HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նորակերտի համայնքապետարանում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Մայիսի 29-ին Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ «Հետք»-ում հրապարակված «Բուժկետի, համայնքապետարանի շենքերը, մանկապարտեզի հարակից այգին օտարվել են Նորակերտի համայնքապետի ընտանիքի անդամներին» վերտառությամբ հոդվածը Արմավիրի մարզի դատախազությունից ուղարկել են ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու ցուցումով: Ոստիկանություն էր ուղարկվել նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի կողմից Նորակերտի համայնքապետարանին վերաբերող՝ ՀՀ գլխավոր դատախազությանը հասցեագրված գրությունը, ինչպես նաև համայնքի բնակիչների դիմում-պահանջը՝ նախապատրաստվող նյութերին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար:

Արմավիրի մարզի Նորակերտի համայնքապետարանում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնին:

Նորակերտ համայնքի ղեկավար Շահեն Կարապետյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ քննություն է ընթանում, և այս փուլում կոնկրետ որևէ բան չի կարող ասել:

Համայնքապետի փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ բացարձակ մտավախություն չունի, որ Շահեն Կարապետյանին մեղադրանք կառաջադրվի, քանի որ առաջնորդվում են օրենքով, որի դեպքում մեղադրանք առաջադրելու հիմքը բավարար ապացույցների համակցությունն է, ոչ թե քաղաքացիների բողոքը:

«Այս պահին շատ վաղ է գնահատականներ տալ մեղադրանք առաջադրելու կամ որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Որպես Շահեն Կարապետյանի շահերի պաշտպան` գտնում եմ, որ նրա կողմից չկա հանցագործության կատարման մասին որևէ հանգամանք, քրեորեն հետապնդելի որևէ արարք չի կատարել: Քանի որ շատ վաղ փուլում է քննությունը, եկեք գնահատականներ չտամ»,-ասաց փաստաբան Մակինյանը՝ կոչ անելով հարգել նաև մարդու անմեղության կանխավարկածը:

Տեղեկացրել էինք, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը «Հետք»-ի մայիսի 15-ի՝  «Բուժկետի, համայնքապետարանի շենքերը, մանկապարտեզի հարակից այգին օտարվել են համայնքապետի ընտանիքի անդամներին» վերնագրով հրապարակման և նախարարության աշխատակիցների՝ Նորակերտ համայնքում կատարած ուսումնասիրության արդյունքների հիման վրա դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Նախարարը հայտնել էր, որ Նորակերտ համայնքի ղեկավարի և ավագանու իրականացրած գործողություններում առկա են քրեական օրենսդրությամբ սահմանված հանցակազմի առերևույթ տարրեր և խնդրել էր քրեական գործ հարուցել։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի դատախազությունը մեր նույն հրապարակումն ուղարկել է ոստիկանության Էջմիածնի բաժին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը փոխանցել էր, որ դատախազությունից հրապարակումը ստացել են, պարզում են հանգամանքները, կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter