HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր և Լիբանանի նախկին նախարարի որդիների ընկերություններն արտոնություն ստացան

Այսօր կառավարության որոշումներով արտոնություններ ստացած «Անիտեքս» եւ «Էյ Բի Սի Տեքստիլ» ընկերությունների հիմնական բաժնետերը Կիպրոսում գրանցված «Նաթքոմ Լիմիթեդ» (NATCOM LIMITED) ընկերությունն է:

Այս երկու ընկերություններն էլ փոխկապակցված են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հետ։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կառավարությունը հարկային արտոնություն էր տվել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը փոխկապակցված մեկ այլ՝ «Ալեքս տեքստիլ»  ընկերությանը:  

Ըստ կառավարության որոշումների՝ «Անիտեքս» և «Էյ Բի Սի Տեքստիլ»  ընկերությունների կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումը երեք տարով հետաձգվում է:

Այս ընկերությունները պատկանում են պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին, և Լիբանանի էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարար Արթյուր Նազարեանի որդիներին:

ՊԵԿ կայքի տվյալներով՝ երկու ընկերությունների գործունեության հասցեն նույնն է՝ Արարատի մարզ, Արտաշատ քաղաք, Գորածարանային 1: Այս հասցեում է գտնվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան», որն ամիսներ առաջ Աբրահամյանը վաճառել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը:

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Անիտեքս»-ը գրանցվել է 2017թ․ օգոստոսին, իսկ «Էյ Բի Սի Տեքստիլ»-ը՝ 2017-ի հոկտեմբերին: Այս ընկերությունների հիմնական բաժնետերը Կիպրոսում գրանցված «Նաթքոմ լիմիթեդ» (NATCOM LIMITED) ընկերությունն է:

«Նաթքոմ լիմիթեդ»-ին են պատկանում «Անիտեքս»-ի բաժնետոմսերի 100%-ը և «Էյ Բի Սի Տեքստիլ»-ի բաժնետոմսերի 80%-ը: Մյուս 20%-ը պատկանում է «Քոթթոնթինա» ՍՊԸ-ին, որի սեփականատերերն են՝ Ամին Մուսսալլի Ժակին (50%) եւ Ֆիրաս Մուսսալլի Ժակին (50%)։  

Կիպրոսի ռեգիստրի տվյալների համաձայն՝  «Նաթքոմ լիմիթեդ» ընկերության բաժնետոմսերի 40%-ը Աստղիկ Ալեքսանյանինն է, 30-ական տոկոս բաժնետոմս ունեն Լիբանանի էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարար Արթյուր Նազարեանի որդիները՝ Փիթըր և Գարիի Նազարեանները: Եղբայրները Լիբանանի քաղաքացիներ են: Ի դեպ, Փիթըր Նազարեանը նաև «Անիտեքս»-ի տնօրենն է: «Էյ Բի Սի Տեքստիլ»-ի տնօրենը Կէրի Արթյուրի Նազարեանն է։

Ընկերության սեփականատերերը կառավարությանը խոստացել են 16.8 մլրդ դրամի (մոտ 35 մլն դոլար) ներդրում կատարել՝ ստեղծելով 375 աշխատատեղ:

200 աշխատատեղ, 8,6 մլրդ դրամի ներդրում՝ «Անիտեքս»-ի կողմից

Կառավարության որոշմամբ՝ «Անիտեքս» ընկերությունը 2018թ․ ապրիլի 13-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստան կներմուծի 8,6 մլրդ դրամի 21 անուն սարքավորում՝ ԱԱՀ վճարումը երեք տարի հետաձգելու արդյունքում:

Ընկերությունն Արտաշատում զբաղվելու է տեքստիլի արտադրությամբ, մասնավորապես՝ արտադրելու է փետուրե, աղվամազե բարձեր և վերմակներ։

«Անիտեքս»-ը խոստացել է ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ստեղծել մոտ 200 աշխատատեղ` 189 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Պետական եկամուտների կոմիտեն դիտողություն է ունեցել ընկերությանը տրվող արտոնության տրամադրման այս որոշման նախագծի վերաբերյալ, մասնավորապես նշել է.

«Ապրանքների ներմուծման ԱԱՀ-ի գծով հետաձգումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով նաև, որ առաջարկվող փոփոխությունները ՀՀ պետական բյուջեի վրա ֆիսկալ առումով կունենան բացասական ազդեցություն»:

Սակայն, նախագիծը ներկայացնող տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը չի ընդունել ՊԵԿ-ի այս դիտողությունը՝ հակադարձելով, թե նպատակահարմար են համարում նշված ներդրումային ծրագրին արտոնություն տրամադրելը:

175 աշխատատեղ եւ 8,2 մլրդ դրամի ներդրում՝ «Էյ Բի Սի Տեքստիլ»-ի կողմից

Այս ընկերությունը նույնպես 2018թ․ ապրիլի 13-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը հանրապետություն կներմուծի 8,2 մլրդ դրամ արժողությամբ հումք և սարքավորումներ, որոնք կօգտագործի սրբիչների արտադրությունում:

Ներդրումային այս ծրագրով «Էյ Բի Սի Տեքստիլ»-ը կառավարությանը հավաստիացրել է, որ ստեղծելու է 175 աշխատատեղ՝  189 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Ընկերությանը տրվող ԱԱՀ-ի հետաձգման արտոնության առնչությամբ ՊԵԿ-ը նույն դիտողությունն է արել՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հայտնելով, որ արտոնության տրամադրումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով պետբյուջեի վրա ունենալիք բացասական ազդեցությունը:

Հիշեցնենք, որ կառավարությունն առաջին անգամ չէ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսյանանի ընկերություններին արտոնություն տալիս: Ապրիլի 5-ին գործադիրը որոշեց, որ «Ալեքս Տեքստիլ»-ը Հայաստան կներմուծի թեթև արդյունաբերության մեջ օգտագործվող սարքավորումներ՝ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելով։

Իսկ 2017 թվականի դեկտեմբերի 14-ին էլ գործադիրը 96 մլն դրամ արժեքով Արթիկի թիվ 7 ավագ դպրոցի ազատված շենքն ու շինություններն օտարեց Աստղիկ Ալեքսանյանին փոխկապակցված մեկ այլ ընկերության՝ «Չեխ-Արմ-Ինվեստ»-ին:

Լուսանկարում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ Փիթըր Նազարյանը՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքին, Փարավոն ռեստորանում/ լուսանկարը՝ Փիթըր Նազարյանի Instagram-ի էջից

Մեկնաբանություններ (1)

Սամոն տաղանդ է!
Կարծեմ էլի իրենք էին, որ Թալինի կողմերը երեխեքին քշեցին ու դպրոցն «օպտիմալացրին» որ տեքստիլ սարքեն? Իսկ դա ինչ եղավ? Իսկ ինչու՜ են «Էյ Բի Սի» կոչել, այսինքն որ անգլերեն տառերն էլ գիտենք? Ավելի արտահայտիչ չէր լինի ասենք, «Նազարլֆիկ Փալասո ՍՊՀ». Հետո երբ նազարները փոշման երթան Լիբանոն, ընկերությունն էլ կդառնա «Լֆիկ Փալասո»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter