
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիային
19:10
«Հետքը» ավարտում է օնլայն տեքստային հեռարկաձումը, սակայն կշարունակի տեղեկացնել իրադարձությունների հետագա ընթացքի մասին:
18:43
Պենտագոնը պնդում է, որ կոալիցիայի արձակած հրթիռներից և ոչ մեկը չի խոցվել
Ամերիկյան բանակի գեներալ Քենեթ Մաքքենզին հայտարարել է, որ գործողության մաս կազմած ինքնաթիռներից և հրթիռներից և ոչ մեկը չի խոցվել Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից:
Նշենք, որ սիրիական կողմը հայտնում է 30 խոցված հրթիռի, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբը 71, իսկ սիրիացի ակտիվիստները 65 խոցված հրթիռի մասին: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ապրիլի 14-ի գիշերը Սիրիայի Դամասկոս և Հոմս քաղաքների ուղղությամբ արձակել էր 103 հրթիռ:
16:39
Թրամփ. «Առաքելությունը կատարված է»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիային հասցված հարվածներից հետո առաջին մեկնաբանությունն է արել.
«Գերազանց կատարված հարված էր անցած գիշեր: Շնորհակալություն Ֆրանսիային և Միացյալ Թագավորությանը իրենց իմաստության և իրենց հրաշալի զինված ուժերի հզորության համար: Ավելի լավ արդյունք չէր էլ կարող լինել: Առաքելությունը կատարված է»,- գրել է ԱՄՆ 45-րդ նախագահը Թվիթերի իր էջում:
Նշենք, որ Reuters-ի փոխանցմամբ՝ Երևանի ժամանակով 19:00-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ կսկսվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը:
16:02
ՔԶԱԿ-ը կշարունակի աշխատանքները
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) հաղորդել է, որ իր մասնագետները կշարունակեն աշխատանքները Սիրիայում՝ չնայած գիշերային ռմբակոծումներին:
ՔԶԱԿ-ի առաքելությունը փորձում է պարզել՝ Դումայում քաղաքացիական բնակչության դեմ կիրառվե՞լ է քիմիական զենք, թե՝ ոչ:
14:34
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Իրանի իր պաշտոնակից Հասան Ռոուհանիի հետ զրույցում նշել է, որ կոալիցիայի հարվածներից հետո «Սիրիայի ժողովուրդը էլ ավելի կհամախմբվի ահաբեկչության դեմ պայքարում»: Այս մասին հայտնում է Reuters-ը:
13:41
Սիրիայի ուղղությամբ արձակվել է 103 հրթիռ
«Առկա տեղեկությունների համաձայն՝ կիրառվել է ընդհանուր 103 թևավոր հրիթռ, այդ թվում «Տոմահավկ», ինչպես նաև B-1B ինքնաթիռից GBU-38 կառավարվող ավիառումբեր: F-15 և F-16 ինքնաթիռները կիրառել են «երկինք-երկիր» հրթիռներ: «Տորնադո» ինքնաթիռների միջոցով բրիտանական ռազմաօդային ուժերը արձակել են Scalp EG տեսակի 8 հրիթռ»,- РИА Новости-ն մեջբերում է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Սերգեյ Ռուդսկոյի խոսքերը:
13:19
Ռուս զինվորականները հայտնում են, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հրթիռային հարվածների հետևանքով ոչ ոք չի զոհվել
«Նախնական տվյալներով՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հասցրած հարվածներից խաղաղ բնակչության և սիրիացի զինվորականների շրջանում զոհեր չկան»,- BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Սերգեյ Ռուդսկոյը:
ՌԴ ՊՆ-ի գնահատմամբ՝ Դամասկոսում և Սիրիայի այլ քաղաքներում իրավիճակը հանգիստ է:
12:24
Պուտինի հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է Սիրիայի վրա հարձակումը՝ ընդգծելով, որ կատարվածը «կործանիչ ազդեցություն կունենա միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա»:
«Ռուսաստանը լրջագույնս դատապարտում է Սիրիայի վրա հարձակումը, որտեղ ռուս զինծառայողները օգնում են օրինական իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում: Իր գործողություններով ԱՄՆ-ն էլ ավելի է խորացնում հումանիտար ճգնաժամը Սիրիայում և տառապանք է պատճառում խաղաղ բնակչությանը»,-նշել է Պուտինը:
Կրեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է նաև, որ ռուսական ռազմական փորձագետները, Դումայում քլորի կամ այլ թունավոր նյութի հետքեր չեն հայտնաբերել, և տեղի բնակիչներից ոչ ոք չի հաստատել քիմիական հարձակման փաստը:
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները:
12:06
Արձագանքներ
«Բարբարոսական ագրեսիան ոչ մի կերպ չի ազդում Սիրիայի ժողովրդի և նրա հերոսական զինված ուժերի վճռականության վրա»,- ասվում է Սիրիայի արտգործնախարարության հաղորդագրությունում:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ Սիրիային հասցված հարվածները համարել է «հիմնավորված պատասխան»՝ խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու համար:
«Այս հարձակումից հետո իրավիճակը կբարդանա, և առաջին հերթին կտուժեն ԱՄՆ-ի շահերը: Նրանք պատասխանատվություն կկրեն տարածաշրջանում սկսվող իրադարձությունների հետևանքների համար, որոնք միանշանակ վնաս կհասցնեն ամերիկյան շահերին»,- այսպես է արձագանքնել կատարվածին Իրանի Իսլամական հեղափոխության պահակախմբի ներկայացուցիչ Յադոլլահ Ջավանին
11:53
Միմյանց հակասող հայտարարություններ
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին հայտարարել է, որ ռուսական կողմին նախօրոք տեղեկացվել է նախատեսվող ավիահարվածների մասին: Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի այս խոսքերը, սակայն, հակասում են ԱՄՆ-ի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի հայտարարությանը.
«Մենք ռուսների հետ ոչինչ չենք համակարգել հարվածներ հասցնելու առնչությամբ և նրանց չենք ծանուցել նախօրոք: Միակ քննարկումը՝ կապված այս գործողության իրականացման հետ, եղել է սովորական ծանուցումը թռիչքների անվտանգության ապահովման մասին»,- նշել է Ջոզեֆ Դանֆորդը:
11:44
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիային
Ապրիլի 14-ի գիշերը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հարվածներ են հասցրել Սիրիայի Դամասկոս և Հոմս քաղաքներին: Հրթիռակոծումը սկսելու մասին հայտարարությունը այս գիշեր արել է ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը՝ մեղադրելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Արևելյան Գուտայի Դումա քաղաքում հնարավոր քիմիական հարձակում իրականացնելու մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սիրիային հարվածներ հասցնելու մտադրության մասին Դոնալդ Թրամփը հայտնել էր դեռևս ապրիլի 11-ին, սակայն այդ հայտարարությունից մի քանի րոպե անց առաջարկել էր դադարեցնել սպառազինությունների մրցավազքը:
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հիմնական թիրախները եղել են մայրաքաղաք Դամասկոսի գիտահետազոտական կենտրոնը, որը ենթադրաբար կապված է քիմիական զենքի արտադրության հետ, ինչպես նաև Հոմսի քիմիական զենքի երկու պահեստները: Նշվում է նաև, որ հարվածներ են հասցվել Սիրիայի հանրապետական գվարդիային, Դամասկոսի Մեզզե և Արևելյան Գուտայի Ադ-Դումեր օդանավակայաններին:
Չնայած որ ավելի վաղ Ասադի իշխանությանը սատարող Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել էր, որ կխոցի Սիրիայի ուղղությամբ արձակված ցանկացած հրթիռ, այնուամենայնիվ, ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը որևէ գործողություն չեն արել:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կոալիցիայի հարվածներին դիմագրավել են Սիրիայի ՀՕՊ զորքերը:
«Թևավոր հրթիռների նշանակալի մասը և ավիացիոն «երկինք-երկիր» տեսակի հրթիռները խոցվել են իրենց թիրախին հասնելու ընթացքում»,- ՌԴ պաշտպանական գերատեսչությանն է մեջբերում РИА Новости-ն: ՊՆ-ի տվյալներով՝ կոալիցիայի հրթիռների դեմ կիրառվել են սիրիական բանակի С-125, С-200, «Бук» и «Квадрат» հակաօդային պաշտպանության միջոցները՝ արտադրված ԽՍՀՄ-ում ավելի քան 30 տարի առաջ:
Սիրիայի ուղղությամբ հարվածներ են հասցվել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան երկու ռազմանավերից, Միջերկրական ծովի վրա գտնվող մարտավարական ավիացիայից և B-1B ռազմավարական ռմբակոծիչներից՝ Ալ-Թանֆ շրջանից:
Լուսանկարը՝ AP-ի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել