HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որդին ցանկացել է փրկել հոր կյանքը, բայց հայտնվել է բանտում

«Կլասիկ անհրաժեշտ պաշտպանությունը դարձել է սպանություն ու սպանության փորձ»

3 տարի առաջ՝ 2015-ի մարտի 7-ին, Գյումրիի բնակիչ, հացթուխ Գագիկ Ղուկասյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք: Ասում է՝ որդին՝ Աշոտ Գրիգորյանն է (մայրական ազգանունն է) փրկել իր կյանքը: Սակայն այսօր ամբաստանյալի աթոռին հենց Աշոտ Գրիգորյանն է:

Գյումրիի բնակիչ 32- ամյա Աշոտ Գրիգորյանը շուրջ 3 տարի կալանքի տակ է. 1 տարի նախաքննություն է ընթացել, արդեն 2 տարի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է սպանության ու սպանության փորձի մեղադրանքներով գործը: Մեղադրյալը հենց Աշոտ Գրիգորյանն է: Ըստ մեղադրանքի, որսորդական հրացանի հենց նրա կրակոցից է սպանվել Գյումրիի բնակիչ Կնյազ Ղազարյանը և վիրավորվել նրա եղբայր Գագիկ Ղազարյանը: Մինչդեռ, ըստ պաշտպանական կողմի, արարքը սխալ է որակվել. «Կլասիկ անհրաժեշտ պաշտպանությունը դարձել է սպանություն ու սպանության փորձ: Աշոտ Գրիգորյանը անհաժեշտ պաշտպանության է դիմել, երբ գիտակցել է, որ հորը վտանգ է սպառնում, նա արյան մեջ կորած ընկած է եղել գետնին, ինչ կաներ այս դեպքում ցանկացած որդի»,-ասում է Աշոտ Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը:

Ռուբեն Բալոյան

Գործով ձեռքբերված տվյալների համաձայն, 3 տարի առաջ, մարտի 7-ին, Գագիկ Ղուկասյանին երեկոյան զանգահարել է Գյումրիի մեկ այլ բնակիչ Կնյազ Ղազարյանը, պահանջել հանդիպում ընտանիքների տղամարդկանց շուրջ եղած տարաձայնությունների թեմայով:

Ըստ Ղուկասյանի ցուցմունքի ու դատարանում հետազոտված տեսանյութի` ինքը մենակ է գնացել հանդիպման: Սկզբում մենակ են եղել Կնյազ Ղազարյանի հետ, քիչ անց նրանց մոտեցել են մոտ տասը տղամարդ: Հիշում է, որ իրեն հարվածել է Կնյազը, ապա իրենց մոտեցած տղաները ընկած վիճակում շարունակել են իրեն ոտքերով ու ձեռքերով հարվածել: Ի դեպ, գործում առկա է նաև միջադեպի մի հատվածի տեսագրությունը, որը հետազոտվել է դատարանում, որտեղից պարզ է դառնում, որ Գագիկ Ղուկասյանը մենակ է մոտենում հանդիպման վայր:

Աշոտ Գրիգորյանը ցուցմունքներ է տվել, որ ինքը մոտեցել է դեպքի վայրին և տեսել, որ մի քանի մարդ ծեծի են ենթարկում գետնին ընկած մի մարդու: Մեքենայի լույսը ընկել է այդ կողմ և նա տեսել է՝ գետնին ընկածն ու ծեծվողը հայրն է: Իջնելով մեքենայից բղավել է՝ բաց թողեք հորս, սակայն այդ մարդիկ ուշադրություն չեն դարձրել նրա բղավոցին: Այդ ժամանակ Աշոտ Գրիգորյանը մեքենայի հետևի նստարանից վերցրել է որսորդական հրացանը, լիցքավորել 16 տրամաչափի փամփուշտներով և կրակել օդ, մահակավորները հեռացել են: Հետո մոտեցել է ընկած հորը, անգամ մտածել, որ նա մահացած է:  Սակայն մահակավոր մարդիկ նորից են մոտեցել, այս անգամ հարվածել նաև իրեն: Նա նորից է կրակել, իր ցուցմունքի համաձայն: Աշոտ Գրիգորյանը նշել է, որ որևէ մեկին կյանքից զրկելու նպատակ չի ունեցել: Եթե անգամ մարդիկ են տուժել կրակոցից, ապա համոզված է, որ դա իր կրակոցից չէ, քանի որ իր մոտ եղած հրացանը 16 կալիբրի է, իսկ ով է 12 կալիբրով կրակել, ինքը չգիտի:

Դեպքի վայրից հայտնաբերվել են ինքնաձիգի կրակված 3 պարկուճներ, ատրճանակի կրակված պարկուճներ, որսորդական փամփուշտի 12 տրամաչափի պարկուճներ, փամփուշտի մաս կազմող կրակված պարկուճներ,  նշտար, մետաղյա ձող, փայտյա մահակներ, մուրճ: Ըստ պաշտպանական կողմի, սա վկայում է այն մասին, որ հարձակումը պատրաստված է եղել:

Ուշագրավ մեկ հանգամանք ևս. միջադեպին ներկա Տիգրան Նորիկյանի և Գագիկ Ջանոյանի բնակավայրերից հայտնաբերվել են 12 տրամաչափի ինքնաշեն և գործարանային արտադրության 100-ից ավելի որսորդական փամփուշտներ: Նախաքննության մարմինը բավարարվել է վերջիններիս ցուցմունքներով, որ իրենք պատահաբար են հայտնվել դեպքի վայրում և միջադեպին որևէ մասնակցություն չեն ունեցել:

 Աշոտ Գրիգորյանի ձախ աչքի տեսողությունն առհասարակ բացակայում է

Ըստ գործի տվյալների դեպքի պահին դեպքի վայրում փողոցը լուսավորված չի եղել և տեսանելիությունը եղել է սահմանափակ: Իսկ Աշոտ Գրիգորյանի ձախ աչքի տեսողությունն առհասարակ բացակայում է, իսկ աջ աչքի տեսողության վերաբերյալ քննիչը տվյալներ ձեռք չի բերել: Ըստ Գագիկ Ղուկասյանի, որդու աջ աչքը ևս ունի տեսողական խնդիրներ: հարց է առաջանում, թե ինչպես կարող էր վատ տեսողությամբ անձը չլուսավորված փողոցում նպատակաուղղված կրակոցներ արձակել: Պաշտպաններ Ռուբեն Բալոյանն ու Զարուհի Վարդանյանը միջնորդել են փորձաքննություն նշանակել Աշոտ Գրիգորյանի տեսողության մասով, սակայն դատավոր Աշոտ Մանուկյանը մերժել է, ասելով, թե նույն Աշոտ Գրիգորյանը մեքենա է վարում, ուրեմն նման փորձաքննության անհրաժեշտություն չկա:

 «Բոլորին բաց թողեցին, մենակ Աշոտին պահեցին»

2015 թվականի մարտի 7-ին` ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի` ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ: Նրանց թվում է եղել նաև Գագիկ Ղուկասյանը և եղբայրներ Կնյազ ու Գագիկ Ղազարյանները: Կնյազ Ղազարյանը մի քանի օր անց՝ մարտի 11-ին, մահացել է հիվանդանոցում:

2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված երկու և ավելի անձանց սպանության փորձ, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանություն, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, իրացնելը:

Քննչական կոմիտեի 3 տարվա վաղեմության մամուլի հաղորդագրությունները կարդալով՝ պարզ է դառնում՝ 2015-ի մարտի 7-ին հաջորդող օրերին Գյումրիում ձերբակալվել ու այս քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 7 անձ, սակայն այսօր 7 անձանցից միայն մեկն է ամբաստանյալի աթոռին. «Բոլորին բաց թողեցին, մենակ Աշոտին պահեցին»,-ասում է նրա պաշտպան Բալոյանը: Գործը դատարան է մտել միյան սպանության ու սպանության փորձի մեղադրանքով:  

Գագիկ Ղուկասյանը տուժող է ճանաչվել դեպքից 1 տարի 2 ամիս անց. ինչո՞ւ

Աշոտ Գրիգորյանի հայրը՝ Գագիկ Ղուկասյանը տուժող է ճանաչվել դեպքից 1 տարի 2 ամիս անց, այն էլ՝ հիմնական գործից մաս անջատելուց և այն կասեցնելուց առաջ: Ըստ Ռուբեն Բալոյանի, դա արվել է մեկ նպատակով, որպեսզի անհրաժեշտ պաշտպանության մասին խոսք չլինի. «Ակնհայտ է, որ նախաքննության ընթացքը այլ կլիներ, եթե Գագիկ Ղուկասյանը ժամանակին ճանաչվեր տուժող: Այլ գնահատական կտրվեր նաև Աշոտ Գրիգորյանի գործողություններին, ով հասնելով դեպքի վայր և տեսնելով հորը արնաշաղախ, գետնին ընկած վիճակում մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելուց, շտապել է օգնության»,-ասում է Ռուբեն Բալոյանը՝ ընդգծելով, եթե նա տուժող ճանաչվեր դեպքին հաջորդող օրերին, կկարողանար ակտիվ մասնակցել նախաքննությանը, անել միջնորդություններ:  

 Բազմաթիվ վկաներ չեն հարցաքննվել դատարանում

Ըստ պաշտպանական կողմի, 60-ից ավելի նիստ է կայացել այս գործով, հիմնականում նիստերը հետաձգվել են վկաների չներկայանալու պատճառով: Որոշները եղել են հանրապետությունում, չեն ներկայացել, մյուսները լքել են Հայաստանի սահմանը, եղել է անձ, ով մահացել է: Վերջում մոտ տասը վկայի նախաքննական ցուցմունքներն են հրապարակվել:

Մեղադրանքի հիմքում դրված կարևորագույն վկա Կարեն Գրիգորյանը թեև գտնվել է Հայաստանում, այնուամենայնիվ չի ներկայացել դատարան, հրաժարվել է նաև առերես հարցաքննությունից: Նա դիմում է ուղղել Շիրակի մարզային քննչական վարչության պետին՝ հետևյալ բովանդակությամբ. «...Հայտնում եմ, որ ծանուցվել եմ ներկայանալ առերես հարցաքննությունների, սակայն եթե ներկայանամ առերեսման, առերես չեմ պնդի իմ ցուցմունքը, կհայտնեմ, որ որևէ բան չեմ տեսել և չեմ լսել, քանի որ նույն քաղաքի բնակիչներ ենք և իմ անվան ու պատվի հետ կապված խնդիրներ կունենամ ... Իմ կողմից տրված ցուցմունքը ճշմարիտ է, սակայն ես կտրականապես հրաժարվում եմ այն որևէ մեկին առերես պնդելուց»:

Այս բոլոր խախտումների մասին Աշոտ Գրիգորյանի հայրը դիմումներ է գրել ՀՀ նախագահին և Գլխավոր դատախազին, որտեղից պատասխան է ստացվել, որ դիմումներն ուղարկվել են Շիրակի մարզի դատախազություն քննության առնելու համար:

Հ.Գ. «Հետքը» փորձեց զրուցել նաև տուժող կողմի՝ Ղազարյանների ներկայացուցիչ Վարդան Գալոյանի հետ, ով պատրաստակամություն հայտնեց իրենց դիրքորոշումը ներկայացնել հաջորդ անգամ:

Գլխավոր լուսանկարում Գագիկ Ղուկասյանն է՝ ամբաստանյալ Աշոտ Գրիգորյանի հայրը

 

Մեկնաբանություններ (1)

մեսրոպ
ես մի բան կարող եմ ասել; եթե փաստաբանի ասածները համապատասխանումա իրականությանը, ապա պետք է հարցում անցկացնել ժողոնրդի մեջ , եթե տեսնեք ձեր աչքի առաջ ձեր հօրը ծեծում են՝ ինչպես կվարվեք; միայն այդ ժամանակ արդարադատությունը կհաղթի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter