HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին

Մարտի 20-ին Փարիզի արվարձան Նանտերի ոստիկանական բաժանմունքում ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին։ Վերջինս այնտեղ էր ժամանել 2007 թվականի նախագահական ընտրություններում իր նախընտրական շտաբի կողմից թույլ տրված հնարավոր խախտումների գործով ցուցմունք տալու։ 48 ժամվա ընթացքում պետք է որոշվի նրա խափանման միջոցը։

Այս գործով պաշտոնական հետաքննությունը սկսվել էր դեռևս 2013 թվականին։ Սարկոզիին մեղադրում են 2007 թվականի նախագահական ընտրություններում Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիից անօրինական ֆինանսական աջակցություն ստանալու մեջ։

Այսօր պետք է տեղի ունենար այս գործով Սարկոզիի առաջին հարցաքննությունը։ BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով ֆրանսիական Le Monde թերթին, գրում է, որ այս գործում երկու առանցքային անձինք արդեն իսկ ցուցմունք են տվել, որ 2007 թվականին Տրիպոլիից Փարիզ են ուղարկվել միլիոնավոր եվրոների հասնող գումարներ և առձեռն փոխանցվել են Սարկոզիի նախընտրական շտաբին։

Ֆրանսիական նույն պարբերականը ընդգծում է նաև, որ Լիբիայի պետական ներդրումային հիմնադրամի նախկին ղեկավար Բաշիր Սալեհը հաստատել է, որ Քադաֆին իսկապես հովանավորել է Նիկոլյա Սարկոզիի նախընտրական արշավը։

Հարկ է նշել, որ 2018-ի տարեսկզբին Լոնդոնում ձերբակալվել էր նաև Սարկոզիի նախկին օգնական, գործարար Ալեքսանդր Ջուրին, ով այնուհետև գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Գործարարին համարում են միջնորդ` լիբիական իշխանությունների և Սարկոզիի նախընտրական շտաբի միջև բանակցություններում։ 

Նախորդ ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Սարկոզին դատարանի առաջ կկանգնի նաև 2012 թվականի նախագահական ընտրություններում անօրինական ֆինանսավորման գործով։ Այդ թվականին նա ընտրություններում պարտվեց սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդին։ Սարկոզիի կուսակցությունը կասկածվում է 2012 թվականին փաստաթղթերի կեղծման միջոցով քարոզարշավի ժամանակ ծախսվող թույլատրելի գումարի շեմը գերազանցելու և այն թաքցնելու մեջ։ Սարկոզին հայտարարել է, որ տեղյակ չի եղել ծախսերի թույլատրելի չափի գերազանցումից։

Հիշեցնենք, որ Նիկոլյա Սարկոզին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-2012 թվականներին:

Լուսանկարը՝ AFP/„Scanpix“ nuotr

Մեկնաբանություններ (1)

Աննա
էն պնակալեզները ոնց անմեղ երեխու անունը սարկոզի դրեցին հայաստանում, բա մեղք չի՞ էդ երեխեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter