HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Արամ Կարախանյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում դերասան Արամ Կարախանյանն է։

Արամ Կարախանյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Արամը․․․ Արամը շատ լավ ընտանիքի երեխա էր․ իրեն բոլորն էին սիրում եւ նույնիսկ հպարտանում, որ ճկուն է, ճարպիկ, կապուտաչյա, ոսկեգույն խոպոպիկներով։ Ինքը զգում էր այդ սերը ու հիմա էլ է զգում, որ սիրված է, բայց ինչ-որ մի բան իր համար քիչ էր։ Ու այդ «քիչն» այդպես էլ մնաց քիչ։ Այդ ի՞նչն էր պակաս։ Շատ փնտրեց, օրերից մի օր հաջողվեց ահավոր մոտիկ գալ այդ «քչին», ինչին սպասում էր քառասուն տարի եւ գուցե ավելի․․․ Շատ մոտեցավ դրան, հանկարծ տեսավ ու զգաց, շոշափեց այն, ինչն, ըստ երեւույթին, իր կյանքի գերագույն իմաստն էր, բայց, ցավոք, նա տեսավ, դիպավ ու վերջ․․․

Հիմա նա կիսով չափ է երջանիկ, որովհետեւ գիտի՝ ինչ է ուզում, բայց գիտի նաեւ, որ այլեւս երբեք հնարավոր չի լինի այդ ուզածը։

Մենք ամեն դեպքում էգոիստ ենք, բայց փոքր չափաբաժնով․ մեծ հաշվով մենք մեզ այնքան չենք հարգում ու գնահատում, որքան պետք է, որովհետեւ մանր բաների հետ ենք հաշվի նստում, կենտրոնանում մանրուքների վրա։

Չի ասում, թե պիտի մտածել կյանքի իմաստի մասին․ կյանքն, ըստ երեւույթին, հենց ապրելն է՝ հաճույք ստանալու հնարավորություններով։ Ինքը գիտի՝ ինչ է պետք իրեն երջանիկ զգալու համար, գիտի, որ այն երբեք չի լինի․․․ Ինքը կխաղարկի դա մի՜ քիչ, շա՜տ քիչ, որ որեւէ մեկին չվնասի։

Այդ Արամը մի քիչ տարօրինակ է․ երբեմն թեւերը թուլանում եմ, անզոր է, ուզում է չլինել արդեն, որովհետեւ իր կյանքը ձեւավորվել է մանրամասն ու շատ արագ․ հիմա նայում է իր տասնչորսամյա աղջկան ու չի ընկալում՝ ինչպես կարելի է չհասկանալ մի բան, երբ ինքը հասկանում էր այդ նույն բանը այդ նույն տարիքում։

Ասում են՝ ներկայիս սերունդը ավելի արագ է մեծանում, նրանց մեկ օրը մեր ապրած երկու-երեք օրն է։ Պարզ են պատճառները․ նրանք ինֆորմացված են, հեռախոս ունեն, ինտերնետ, բայց ինքը սրա մասին չի ասում․ ինքը խոսում է հոգեւոր արժեհամակարգի մասին։ Այդ առումով նրանք շատ ավելի դանդաղ են մեծանում, շատ ավելի քիչ են կրում պատասխանատվություն իրենց արարքների համար։  Նրանք տարբեր են եւ ուրիշ։

Շեղվեց․․․

                                                                                       

Արամ, ես չգիտեմ՝ մասնագիտական ինչ դադար է եղել, թե ինչու թատրոնում չկայիր, բայց միայն երեք տարի առաջ, որպես այդպիսին, նորից մտար թատրոն, Ֆեյերբախի դերում հանդես եկար, ու մեծ աղմուկի սկիզբ եղավ։

Մի քիչ դժվար է ասել, որ եղածը դադար էր։ Ինձ թվում է՝ միշտ ինչ-որ գործերի մեջ եմ, որոնք ուղղակի աննկատելի են։ Դերասան լինել երբեք չեմ դադարել․ ինչ-որ ժամանակ եկավ, որ թատրոնից հիասթափվեցի, որովհետեւ իմ պատկերացումները մի քիչ այլ են։ Կարծում եմ՝ թատրոնը կոլեկտիվ աշխատանք է․ չես կարող դու լինես լավը, մյուսը չէ, ու այդպես մի բան ստացվի։ Թատրոնում, ինչպես մնացած բոլոր ասպարեզներում, ազնվություն է պետք։

Ժամանակի ընթացքում հասկացա, որ իմ մտածելակերպը չի ըմբռնվում մյուսների կողմից, իսկ ես չեմ կարող կռիվ անել, պայքարել, հեղափոխել մարդկանց։ Այդ դեպքերում ես ուղղակի վեշերս հավաքում ու հեռանում եմ։

Բոլոր տեսակի հարաբերություններն ու առնչությունները նու՞յն կերպ են հանգուցալուծվում։

Հա, այդպես է։ Լինում են ցավալի դեպքեր, որոնք ուղեղիս մեջ չեն տեղավորվում։ Պրիմիտիվ բան եմ ասում, բայց չեմ հասկանում մարդկային հարաբերություններն ու գործողությունները, չեմ հասկանում, թե մեկը մյուսին սպանելու, ոչնչացնելու պատճառները որոնք են, չեմ հասկանում, թե ինչու չի կարելի ապրել նորմալ։ Արդյոք այդքան հե՞շտ է վերացնել այն, ինչ դու չես տվել։

Հիմա շատ համամարդկային խնդրից ես խոսում եւ շատ գլոբալքեզ կոնկրետ ի՞նչն է խանգարում։

Երեւի անտարբերությունը․․․ Նույնիսկ դավաճանությունը չեմ կարողանում ընկալել օբյեկտիվ գործողության պես․ մտածում եմ, որ այն ծավալ չունի, չի կարելի ասել, որ դու դավաճանվեցիր․ գուցե դու ուշադիր չէիր անցած ճանապարհին եւ չգիտեիր, որ ինքը կարող է նման բան անել։ Այսինքն նման դեպքերում մեղքի բաժինը միշտ հավասար եմ կիսում՝ հիսուն տոկոսը վերցնելով ինձ վրա։

Քանի որ մարդուն չեմ կարող մեղադրել, չեմ կարող առանց մտածելու ուղղակի ասել, որ այսպես է կամ այնպես, դժվարանում եմ այդ մասին խոսել։ Գլոբալ առումով սերն ուղղակի պակասել է, մարդկային հատկանիշը վերափոխվել է․ հիմա ուտիլիտար կերպով են վերաբերում մարդուն։ Նույնիսկ բարեգործության դեպքում կա այդ ենթատեքստը․ մենք անում ենք մի բարի բան, որ զգանք լավ մի բան արեցինք կամ օգտակար եղանք․․․ Կամ գոնե ուղղակի զգանք մեզ։ Հաճախ դա էլ չի ստացվում։

Այսպես ասում ես, բայց նաեւ պայքարող տեսակ չես։ Ասացիր, որ «վեշերդ հավաքում ու հեռանում ես»։

Հա, պայքարող չեմ։ Մարդկային հարաբերություններում ընդունում եմ կանոնները, որոնք դրվում են իմ դեմ։  Չգիտեմ՝ ինքնասիրություն են անվանում դա կամ գնահատման մի ձեւ, բայց ինձ համար դա ուղղակի խաղի կանոնն ընդունելու պես մի բան է։ Մասնագիտական առումով էլ է այդպես։

Իսկ իմպրովի՞զը։

Էլի մնում է կանոնի մեջ․․․ Երբ կա դերը, կա ընթացքը, ու սկսվում է երկարատեւ աշխատանքային գործընթացը, դու մտնում ես մի սենյակ, որի չափերից տեղյակ չես։ Տեսականորեն այդտեղ կարող է փոխվել մտածողությանդ ձեւը, անուղղակի ասած՝ նույնիսկ արյանդ կարգն է փոխվում։ Դու կարող ես իմպրովիզ անել այդ սենյակի շրջանակներում միայն, չես կարող այլ բան անել, որը ներդաշնակ չի այդ սենյակին, որովհետեւ դու լցված ես այդ նյութով եւ չես կարող դրանից դուրս գալ։

Արամ, «Ես այստեղ եմ» («Я здесь») ներկայացումը նայել եմ չորս անգամ․․․

Քիչ ես նայել…

Հա, երեւի, որովհետեւ ամեն անգամ նոր հարցեր են առաջացել։  Ամենից հուզող հարցը եղել  է այն, թե ինչու եմ բեմում միայն քեզ «տեսնում», երբ կա խաղընկերդ (սկզբում Սամվել Թադեւոսյանն էր, հետո՝ Միկան Վաթինյան)։

Ես մի քիչ տխրում եմ, երբ նման բան եմ լսում։

Ես ուրիշի խաղի որակի մասին չեմ խոսում, իրենք շատ կարեւոր էին, շատ հետաքրքիր ուղղակի քեզ մենակ եմ տեսել «զավթում» էիր բեմը, էներգետիկան, հանդիսատեսին։

Ինձ համար ցավալի է։ Ես եւ ընդունում եմ, եւ չեմ ընդունում այս տեսակի կարծիքը։ Ես չէի կարողանա «ծնել» այդ ներկայացումն առանց Տաթեւիկի (ներկայացման ռեժիսորի),  առանց Սամվելի չէի կարողանա հավաքել այն, ինչ հիմա հավաքված է։ Այդ ներկայացման խորությունները ես գտել եմ իմ առաջին խաղընկերոջ ՝ Սամվելի հետ։ Երեւի տարիքային տարբերությունն էր շատ կարեւոր, որ ես մինչեւ ողնաշարիս խորքերը զգայի իմ կերպարի ցավերը․․․ Երբ ինքը նայում է ու տեսնում դիմացի սիրուն, երիտասարդ, մի քիչ ինքնասեր կերպարին, տեսնում է այն, ինչ ինքն արդեն չունի։ Ֆեյերբախի ներքին կոնֆլիկտն այդպես տրաքեց։

Գուցե քո անձնական կոնֆլիկտն ու Ֆեյերբախինը համընկե՞լ էին։ Գուցե դա է նման տպավորության համար ուժեղ հիմք հանդիսանում։

Հա, բայց իմ կոնֆլիկտը թատրոնի հետ չէր, որովհետեւ առաջնահերթ խնդիրը թատրոնից դուրս շպրտված, լքված Ֆեյերբախը չէր, այլ ընդհանրապես մարդն է ու կյանքը։ Թատրոնի հետ ունեցած կոնֆլիկտին Տաթեւն է անընդհատ վերադարձրել՝ ասելով, որ «մի քիչ թատրոն է պետք», սակայն ինձ համար բոլոր դեպքերում մարդու պրոբլեմն էր հիմնական խնդիրը։ Այնպես է, որ ներկայացումն ինձ երկրորդ կյանքի պես թվաց․ այն, ինչ չես կարողանում իրականացնել իրականության մեջ, կարող ես քեզ թույլ տալ թատրոնում։

Այիսնքն ինչ-որ առումով այն հարցերը, որոնց պատասխանները չես կարողանում գտնել կամ չես արտահայտվում դրանց մասին, այդ ներկայացման էմոցիոնալ պոռթկումները դարձան։

Հա, որովհետեւ այդպիսի մեծ էմոցիաներ իրական կյանքում արտահայտել չեմ կարող այնպես, ինչպես այդտեղ․ ես այն աստիճանի պոռթկացի, որ իրականում երբեւէ այդ աստիճանի պոռթկում չեմ հիշում։ Հասկացա, որ իմն է, որ բացարձակ եմ զգում կերպարիս։

Չգիտեմ՝ կա մարդ, ով կարող է Ֆեյերբախ խաղալ այնպես, ինչպես ես։ Ինչու՞ եմ այսքան կոպիտ վստահությամբ ասում, որովհետեւ հավատում եմ, որ պատահականությունները պատահական չեն լինում, որ տարիներ են պահանջվել, որպեսզի այս նյութը հայտնվի իմ ձեռքերում, եւ, որ այնպես պիտի լիներ, որ դրանից հետո ոչինչ չուզեի։

Արդեն երեք տարի է անցել, այլ ներկայացում ենք փորձում, բայց, մեկ է, ոչինչ ինձ չի անհանգստացնում այնպես, ինչպես Ֆեյերբախի դեպքում էր։ Սա շատ նուրբ, ինտիմ կապ է կերպարիս հետ, որը գուցե իսկապես ոչ մեկին հետաքրքիր չէ։

Ներկայացումը նորից աչքիս առաջ վերականգնվում է դետալներովմի կտոր կա, երբ մանկության հիշողությունն է։ Տաթեւի բեմադրական հնարքն ազդեցիկ է, քո խաղն էլ ավելի։ Հիշու՞մ ես Արամի մանկությունը։

Անընդհատ եմ վերադառնում մանկություն, հատկապես, երբ ուրիշները հիշում են իրենցը, ես ուզում եմ հիշել իմը։ Դրական եմ հիշում ընտանեկան հավաքույթները, կատակները, նվերները, իմ պրոբլեմները, որոնք մորս հետ էի կիսվում․․․ Բայց միշտ եմ զգացել, որ իմ ու ընտանիքիս կապը մի տեսակ ոււրիշ է։ Երբեք չեմ հասկացել՝ ինչպես կարելի է գոռգռալ ծնողի վրա։ Հինգ տարեկանում արդեն գիտեի, որ մայրս իմ մայրը չէ, եւ գուշակում էի նաեւ, որ հայրս իմ հայրը չէ։

Եվ այդ փոքր դոզայով թույնը․․․ Չէ՛, այդպես չասեմ։ Որոշ երեխաներ ուղղակի այդպիսի դեպքերում միանգամից են մեծանում։ Այդպես եղավ եղբորս հետ, ով տասնմեկ տարեկանում արդեն շաքարային դիաբետ ուներ, իսկ տասներկուսում գիտեր, որ չի ամուսնանալու։ Ինքը մեծացավ արագ․ դա ակնհայտ էր իր բանաստեղծություններից, իր մասնագիտության ընտրությունից, որը սահմանափակվեց գրականությամբ։ Ու այդպես մինչեւ կյանքի վերջ։

Ես էլ արագ մեծացա, շատ արագ։ Երեւի կուզեի հետ բերել ժամանակը, հայտնվել այնտեղ ու հորս համոզել, որ ինձ համար հեծանիվ գնի։ Մի տեղ այսպիսի բան կարդացի․ «Если в детстве у тебя не было велосипеда, а теперь у тебя Бентли, то все равно в детстве у тебя велосипеда не было»։

Ինչ ուզում ես արա, ուզում ես նոր խաղալիքներ գնի, ուզում ես գնա կրկես․ մեկ է, դու մորդ հետ կրկես չես գնացել, մեկ է, դու չես քշել քո հեծանիվը։ Հիմա փորձում եմ այդ բացը լրացնել արդեն աղջկաս կյանքում։ Մտածում եմ, որ եթե ինքն ուզում է ինձ հետ կռիվ անել, ուրեմն հիմա պիտի անի այդ կռիվը, եթե ուզում է «գլուխը պատով տալ», պիտի գնա ու գտնի այդ պատը։

Անմիջապես քեզ հետ կատարվածը ու քո շուրջը կատարվածը ինչքանո՞վ են քեզ հուզում։ Տարբեր զգացական մակարդակներու՞մ են։

Երեւի  մի քիչ տարբեր են․ ինձ թվում է, որ ուրիշի ցավն ավելի վատ եմ ընդունում, որովհետեւ ոչինչ չեմ կարող անել, ինձ անզոր եմ զգում։ Դա ինձ ավելի է չորացնում, խեղճացնում, քան իմ անձնական կորուստը, քանի որ իմ ցավի հետ ես գիտեմ ինչպես պայքարել․ ուղղակի չեմ պայքարում ու վերջ։

Եթե պիտի դեպրեսիայի մեջ մտնեմ, հանգիստ մտնում եմ, դուրս գալիս, իսկ իմ մտերիմի, հարազատի, երբեմն ինձ հետ անմիջապես կապ չունեցող խնդիրն անցնում է ներսս ու հանգիստ չի տալիս։

Վերջին դեպքերը, որ տեղի ունեցան Ռուսաստանում՝ Կեմերովոյում, խիստ ծանր տարա։ Դու ասում ես, որ պայքարի մեջ մտնող չեմ, ես էլ հաստատում եմ, որ հա, կռիվ չեմ տա, չեմ պայքարի, որովհետեւ իմաստը չեմ տեսնում․․․ Ո՞նց ասեմ, որ քեզ հասկանալի լինի միտքս․ պրիմիտիվ է հնչում գուցե, բայց այն, ինչ պիտի գա ու քոնը լինի, կգա ու կլինի։ Ազնիվ չի մի բան զավթել, որը քոնը չի ու չի էլ լինելու։

Մեծ կոնֆլիկտների հիմքերի ու պատճառների մասին ես խոսումնման կոնֆլիկտները չեն մարսվում, երկար եփվում են։

Ախր, հա, տեսնում եմ, գիտեմ, բայց եթե մի բան մենք չենք ստեղծել, չպիտի դա ունենալու համար հարաբերություններ փչացնենք։ Ամենապրիմիտիվ օրինակով ասեմ․ վերցնենք իմ շքամուտքը։ Չորրորդ հարկում ապրում են չորս ընտանիք, մեկը տունը վաճառեց, եւ ես գնեցի։ Հիմա ես նոր հարեւան եմ, արդեն կան ստեղծված «կանոններ», որոնք գուցե ինձ դուր չեն գալիս, բայց կան։

Հարեւանները շքամուտքում պահարաններ են սարքել իրենց համար․ չեմ կարող ասել՝ ջարդիր պահարանդ, որովհետեւ ինձ խանգարում է։ Ես հանդուրժում եմ, որովհետեւ իրենց կանոնն է, երեւի ինչ-որ տեղ համաձայնեցված․․․ Բայց տես՝ ես երկու շատ հին դուռ բերեցի, դրեցի իմ բալկոնում, որ դեկորատիվ վերանորոգման համար օգտագործեմ։ Ստացվեց այնպես, որ պիտի մեկ ամսով Հայաստանից մեկնեի, եւ ուժեղ քամիներ էին․ դռները հանեցի, դրեցի շքամուտքում՝ անմիջապես տանս դռան կողքին։ Այնպես եմ դրել, որ որեւէ մեկի տարածքը չխախտեմ։

Հարեւանս կես տարի դիմացավ, հետո մի օր, արդեն սարսափելի զայրացած, թակեց դուռս ու ասեց, որ վերացնեմ այդ դռները՝ պատճառաբանելով, որ իր էսթետիկային խանգարում է։ Ինքն այդ պահարաններից մեկի տերն է։

Պատմածդ փոքր դետալ էր, բայց երեւի ուզում ես ասել, որ  մեծ խնդիրների արանքում նման անհանդուրժողականությունն է։

Հա, միշտ ինչ-որ մանր բաներ եմ նկատում, որոնք գլոբալիզացված են, ատելության դաշտ են ստեղծում, մարդիկ «ուտում» են դա ու դառնում են ահավոր անհամբեր, մաքսիմալիստ։ Չարություն է առաջանում, որը երկխոսության հնարավորություն չի տալիս։

Հանգիստ քնել չի ստացվում, հանգիստ ապրել չի ստացվում, անգամ փողոցում քայլելն անհանգստության երանգ ունի․․․ Չգիտեմ։ Երեւանը շատ եմ սիրում։ Իհարկե նկատում եմ մարդկանց հոգնած ու չարացած դեմքերը, ինչ-որ առումով փորձում եմ հասկանալ, ընդունել իրենց խաղի կանոնը, բայց ցավալի է, որ քո փափկությունը հաճախ «օգտագործվելու» հետ են շփոթում։

 Արամ, քո ու Հայաստանի հարաբերությունները։

Ոնց երգի բառերն են՝ «արեգակին պետք է հեռվից նայել»․ ես կասեի՝ «հեռվից սիրել»։

Կարճ ասած՝ չփախչեի Հայաստանից, չէի էլ վերադառնա։ Հետաքրքիր է․․․

Շատ ջղայնացած եմ գնացել Հայաստանից՝ «դուռը շրխկացնելով»։ 2002 թվականն էր, 28 տարեկան էի։ Գնացի Ռուսաստան, որտեղ մշտական բնակություն հաստատել միշտ եմ ցանկացել (դեռ տասնվեց-տասնյոթ տարեկանում էի ուզում գնալ, սովորել այնտեղ, բայց հայրս չթողեց)․․․ Գնացի ջղայնացած՝ երեւի չհասկանալով Հայաստանը, որովհետեւ ինձ օտար էի զգում, որովհետեւ հայի դեմք չունեի, հայերեն կարգին չէի խոսում, մենթալիտետն իմը չէր, անընդհատ խնդիրներ էին ծագում։ Զգում էի, որ երկիրն ինձ «չի ընդունում»․․․ Պարզվեց՝ ես չէի ընդունում այդ երկիրը։

Ինը տարի ապրեցի Ռուսաստանում։ Շատ մոտիկից տեսա այդ երկիրը, սիրեցի բնությունը, կապվեցի շատ բանի հետ, բայց հասկացա, որ չեմ ուզում հաստատվել։ Այդ ժամանակ արդեն հնարավորություն ունեի կարիերայի աճ գրանցել, ունեի շփման մեծ շրջանակ, երկու-երեք տարի եւ ապահովված կլինեի տնով, մեքենայով, ամառանոցով ու տարբեր դերեր ստանձնելու առաջարկներով․․․ Բայց հասկացա՝ չէ, վերադառնում եմ Հայաստան։ Կարոտեցի ոչ թե բնությունը, հողը, այլ մարդկանց․ ինձ կանչում էին առօրյա երեւանցիները՝ ջղայն տատիները, մռայլ ձյաձյաները, երթուղայինի լարվածությունը․․․Անհավանական է չէ՞ թվում, բայց այդպես էր։

Եկա ու դժվար մի քանի ամիսներ ապրեցի, փորձեցի նորից միջավայրին ադապտացվել, բայց հաճախ այդ դժվարությունները չնկատեցի, որովհետեւ ուզում էի անկուշտի պես նորից մտնել դրա մեջ։ Այդ ժամանակ երջանիկ հանդիպում եղավ, ծանոթացա «Armenian Geographic»-ի Տիգրան Շահբազյանի հետ։ Սկսեցի արշավների գնալ, հասկացա, որ Հայաստանը սիրում եմ՝ չոր, դեղին սարերը, քարերը, ոչ անտառային կտորները, սպանիչ արեւը, երկինքը, ամպերը, հոտը․․․Հիմա գլուխս դնում եմ քարի վրա ու զգում, որ իմ տեղում եմ։

Չնայած առնչություններին, որ կան․․․ Արամ-Ուկրաինա, Արամ-Իսրայել, Արամ-Ռուսաստան, Արամ-Հայաստան․․․

Հա, Հայաստանը կարեւորն է։ Կատակով էի ասում, բայց հիմա լրջացել է, որ կուզեմ հենց այստեղ մեռնել։ Մեծ տառապանք կլիներ, օրինակ, որ «գրին քարտ» շահեի, ինձ տեսնեի այդ գետի մեջ։

Երջանիկ եմ, որ աղջիկս, թեկուզ մանկության մի շրջան անցկացրել է Ռուսաստանում, թեկուզ հայերեն դժվարությամբ է խոսում, վերաբերմունք ունի այստեղին։ Ուրախանում եմ, երբ, ինձ հետ մի սարի վրա կանգնած, նայում է ու զարմացած ասում՝ «Ա՛խ, ինչ սիրուն է»։

«Արտավազդ» մրցանակն ինչու՞ ես շքամուտքում կախել։

Մրցանակներն, իհարկե, կարեւոր են, ինչ-որ առումով քո ավագ կոլեգաների հարգանքի արտահայտման ձեւն է, բայց, ցավոք սրտի, բոլոր մրցանակաբաշխություններն այդքան էլ ազնիվ չեն։ Ես վաղուց մրցանակ չէի ստացել եւ երեւի «մոռացել» էի նաեւ այդ ազնվության մասին։

Ես ռեպերտուարային դերասան չեմ․ կխաղամ այն ներկայացումը, որն ինձ հարազատ է, որը սիրեցի։ Դրա համար երկար ժամանակ հաղորդավար էի ռադիոյում եւ չէի մտածում թատրոն վերադառնալու մասին մինչեւ Տաթեւիկն ասաց, որ ուզում է բեմադրություն անել։

․․․․Ու որի համար դու մրցանակ ստացար ու կախեցիր շքամուտքում։

Հա, շեղվեցի հարցիցդ․․․ Մրցանակաբաշխություններն, ասացի, որ ազնիվ չեն, կազմակերպիչները չեն կարողանում անկեղծ լինել․ փող են «պոկում» մի տեղից, որ տախտակը սարքվի, մի այլ տեղից, որ դեկորները տեղում լինեն, մեկից էլ մի կոնյակ են խնդրում, որ դերասանին տան։ Էժանագին բաների հետեւից ենք ընկել՝ մտածելով, որ դա հեղինակավոր մի բանի համար է։

Իսկ մրցանակաբաշխությունը արվեստային հարաբերության տեղ է․ լինի թատրոնի, կինոյի կամ արվեստի մի այլ բնագավառի մրցանակաբաշխություն, կոնկրետ նշաձող ապահովելու համար է։

Եթե ես ստանում եմ «լավագույն դերասան» մրցանակը ու շուրջբոլորս չեմ գտնում մեկին, ով ասի՝ արժանի չեմ, ուրեմն կարող եմ այդ մրցանակն ընդունել որպես նշաձող, հասկանամ, որ այդ նշաձողից ցածր գործելու իրավունք չունեմ․․․ Բայց երբ այդ մրցանակը զուգահեռ տրվում է այնպիսի դերասանների, որոնք ուղղակի, բառիս բուն իմաստով, արժանի չեն դրան, արդեն ամեն բան կեղծ է։ Սա դեռ քիչ է, ժյուրիի անդամն էլ ականջիդ շշնջում է, որ քո մրցանակն անխոս ահամեմատելի է մյուս դերասանի ստացած մրցանակի հետ։ Այդ ժամանակ ուզում ես պտտվել, ասել՝ բայց ինչու տվեցիր, ինչու այդպես թեթեւ «թքեցիր» իմ մրցանակի վրա։

Դրա համար առհասարակ չսիրեցի իմ մրցանակը, որի վրա ոչինչ չկա գրված՝ ոչ թիվ, ոչ անունս․ այսինքն առհասարակ ինձ հետ կապ չունեցող մի բան է։

Թատրոնի հետ առնչությունդ տասնմեկ տարեկանից է։

Հա, ամեն բան սկսվել է Հենրիկ Իգիթյանի էսթետիկական կենտրոնից։ Մեր բարեկամները ծնողներիս պատմել էին, թե իրենց աղջիկը՝ Կսենյան, ինչ հրաշալի խմբակ է հաճախում։ Մերոնք էլ մտածեցին, որ վատ չէր լինի, եթե ես էլ այդպիսի մի խմբակում ընդգրկվեի։

Ռուբեն Թումանյանի խմբում էի․ տասնմեկ տարեկանից իսկապես սկսեցի շատ լուրջ վերաբերվել թատրոնին, որովհետեւ ունեի դեր, աշխատում էի վարպետի հետ (ով այդ ժամանակ դասավանդում էր նաեւ ինստիտուտում), ով լուրջ վերաբերմունք էր պահանջում բոլորիցս։

Մենք վոկալով էինք զբաղվում, բեմշարժումով, խորեոգրաֆիայիով․․․ Երեւի շատ ճիշտ համընկավ տարիքիս հետ․ արդեն ինքնուրույն էի բավականին, Մասիվից նստում էի 26 համարի ավտոբուսը, հասնում կենտրոն՝ Երիտասարդական, այդտեղից վազելով իջնում փորձի։

Մի ուրիշ ընտանիք էր․ փոքր թատրոնի հիմնական հատկությունն է։ Մենք ստեղծում էինք դեկորացիաները, մտնում էինք գրիմի պատմության մեջ, շորերն էինք փորձում ստանալ, իրար մեջ էինք եփվում, ու ներկայացումն էլ այդպես էր ստեղծվում։

Հա, ես հիմա եմ հասկանում, որ այդ ամենը ստեղծում էր Ռուբեն Թումանյանը, եւ հենց այդ ժամանակ էլ փորձում մեզ հասկացնել, թե ինչ է նշանակում խաղընկեր ունենալ նույն բեմում, ինչպես է կապ առաջանում հանդիսատեսի եւ դերասանի միջեւ․․․

