
Աշտարակում մի խումբ քաղաքացիներ ցույցի են դուրս եկել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության
Մի խումբ քաղաքացիներ քիչ առաջ հավաքվել են Աշտարակի քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության երթ իրականացնելու համար: Այս մասին «Հետք»-ին ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Անուշ Ամիրբեկյանն, ով Աշտարակի բնակիչ է:
Վերջինս նշեց, որ երբ իրենք քաղաքապետարանի դիմաց են եղել, այնտեղի մի քանի աշխատակիցներ, ինչպես նաև այլ քաղաքացիներ եկել են իրենց հետ զրուցելու ու հորդորելու, որ «տուն գնան»:
Ցուցարաների հետ խոսելու եկած քաղաքացիներից ոմանք էլ սկսել են պնդել, թե չեն ցանկանում, որ երիտասարդները որպես «վահան օգտագործվեն»:
Դրանից հետո ցուցարարներին է մոտեցել ոստիկանության Աշտարակի բաժնի պետի տեղակալն ու հետաքրքրվել, թե ինչ ուղղություններով են պատրաստվում իրականացնել երթը՝ նշելով, որ ցանկանում են ապահովել երթի բնականոն ընթացքը:
Ցուցարարներն այս պահին արդեն երթ են իրականացնում: Ամիրբեկյանն ասաց, որ երթում նաև անձինք են, որոնք ակնհայտորեն կապ չունեն բողոքի ակցիայի հետ՝ վերջիններիս որակելով սադրիչ:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, Երևանում և մի շարք մարզերում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաներ են իրականացվում։ Թեև վարչապետի ընտրությունն ապրիլի 17-ին ԱԺ-ում արդեն կայացել է, և Սերժ Սարգսյանը 77 կողմ ձայնով դարձել է վարչապետ, բողոքի ակցիաները, որոնք առաջնորդում է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, չեն մարում։
Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել այսօր առավոտյան ժամը 08:15-ից փակել հանրապետության հնարավոր բոլոր փողոցները:
Մեկնաբանել