
Բողոքի ակցիա՝ ընդդեմ Երևանի 2800-ամյակի առթիվ բարեկարգվող այգում կատարված ծառահատումների
16:03
Այս պահին քաղաքապետարանի շենքի դինաց հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ցուցարարները արդեն տեւական ժամանակ է փորձում են մուտք գործել քաղաքապետարանի շենք, սակայն նրանց արգելում են: Ցուցարարները նշում եմ, որ տարածքում կան սադրիչներ, ովքեր արգելում են ցուցարարներին մտնել շենք եւ փորձում բախում հրահրել:
15:28
«Ելք» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը քիչ առաջ քաղաքապետարանի շենքի առաջին հարկ հասնելով` մոտեցավ այնտեղ կանգնած` քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանին եւ ասաց` «Քո բաժնի աշխատակիցները ցուցարարներին բրթելու համար չեն» եւ հեռացավ:
Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի մուտքի դիմաց կանգնած տղամարդիկ ցուցարարներին արգելում են ներս մտնել: Նրա փոխանցմամբ՝ արգելողները այս բաժնի աշխատակիցներն են: Նրա խոսքով` քիչ առաջ այնտեղ կանգնած է տեսել այդ աշխատակիցներին, սակայն դժվարացավ նրանց անուններն ասել:
Նշենք, որ քաղաքապետարանի մուտքի դիմաց լարված իրավիճակ է, անծանոթ տղամարդիկ կանգնել են մուտքի մոտ եւ ցուցարարներին արգելում են ներս մտնել` փակելով ճանապարհը:
15:03
Այս պահին Երեւանի քաղաքապետարանի ներսում լարված իրավիճակ է: Քաղաքապետարանի դիմաց հավաքված ցուցարարներն ամեն կերպ փորձում են մտնել շենք, որքան էլ անվտանգության աշխատակիցները խիստ հսկողություն են սահմանել մուտքի մոտ:
14:50
Հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Նրանց արգելում են մուտք գործել շենք եւ միանալ քաղաքապետարանի ներսում բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին: Ցուցարարները փակել են Արգիշտի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցները, երթեւեկությունը դադարել է:
14:19
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը դիմել է ոստիկանությանը: Գրավոր դիմումում ասված է.
«Հարգելի պրն Օսիպյան,
օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք` խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։
Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։
14:16
Երեւանի քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցները քաղաքապետարան եկած ցուցարարների նոր խմբին արգելում են մտնել շենք եւ միանալ Տարոն Մարգարյանի աշխատասենյակի առջեւ բողոքի ակցիա իրականացնողներին:
13:52
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ցուցարարներին առաջարկեց քաղաքապետարանի այլ մասնաշենքում հանդիպել Տարոն Մարգարյանին, փոխքաղաքապետերին եւ համապատասխան վարչության պետերին՝ հուզող խնդիրները լուծելու համար: Սակայն ցուցարարները հրաժարվեցին՝ ասելով, որ քաղաքապետին սպասում են այստեղ՝ իր աշխատասենյակի առջեւ:
13:28

13:24
Քաղաքապետարան մտած ցուցարարները Տարոն Մարգարյանի աշխատասենյակ են հասել եւ շարունակ բղավում են՝ Տարոն, հեռացիր: Ցուցարարները ձեռքերը վերեւ են պարզել՝ ցույց տալով, որ իրենց ակցիան խաղաղ է:
13:14
Ցուցարարներից ոմանք մտել են Երեւանի քաղաքապետարանի շենք եւ բղավում են` «Տարոն, հանցագործ», «Տարոն, իջիր»: Նրանք ցանկանում են այգու ծառահատումների վերաբերյալ պարզաբանում ստանալ անձամբ քաղաքապետից:
Չնայած փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի եւ քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցների ջանքերին` ցուցարարները մտան քաղաքապետարան եւ այս պահին քաղաքապետարանի հարկերով բարձրանում են` վանկարկելով՝ «Տարոն, հեռացիր»:
13:08


12:51
Բողոքի ակցիայի մասնակիցներին Երեւանի քաղաղաքապետարանի բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն ասաց, որ 40-45 բարձրարժեք ծառ է տնկվելու այգում, շատրվաններ են կառուցվելու եւ դրանց հարեւանությամբ տնկվելու են նոր ծառեր: Նրա փոխանցմամբ` հատված ծառերը փտած են եղել, 50 տարվա հնության եւ արդեն վտանգավոր էին: Ցուցարարները վարչության պետից հստակ ապացույցներ պահանջեցին, որ այդ ծառերը փտած են եղել: Նա նշեց, որ սեպտեմբերին նոր այգի կլինի եւ քաղաքացիները կտեսնեն, թե ինչպիսի տեսք այն ունի:
Այստեղ է նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը: Ցուցարարները պաշտոնյաներին մեղադրեցին առանց հանրային լսում կազմակերպելու նման ծավալի ծառահատում իրականացնելու համար:
12:28


12:14
Երեկ համացանցում հրապարակվեց Երեւանի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում, Երևանի 2800-ամյակի առթիվ բարեկարգվող այգու լուսանկարը, որից պարզ դարձավ, որ բարեկարգման աշխատանքների անվան տակ ծառահատումներ են կատարվել: Այդ փաստը շատերի զարմանքն ու զայրույթն առաջացրեց եւ այսօր արդեն բողոքի ակցիայի առիթ դարձավ:
Տասնյակ ցուցարարներ եւ բնապահպաններ են այժմ հավաքվել Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Ցուցարարների մի մասը քիչ անց պատրաստվում է գնալ այգի եւ ներսից տեսնել, թե ինչ վիճակում է այն, քանի ծառ է հատվել եւ ինչ աշխատանքներ են կատարվել:
Քաղաքացիները երեկ սոցիալական ցանցերում տարածում էին լուսանկար, թե ինչպիսին էր այգին մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարումը, և ինչ տեսք ունի այն այժմ:
Երեկ Երևանի քաղաապետարանը պարզաբանեց, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր:
Քաղաքապետարանը հավաստիացնում է, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:
Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին բարեկարգվում է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից և նվիրվելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
Հավելենք, որ այս այգում կատարված գիշերային ծառահատումների մասին ահազանգել էինք դեռևս փետրվարի 3-ին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել