
Կարեն Կարապետյան. «Ժողովրդի ընտրյալը մի տարբերակ ունի, դա ընտրությունն է»
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է լրագրողներին և պատասխանել նրանց հարցերին:
Հանդես գալով հանդուրժողականության կոչով՝ նա հայտարարեց, որ տրամաբանական լուծում է համարում Սահմանադրության շրջանկներում քաղաքական կուսակցություններով քննարկման նստելը: Եթե կուսակցությունները որոշեն, որ արտակարգ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն իրենց ցանկալի ժամկետները, «որպեսզի բոլորը լինեն հավասար խաղի կանոններում»:
Այսպես շարունակվելու դեպքում, Կարեն Կարապետյանի համոզմամբ, երկիրը տնտեսական խնդիրներ է ունենալու, զբոսաշրջիկները չեն գալու Հայաստան, ներդրողները հետ են վերադառնում, և ապակայուն վիճակը երկրին օգուտ չի տալու: Կարեն Կարապետյանը նշում է, որ գալու են մի վիճակի, երբ տնտեսության իրավիճակը բարձրացնելը դժվար է լինելու:
Բացի դրանից, ըստ Կարեն Կարապետյանի, հարկավոր է թողնել, որ քաղաքական ուժերը նստեն և բանակցություններ վարեն, մեկը մյուսին չճնշեն:
«Ոնց չափենք՝ էդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, մյուս քաղաքացիները՝ մեկ ուրիշին, այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք արտահերթ ընտրություններ, և ժողովուրդն ընտրի իր թեկնածուին»,- նշեց Կ. Կարապետյանը:
Կարեն Կարապետյանը շեշտեց, որ «ժողովրդի ընտրյալը մի տարբերակ ունի, դա ընտրությունն է»:
«Մենք չենք կարող սուբյեկտիվ հատվածներ ստեղծել և ասել, որ ես ժողովրդի ընտրյալն եմ: Ժողովրդի ընտրյալն ըտենց չի ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ մշակվել են Սահմանադրություն, օրենքներ, և այդ դաշտից չեն կարող դուրս գալ:
«Մենք աշխարհին վատ սիգնալներ ենք ուղարկում, որ մենք ռեգուլյար, բացի նրանից որ կատակլիզմի մեջ ենք ընկնում, կարող ենք սուբյեկտիվ ձևով մեկնաբանել ժողովրդի ընտրյալը,- ասաց նա և ավելացրեց,- մենք ինչին ենք ուզում գնալ, դիկտատուրայի՞, ուզում ենք թելադրանքին գնալ: Ընտրություն անենք, հասկանանք՝ մեր զանգվածն ում է ուզում»:
Հիշեցնենք, որ 11 օր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերից հետո՝ ապրիլի 23-ին, նա հրաժարական տվեց: Ապրիլի 24-ին զանգվածային ակցիաները դադարեցին, սակայն արտասահմանյան լրագրողներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ ՀՀԿ որևէ անդամ չի կարող առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն տարածեց, որով հայտնեց, որ բանակցություններ չեն կայանալու, քանի որ Փաշինյանը միակողմանի ու նոր պայմաններ է առաջադրում:
Նիկոլ Փաշինյանը բողոքի նոր ալիքի մասին հայտարարեց՝ նշելով, որ հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու: Այսօր ցուցարարները կրկին երթեր և բողոքի ակցիաներ են անցկացնում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել