
Եվրամիությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ
Եվրամիության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը շնորհավորական ուղերձ են հղել ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Եվրամիությունը հույս ունի Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ համագործակցելով՝ իրականացնել նոյեմբերին ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը ամրացնելու համար, ինչպես նաև բարգավաճ և կենսունակ պետություն ստեղծելու համար՝ ի բարօրություն Հայաստանի քաղաքացիների»,- ասվում է Մոգերինիի և Հանի համատեղ հայտարարությունում:
ԵՄ-ում ընդգծել են նաև, որ այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բազմակողմանի երկխոսություն՝ քաղաքական հետաքրքրություն ունեցող կողմերի միջև:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ:
Մեկնաբանել