
Ոստիկանները Հանրապետության հրապարակից հեռացնում են ցուցարարներին (թարմացվող)
Քիչ առաջ Մելիք Ադամյան փողոց է բերվել ջրցան մեքենա, երեք БТР, միկրոավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացված: Առավոտյան այս տարածքում որեւէ ոստիկանական ուժ եւ տեխնիկա չկար, դրանք բերվել են Արցախի փողոցում կիրառված հատուկ միջոցներից հետո:
Հանրապետության հրապարակ են բերվում ոստիկանական ուժեր, որոնք փորձում են ցուցարարներին դուրս հանել հրապարակից եւ տարածքն ազատել: Կան բերման ենթարկվածներ:
Զայրացած ցուցարարներից մեկի պահանջով հատուկ ջոկատայինները հանեցին դիմակները:
Ոստիկանությունը բարձրախոսով անընդհատ հաղորդում է, որ հավաքն անօրինական է, եւ ցուցարարները պետք է հեռանան հրապարակից:
Ցուցարարների մեկ այլ հոծ երթ քիչ առաջ շրջանցեց Հանրապետության հրապարակը և շարժվեց դեպի Ամիրյան փողոց:
Մի խումբ էլ շարժվում է դեպի Նալբանդյան փողոց: Իրավիճակը շարունակում է այստեղ լարված մնալ: Ցուցարարները վանկարկում են «Նիկոլ» և ոստիկաններին կոչ անում իրենց բոլորին բերման ենթարկել:
Գրիգորյան Մարուսյան քիչ առաջ փորձել է արգելել ոստիկաններին բերման ենթարկել եղբորը, սակայն կարմիր բերետավորները կնոջը քաշքշել են եւ վնասել ձեռքը: Նրան օգնություն ցուցաբերեցին տեղում գտնվող շտապ օգնության բժիշկները, սակայն վերջինս հրաժարվեց հիվանդանոց տեղափոխվել:
Ցուցարարներն այստեղ են հասել Էրեբունի-Արցախ խաչմերուկից, երբ հատուկ ջոկատայինները հարկադրաբար հեռացրին Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, բերման ենթարկեցին տասնյակ քաղաքացիների:
Ցուցարարների մյուս մասը Էրեբունու շրջանում է: Նրանք փոքր-ինչ դադար առան Էրեբունու թանգարանում, ապա շարունակում են երթը Էրեբունու տարբեր փողոցներով:
Ոստիկանությունը դեռևս պաշտոնապես չի հայտարարել, թե ուր են տարել հավաքի վայրից հարկադրաբար հեռացված Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին:
Մեկնաբանել