
Ցուցարարները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը
Այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց եւ պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
«Մերժենք Տարոնին» անունը կրող բողոքի ակցիան կազմակերպվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով: Հավաքվածները քաղաքապետարանի դիմաց պահել են «Քեզ տանելը անտանելի է, Տարոն», « Տարոն քո հերթն ա» կոչերով պաստառներ:
Ակցիայի նախաձեռնողներից Զառա Հովհաննիսյանը նշեց, որ իրենց ակցիան խաղաղ է եւ օրենքի շրջանակներում եւ որ ցուցարարները չպետք է տրվեն սադրանքների: Ասաց, որ իրենք պահանջում են Տարոն Մարգարյանի հետ հանդիպում, որպեսզի նա գա եւ լսի ցուցարարների տեսակետներն ու պահանջները: Նրա այս խոսքից հետո ցուցարարները սկսեցին վանկարկել. «Տարոն, իջիր», ապա նաեւ «Տարոն հեռացիր»: Ցուցարարների այս կոչերին ի պատասխան` տարածքով անցնող վարորդները սկսեցին ազդանշան տալ:
Ցուցարարները քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներ են պատրաստել` դրանց ներքեւում նշելով քաղաքապետարանի ճոխ ծախսերի մասին: Նշենք նաև, որ այստեղ են «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները:
Ի դեպ, քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիաներ են եղել նաև «Իմ քայլը» շարժման ընթացքում: Այդ օրերին ցուցարարները փակել էին քաղաքապետարանի հարակից փողոցները, քաղաքապետարանի գլխավոր մուտքը` պահանջելով Տարոն Մարգարյանի հրաժարականը, ստուգել են քաղաքապետարանի մուտքերի դռները՝ համոզվելու համար, որ դրանք բաց են բողոքի ակցիաներին միանալ ցանկացող քաղաքապետարանի աշխատակիցների համար:
Նշենք, որ նախաձեռնության անդամները Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով նաեւ առցանց ստորագրահավաք են սկսել:
Մեկնաբանել