Արամ, կինոյում լրիվ ուրիշ ես։

Որովհետեւ կինոյում կա նաեւ օպտիկա եւ օպերատոր։ Օպերատորներն ու ռեժիսորներն էլ սովորաբար ունեն կերպարների իրենց շտամպները ու մատուցման ձեւերը, որից կարող ես երկար ժամանակ մնալ նույն ամպլուայի մեջ․․․ Շատ վատ է։

Ուրիշ եմ երեւի, որովհետեւ այդքան ժամանակ չունեմ կերպարս մարսելու համար։ Սա գուցե իմ թերությունն է․ նախանձում եմ այն մարդկանց, ովքեր մի վայրկյանում փոխվում են, շատ ճիշտ են հասկանում կերպարը, տանում են այդ գիծը, կարողանում են կինոյից կինո գնալ, սերիալից՝ սերիալ։

Ինձ համար «ծննդաբերման» պրոցեսն է կարեւոր, իսկ կինոյում «ծննդաբերում» են ռեժիսորն ու օպերատորը՝ պրոդյուսերների հետ միասին։ Այդ առումով կինոյի ստեղծման ընթացքն է թերեւս հետաքրքիր․ երբ նայում ես արդյունքը, լացդ գալիս է, ու ասում ես՝ ես ավելի լավ կարծիքի էի իմ մասին։

Հայաստանի ներկայիս թատրոնը։

Հիմա մտածում եմ, որ մեծ հաշվով թատրոն չկա Հայաստանում, որովհետեւ, ցավոք, այնքան գնացինք կենցաղ, որ կենցաղը դուրս եկավ բեմ։ Հանդիսատեսն էլ փոխվեց, ու այդ իմաստով թատրոնն ու հանդիսատեսը ներդաշնակ եղան․ սարսափելի է։

Այնպես որ չեմ կարող խոսել թատրոնի խնդիրների մասին, քանի որ չկա այդ թատրոնը։ Կան օֆիսներ, որոնք ինչ-որ կերպ պիտի արդարացնեն իրենց գոյությունը, որ պետական դոտացիաներ ստանան, չգիտեմ․․․ Ներկեն արտաքին պատերը, ներկայացումներ դնեն պլան կատարելու համար եւ միայն այդքանը։ Ստեղծողը, ստեղծագործողը բացակայում է, իսկ ստատուս պահպանելու համար ռեժիսորը, դերասանը մի բան անում է, որ հանդիսատեսն ուղղակի «լցվի» դահլիճ։

Երբ ասում եմ՝ չկա թատրոն, ի նկատի ունեմ, որ չկա «ստեղծագործական» պրոցեսը։

Թատրոնը չի մեռնի, իհարկե, կլողա, ինչպես միշտ․․․ Ալիք կբարձրանա, ֆենոմեն կլինի, կձգտեն դրան, հետո ֆենոմենը կմեռնի, իսկ ֆենոմենի ավանդույթը շարունակելն անհնարին է, ինչպես փորձում են անել Ստանիսլավսկու, Եֆրեմովի դեպքում։ Այդ իրենք էին ֆենոմենը, իրենց մահը նաեւ դադար է։ Մնում են մետամորֆոզներ։

Արամ, մեր զրույցի ընթացքում անընդհատ մտածում էի մարդու անպաշտպան լինելու մասին․․․

Հա, անպաշտպան կենդանի է։ Մենք, իհարկե, մասսայական բնաջնջման զենք ենք հորինել, բայց մեզ ենք չէ՞ ոչնչացնում այդ զենքով։

Մեծ հաշվով այն մարդը, ով պաշտպանվելու կաղապար ունի, անպաշտպան լինելու հետեւանքով է կրում դա։ Եթե ինքը պաշտպանված լիներ, չէր փախչի, դաժան ու կոպիտ չէր լինի, մռայլ դիմակներ չէր կրի, չէր փորձի թաքցնել իր խոցելի տեղերը։

Հարվածներից պաշտպանվելու համար մարդն ամեն ինչի դիմում է, որովհետեւ գիտակցում է, որ այդ հարվածը կարող է լինել վերջինն ու մահացուն։ Ամեն դեպքում մարդիկ, ում հետ մտերիմ եմ, խորը շփումներ ունեմ, շատ անպաշտպան են, շատ փխրուն․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter