
Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին ԱԺ-ում կփոխարինեն Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը
Ինչպես արդեն հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ի պաշտոնե պետք է հրաժարվեն պատգամավորական մանդատից։ Ե՛ւ Փաշինյանը, և՛ Միրզոյանը ընտրվել են ռեյտինգային ընտրակարգով, այսինքն նրանց փոխարեն խորհրդարանում պետք է հայտնվեն պատգամավորի այն թեկնածուները, որոնք համապատասխան ընտրատարածքում ըստ ցուցակի հաջորդել են Փաշինյանին և Միրզոյանին։
Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր Երևանի կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից։ Այդ ընտրատարածքում Փաշինյանից հետո հաջորդ համարը ՔՊ վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն է։ Սիմոնյանը խորհրդարանական ընտրություններում չորրորդ ընտրատարածքում ստացել է 1870 ձայն։ Համապետական ցուցակի 14-րդ համարն է։ Ալեն Սիմոնյանը Արարատ ամսագրի և araratnews.am կայքի գլխավոր խմբագիրն է, ունի իրավագետի և քաղաքագետի որակավորում, անցել է պարտադիր զինվորական ծառայություն։ Հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր»՝ նախ հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի, ապա՝ կուսակցության վարչության անդամ։
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը խորհրդարանական ընտրություններում առաջադրված էր Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում, ցուցակի հաջորդ համարը ՔՊ վարչության փոխնախագահ, նորանշանակ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն է, Հարությունյանից հետո ցուցակում հաջորդը ՔՊ անդամ Հրաչյա Հակոբյանն է։ Նա ստացել է 3390 ձայն, համապետական ցուցակի 19-րդ համարն է։ ՔՊ վերահսկիչ հանձնաժողովի անդամ է։ Հակոբյանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, աշխատել է Խամաճիկների թատրոնում, Կամերային երաժշտական թատրոնում, նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում և հեռուստանախագծերում։ 1998-2000 թվականներին անցել է պարտադիր զինվորական ծառայություն։
Լուսանկարում՝ ձախից՝ Ալեն Սիմոնյանը, աջից՝ Հրաչյա Հակոբյանը։
Մեկնաբանել