HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց քաղաքացիական անհնազանդության գործողությունների վաղվա պլանը (լրացված)

Ֆրանսիայի հրապարակում այսօր 18:30-ին մեկնարկած հանրահավաքի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  ներկայացրեց քաղաքացիական անհնազանդության գործողությունների պլանը, որը նախատեսվում է իրականացնել վաղը՝ ապրիլի 16-ի առավոտից: Գործողությունների նպատակը ոստիկանական ուժերը քաղաքի տարբեր հատվածներում ցրելն ու անարգել Ազգային  ժողովի տարածք հասնելն է, որտեղ ապրիլի 17-ին նախատեսվում է վարչապետի ընտրությունը:

Այսպես, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին առավոտյան շուտ արթնանալ և քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններ սկսել ժամը 08:15-ից: Անհնազանդության քայլերից մեկը  Երևանի կամուրջների արգելափակման գործընթացն է:

«Մարդիկ մեքենայով երթևեկում են և Դավիթաշենի կամուրջի վրա նրանց մեքենան փչանում է, որից հետո նրանք վթարայինները միացնում են, դռները փակում ու ոտքով շարժվում դեպի Ազգային ժողով, և ճանապարհին հանդիպած մարդկանց հայտնում, որ ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մերձակայքում` կապ չունի, թե որ կողմից»,- քաղաքացիներին դիմելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի` պետք չէ սահմանափակվել միայն կամուրջների արգելափակման գործընթացով: Փաշինյանն առաջարկում է նաև քաղաքի տարբեր հատվածներում` փողոցի վրա կանգնեցել մեքենաներն` այսպիսով արգելափակելով բոլոր հնարավոր փողոցները:

«Փչանում են քաղաքացիների մեքենաները. քաղաքի ցանկացած հատվածում դրանց վթարայինները միացնում եք և ոտքով գալիս Բաղրամյան պողոտա»,- իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ գործողությունը Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքը խափանելուն է ուղղված: Այս դեպքում քաղաքացիներն, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է այնպես պառկեն դռների մոտ, որ դրանք չփակվեն: Իսկ երբ վագոնի դռները փակ չեն, այն չի շարժվում:

«Մետրոյի ուղևորները դուրս են գալիս ու քայլելով գալիս Բաղրամյան պողոտա, և այս ընթացքոմ հանդիպած քաղաքացիներին հայտնում են, որ ժողովորդը հավաքվում է Ազգային ժողովի մոտ»,- դարձյալ քաղաքացիներին դիմելով` ասաց Փաշինյանն ու նկատեց, որ այս գործողությունն իրականացնողներին կփորձեն բերման ենթարկել, սակայն եթե մյուս քաղաքացիները կատարեն իրենց «ֆունկցիան» ու խցանեն փողոցներն, ապա ոստիկանական ուժերը հնարավորություն չեն ունենա արագ հասնել Մետրոպոլիտեն:

Կանխիկացնել բանկային քարտերի վրա առկա ամբողջ գումարն ու այն պահել իրենց մոտ. ահա Փաշինյանի հաջորդ կոչը քաղաքացիներին:

Վերջինս ուսանողներին դասադուլի կոչ արեց, աշխատանք ունեցող մարդկանց կոչ արեց գործադուլ անել:

Փաշինյանը նշեց նաև, որ օրենքով իրեն և շարժման մյուս առաջնորդներին ձերբակալելու որևէ հիմք չկա, բայց, այնուամենայնիվ, եթե այս գիշեր նման բան լինի, պատգամավորը հորդորեց չփոխել գործողությունների պլանը:

«Ամեն մեկդ արեք ձեր գործողությունը: Մենք վաղը հասնելու ենք Ազգային ժողով, ընդ որում եթե նույնիսկ իմ նկատմամբ գործողություն տեղի ունենա, ինձ միևնույնն է, պետք է կալանքի սանկցիա տալու համար բերեն Ազգային ժողով, և ես այդ ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից կասեմ, թե ինչ է պետք անել. դուք միայն եղեք Ազգային ժողովի տարածքում: Ես ձեզ հավատում եմ, իսկ դուք պարտավոր չեք ինձ հավատալ, դուք հավատացեք ինքներդ ձեզ»,- քաղաքացիներին դիմելով` ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև կան հարցեր, որոնց մասին շարունակ խոսել են, և թվում է, թե դրանք միանգամայն պարզ են հասարակության համար, ինքը նամակների տեսքով բազմաթիվ հարցեր է ստանում, որոնցից մի քանիսին պատասխանեց հանրահավաքի ժամանակ:

Քաղաքացիներին առավել հուզող հարցերից մեկը Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների վերաբերմունքն է Հայաստանի քաղբանտարկյալներին:

«Մարդիկ մտահոգվում են, թե արդյոք մենք Շանթ Հարությունյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Անդրիաս Ղուկասյանին քաղբանտրակյալ համարում ենք։ Բոլոր այս դեպքերին մենք արձանագրել ենք ու ասել, որ մեր այս ընկերները բանտում են հայտնվել Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության, ստահոդ դատարանների ստահոդ դատավճիռների արդյունքում, և մեր պայքարի նպատակներից մեկն, այո, քաղբանտարկյալների ազատ արձակումն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը խոսեց նաև շարժման էության մասին։ Նա հերթական անգամ հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ լայնորեն քննարկվում էր հարցը, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսել է նեղ անձնական շահերի, իր և իր ընտանիքի իշխանությունը երկարաձգելու նպատակով, Սարգսյանը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, և կառավարման խորհրդարանական կարգին անցում կատարելու դեպքում չի հավակնելու նաև վարչապետի պաշտոնին: Ավելին, Սերժ Սարգսյանը դիրքորոշում է հայտնել նաև, որ մեկ մարդը երկու անգամից ավել չպետք է հավակնի վարչապետի պաշտոնին:

«Այս պաշտոնապես ստանձնած պարտավորության համաձայն` Սերժ Սարգսյանը չպետք է լինի ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ և ո՛չ այլ որևէ պաշտոն ստանձնի երկրի կառավարման համակարգում»,- հայտարարեց Փաշինյանը:

Պատգամավորը նշեց, որ թեև և՛ Ազգային ժողովի, և՛ Սահմանադրական հանրաքվեի արդյունքներն իրենք չեն ընդունում, բայց եթե պայմանականորեն ընդունեն, ապա ստացվում է, որ ժողովուրդն այդ քվեարկություններն արել է Սերժ Սարգսյանի վերը նշված հայտարարության պայմաններում՝ հուսալով, այսպիսով, ազատվել նրանից:

Փաշինյանը հիշեցրեց, որ այսուհետ վերացված է սահմանադրական արգելքը երկու անգամից ավելի իշխանության ղեկին լինելու վերաբերյալ:

«Նույնիսկ երրորդ անգամը վերջին անգամը չէ, վերանում է սահմանադրական արգելքը երրորդ, չորրորդ, հինգերորդ... տասնմեկերորդ անգամի համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ստո՛պ»,- հայտարարեց քաղաքացիներից մեկը:

«Ստոպը ես չպիտի անեմ. ստոպն իրար հետ պիտի անենք»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս «ոչ քաղաքական գնահատեց Հայաստանում վարչապետի ընտրության գործընթացն ու այն անվանեց «Հայաստանի ադրբեջանացում»:

«Սերժ Սարգսյանը փորձում է փոխել մեր երկրի էությունը, Հայաստանը վերածել Արևմտյան Ադրբեջանի... մենք Ադրբեջանի քաղաքացի չենք, մենք ՀՀ քաղաքացի ենք: Մենք Հյուսիսային Կորեայի քաղաքացի չենք, մենք ՀՀ քաղաքացի ենք, մենք Ղազախստանի քաղաքացի չենք, մենք ՀՀ քաղաքացի ենք»,- հայտարարեց Փաշինյանն ու իրենց պայքարն անվանեց արժանապատվության պայքար:

Փաշինյանը նշեց, որ վերջին օրերին քաղաքացիներն իրեն հարցեր են ուղղում իր դեմ հնարավոր քրեական գործ հարուցելու մասին:

«Ես ասում եմ, որ մենք պայքարի ենք դուրս եկել հանուն ՀՀ քաղաքացու ազատության, մենք թքած ունենք մեր ազատության վրա: Ես բանտում ինձ նույնքան լավ եմ զգում, որքան Ազգային ժողովում, Հայաստանում այնպիսի տեղ չկա, որտեղ ես ինձ վատ զգամ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ելույթներ ունեցան նաև ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն ու այլ քաղաքացիներ:

Սասուն Միքայելյանը համախմբման ու փողոց դուրս գալու կոչ արեց:

«Մենք պետք է կարողանանք համախմբվել ու պայքարել»,- ասաց Միքայելյանն ու հիշելով Արցախի ազատագրությունը՝ ընդգծեց, որ դա տեղի ունեցավ ժողովրդի համախմբման արդյունքում:

«Համախմբվե՛ք, հետո ուշ է լինելու: Մենք չենք եկել դափնիներ ու իշխանություն վերցնենք, բայց ժամանակն ու իրավիճակը պահանջում է,  որ մենք գիտակցաբար պիտի թույլ չտանք, որ մեզ տանեն դեպի կործանում»,- հայտարարեց Միքայելյանը:

Դավիթ Սանասարյանը դարձյալ գործադուլի կոչ արեց:

«Խնդրում եմ, որ բոլորս հասականանք, որ եթե գնանք աշխատանքի, ոչ մի բան չի փոխվելու: Եթե ուզում եք, որ Սերժ Սարգսյանի և նրա թիմակիցների համար «խիարը թարս աճի», ինչպես ինքը Սարգսյանն է ասում, ուրեմն բոլորս մի մարդու նման պիտի չգնանք գործի, մոռանանք «եղունգ ունես՝ գլուխդ քորի» արտահայտության մասին ու լինենք այստեղ»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը:

Այս պահին, ինչպես նախորդ երկու օրերին, քաղաքացիները շարունակում են մնալ Ֆրանսիայի հրապարակում, իսկ նրանցից ոմանք պատրաստվում են հենց այնտեղ գիշերել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter