշխատում Քննչական կոմիտեն»: Այսպես` Սամվելը պարզել է, որ «Ֆ.Ի.Կ.Օ» վարկային կազմակերպության խորհրդի անունից, իբրեւ ընտրված անդամներ հանդես եկած Հայկ Վարդանյանը եւ Հրայր Հակոբյանը, որոնց ԿԲ-ն տրամադրել է Սահակյանի լուսանկարները, գրանցված չեն եղել ԿԲ-ում որպես վարկային կազմակերպության ղեկավարներ: ««Ֆ.Ի.Կ.Օ»-ի նախկին տնօրենի փաստաբանը դիմել էր ԿԲ` «Ֆ.Ի.Կ.Օ.-ի անունից հանդես եկող մարդկանց որակավորման մասին տեղեկություններ ստանալու համար` երբ են լիցենզավորվել եւ այլն, որովհետեւ իրենք ֆինանսական կրթություն չունեն, իսկ օրենքով նման պահանջներ կան: ԿԲ իրավաբանական վարչության ղեկավար Վարուժան Ավետիքյանը պատասխանեց, որ տվյալ մարդիկ` Հրայր Հակոբյանը (Հրանուշ Հակոբյանի եղբոր որդին) եւ Հայկ Վարդանյանը վարկային կազմակերպության ղեկավար չեն հանդիսացել»,- պատմում է Սամվելը: Ավելին, Հայկ Վարդանյանը դատարանի որոշմամբ սնանկ էր ճանաչված եւ չէր էլ կարող գրանցել իբրեւ վարկային կազմակերպության ներկայացուցիչ»:

«Ինչու՞ է ԿԲ-ն նրանց տրամադրել լուսանկարներ եւ խնդրել պարզաբանել վարկային կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակը, եթե նրանց չէր գրանցել որպես կազմակերպության ղեկավարներ»,- գրավոր հարց ուղղեցինք Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Ահա թե ինչ պարզաբանում ստացանք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից. «Տվյալ ժամանակահատվածում կազմակերպությունը չի ունեցել գործադիր մարմին (տնօրեն, տեղակալ կամ նման իրավասություններով օժտված անձ), ինչի պատճառով ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրել է ընտրված խորհրդի անդամին, որը միաժամանակ հանդիսանում է կազմակերպության մասնակցի ներկայացուցիչ»:

«Իրենք հունվարին մամուլին ուղղված տարբեր հաղորդագրություններում հանդես են եկել որպես ընտրված խորհրդի անդամ եւ տնօրեն: Անգամ որպես տնօրեն փաստաբանների են լիազորել իրենց անունից գործել դատարաններում: Կարծում եմ` ԿԲ-ում իրենք խորհրդատու են ունեցել, մարդ, որը կազմակերպել է նրանց մուտքը ԿԲ եւ տրամադրել իրենց մեր լուսանկարները: Նրանք վստահ են եղել, որ իրենց գրանցելու են որպես խորհրդի անդամներ: Որպեսզի ԿԲ-ում կոնկրետ անձինք կոծկեն իրենց այս գործողությունները, ասել են, թե նրանք խորհրդի անդամներ են` վստահ լինելով, որ հետո կգրանցեն: Հետո ավելի զավեշտական բան է պարզվում` Հայկ Վարդանյանը սնանկ է ճանաչված եւ չեն կարող գրանցել: Փաստացի Հրայր Հակոբյանին էլ չեն գրանցել»- ԿԲ-ի պարզաբանմանն արձագանքում  է Սամվել Սահակյանը:

Նա տարակասում է, թե ինչպես ԿԲ-ն չի ստուգել վարկային կազմակերպության անունից հանդես եկողների կարգավիճակը եւ ասել` դուք դրա իրավունքը չունեք, ԿԲ-ն ձեզ չի հաստատել. «Երբ ԿԲ-ն հունվարի 24-ին հայտարարել է` կազմակերպության ընտրված խորհրդի ներկայացուցիչ, դարձյալ ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին»:

Սամվել Սահակյանը կարծում է, որ ԿԲ ղեկավարությանը մոլորեցրել են. «Հենց մեր լուսանկարների տրամադրման հարցով քննիչը ինչ-որ գործողություն անի, ամբողջ իրականությունը կբացահայտվի»:

Թեեւ Կենտրոնական բանկն արդեն անվավեր է ճանաչել «Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպության լիցենզիան, բայց նրա շուրջ ծագած Սահակյան-բանկ վեճը շարունակվում է:  

«Եթե ԿԲ-ն ներողություն խնդրի, եւ ես վստահ լինեմ, որ կպատժեն այդ նկարները տրամադրած անձին, ես ոչ մի բողոք չեմ ունենա բանկի հետ»,- ասում է Սամվելը:

Կենտրոնական բանկն էլ, կարծես, դեմ չէ քաղաքացու հետ հաշտվելուն, բայց` իր պայմաններով : «...ՀՀ կենտրոնական բանկը, որպես իրավաբանական անձ, իր բարի համբավը պաշտպանելու նպատակով ստիպված է եղել ներկայացնել հայցադիմումները, և քաղաքացու կողմից խնդրի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի փաստարկները ճիշտ գնահատելու, ընկալելու և ընդունելու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է և՛ հաշտությամբ ավարտել դատական վեճերը, և՛ հաղթահարել բոլոր տարաձայնությունները»,- «Հետքին» տված պարզաբանման մեջ նշել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter