
Կապանի կոմբինատում գործադուլը դադարեցված է. կողմերը համաձայնության են եկել
Այսօր առավոտյան Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի՝ ամսի 25-ից գործադուլ սկսած աշխատակիցները հանդիպել են Սանկտ Պետերբուրգից ժամանած «Պոլիմետալ» ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև կոմբինատի տնօրեն Դմիտրի Ուշկովը:
Հիշեցնենք, որ գործադուլավորները պահանջում էին աշխատավարձերի 40 տոկոս բարձրացում:
Գործադուլի մասնակցի փոխանցմամբ՝ բանակցությունները հաջողությամբ եմ ավարտել: Աշխատակիցներից կազմված 13-հոգանոց հանձնաժողովը ներկայացրել է աշխատակիցների պահանջները: Իր հերթին ռուսական ղեկավարությունն առաջարկել է 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, բացի դրանից, ինչպես մեզ հայտնեց աշխատակիցներից մեկը, խոստացել են վերանայել գիշերային հերթափոխի և վտանգավորության վարձատրության չափն ու պարգևավճարների համակարգը: «Այս ամենը որ գումարենք, մոտ 40 տոկոսի է հասնելու»,- ասել է մեր զրուցակիցը:
Գործադուլի մասնակիցները նաև պահանջել են, որ հացադուլի 6 մասնակիցների նկատմամբ դադարեցվեն ոստիկանության հետապնդումները, և իրենք գրավոր փաստաթղթով ստանան զանգվածային կրճատումներ չանելու խոստումը:
Աշխատակիցը, որ 15 տարի հանքափոր է աշխատում կոմբինատում, տեղեկացրել է, որ վաղը՝ ժամը 13:00-ին, դարձյալ հանդիպելու են ընկերության ներկայացուցիչներին՝ քննարկելու աշխատավարձերի, ինչպես նաև հանքի անվտանգության հարցերը:
Նա նաև ավելացրեց, որ վաղն առավոտյան աշխատանքի է գնալու:
Մեկնաբանել